Ես պատրաստ եմ մարդկանց օգնել ե՛ւ հոգեբանական, ե՛ւ մարդկային ամեն տեսակ բաներով

Ես պատրաստ եմ մարդկանց օգնել ե՛ւ հոգեբանական, ե՛ւ մարդկային ամեն տեսակ բաներով

Զրուցել ենք «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու, Արարատի մարզում առաջադրված Սեդրակ Թեւոնյանի հետ։

- Ինչպե՞ս եք ընդգրկվել «Իմ քայլը» դաշինքի Արարատի մարզի ռեյտինգային ցուցակում։

- Թիմն է որոշել, որ ես մասնակցեմ ընտրություններին, եւ դա համարում եմ մեծ առաջարկ՝ որպես մարդ տեսակի համար։ Ես էլ ընտրել եմ իրենց, որպեսզի կարողանամ անել ամեն հնարավորը մեր ժողովրդի համար։

- Օրինակ, ի՞նչ չեն արել նախորդ գումարումների պատգամավորները, որը պետք է լրացնեք Դուք։

- Պատգամավորները, բացի մարդկանց ինքնասիրությանը կպնելուց, ուրիշ ոչ մի բան չեն արել։ Մարդկանց ինքնասիրությանը կպնելով, նվաստացնելով՝ իրենք բերեցին այս մեծ դժբախտությանը, դրա համար այս վիճակում է երկիրը։ Ես պատրաստ եմ կոնկրետ մեր մարզում լիքը մարդկանց…, մեր վարչապետն ինչպես ասում է՝ «դուխով»… որպեսզի իրենք դուրս գան այդ վիճակից, այդ վիճակը պատիվ չի բերում ո՛չ արարատցուն, ո՛չ էլ հայ ժողովրդին։

- Այսինքն՝ պատրաստվում եք մարդկանց հոգեբանական  խնդիրնե՞րը լուծել։

- Ե՛վ հոգեբանական, ե՛ւ ամեն տեսակի, մարդկային ինչ լավ բաներ կան, ես ամեն տեսակով պատրաստ եմ ժողովրդի հետ իր կողքին լինել, իմ մարզի համար ամեն ինչ անել։

- Օրինակ, առաջին օրենսդրական նախաձեռնությունն ի՞նչ ոլորտի վերաբերյալ է լինելու։

- Դեռ վաղ է խոսել այդ մասին, որովհետեւ մենք թիմային աշխատանք են տանելու։ Հիմա ամենաառաջնայինը համարում եմ, որ մարդկանց արժանապատվությունը վերականգնվի, ամեն  մարդ հասկանա, որ պետք է ապրի լավ երկրում։

- Շատերը համարում են, որ իրենց արժանապատվությունն արդեն վերականգնվել է։

- Դա դեռ կերեւա դեկտեմբերի 10-ին, պարզ կլինի՝ մենք ինչ ենք ուզում, որտեղ ենք ուզում ապրել ու ինչ ձեւով։

- Ընդունենք, որ ժողովուրդը տեղ կհասցնի իր քվեն, ի՞նչ եք անելու դրանից հետո։

- Դրանից հետո ամեն մարդ պետք է իմանա իր գործը, ամեն մարդ իմանա իր տեղը, պետք է իմանա, որ առաջվանը չի, պետք է աշխատեն բնականոն այնպես, ինչպես վայել է հայ մարդուն, ճիշտ մարդուն։

- Դուք 28 տարեկան եք, ինչո՞վ եք զբաղվել, ի՞նչ կրթություն ունեք, կարո՞ղ եք պատգամավոր աշխատել։

- Ավարտել եմ Գյուղինստիտուտի գինեգործության ֆակուլտետը, մասնակցություն եմ ունեցել մեր ընտանեկան բիզնեսներին։ Մասնակցել եմ ընտրական պրոցեսներին, եղել եմ վստահված անձ, փորձել եմ անել ամենաամենան, որպեսզի ժողովրդի ձայնը չոտնահարվի։

- Ձեր հայրիկն Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ է, Դուք «Իմ քայլով» եք գնում, ընտանիքում տարբեր դավանա՞նք ունեք։

- Այո, իմ հայրիկը «Հանրապետությունից» է մասնակցել, բայց հայրիկս կուսակցություն չի ունեցել երբեւիցե, իրենք Արամ Սարգսյանի հետ բարեկամներ են, Վազգեն Սարգսյանն էլ իմ հոր ընկերն է եղել, Արամ Սարգսյանն էլ եղել է ու լինելու է, բայց դա ոչինչ չի նշանակում։

- Ընկերոջ եւ որդու միջեւ ընտրությունը դժվար չի՞ կայանալու։

- Ես իր տղան եմ, Դուք ո՞նց եք կարծում, իմ հայրն այդ տեսակը չէ, որ իր տղային թողնի։

- Մարզում ազդեցիկ ընտանիքների հետ մրցակցություն կա՞, Գրիգորյանները, Աբրահամյաններն այս ընտրություններին չեն մասնակցում, բայց կարծես թե դիտորդ չեն լինելու։

- Այո, կա այդ խնդիրը, բայց ես ուզում եմ հավատալ, որ մեր ժողովուրդն արդեն փոխվել է ու էլ չի առաջնորդվելու ընկեր, բարեկամ… Պարոն վարչապետն իր քայլն արեց, հիմա հերթը ժողովրդինն է։ Դուք կարող եք պարզել՝ Արարատում մարդիկ ինչպես են ապրել, խաբելով ու վախի մթնոլորտով պետություն չեն կառուցում, այդ ամենը պետք է վերանա։

- Իսկ ինչո՞ւ է ՔՊ-ական մարզպետը շարունակում հին ավանդույթները, հրահանգավորում է համայնքապետերին։

- Ես չեմ հավատում այդ լուրերին, մարզպետը չի կարող իրեն նման բան թույլ տալ, քանի որ ինքը վարչապետի նշանակած մարզպետն է։

- Եթե Դուք չեք հավատում, ուրեմն չկա՞ նման բան։

- Տա աստված, որ սուտ լինի, ես չեմ ուզում հավատալ, որովհետեւ այդ դեպքում նմանվում ենք նախորդներին, որը լավ բանի չի տանում։