Հպարտանալու առիթ չկա, մտորելու՝ ինչքան ասեք

Հպարտանալու առիթ չկա, մտորելու՝ ինչքան ասեք

Հարցին, որ ԼՂ կարգավորման բանակցություններում ակնհայտորեն քննարկվելու է փոխզիջումային տարբերակ, ինչն էլ, հավանաբար իրենից հողերի վերադարձ է ենթադրելու՝ ինչ-որ բանի դիմաց, Դաշնակցությունը նման սցենարի պատրա՞ստ է, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանում է, որ իրենք ժամանակին աշխատել են Արցախի սահմանադրական փոփոխությունների վրա, որտեղ սեւով սպիտակի վրա շատ հստակ գրված է լուծման դրամաբանությունը:

«Եւ մենք այդ տրամաբանությունն ենք պաշտպանում, որ գրված է 175-րդ հոդվածում՝ Արցախի իշխանությունների լիազորությունը փաստացի այսօրվա ազատագրված տարածքների վրա տարածվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի ճանաչվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ոչ թե ԼՂ ինքնավար մարզի անկախությունը եւ չի վերականգնվել նրա տարածքային ամբողջականությունը»:

Ստացվում է, որ Դաշնակցությունը նույնպես աշխատել է Արցախի սահմանադրական փոփոխությունների վրա: Բայց Արմեն Ռուստամյանը զուր է խնդրո առարկա 175-րդ հոդվածի առթիվ հպարտություն դրսեւորում: Նախ՝ համանման հոդված ուներ նաեւ 2006թ. ընդունված սահմանադրությունը:

Երկրորդ, դա տարընթերցումների եւ քաղաքական իրավիճակից բխած մեկնաբանությունների առիթ տվող ձեւակերպում է. «Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրա­կա­նացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրա­պետության իրավազորության ներքո»:

Երրորդ, խոսքը ոչ թե այդ տարածքի նկատմամբ պետական ամբողջական իրավազորության, այլ ընդամենը փաստացի հանրային իշխանության իրականացման մասին է:

Չորորդ եւ ամենակարեւորը՝ տվյալ հոդվածը սահմանադրության 163-րդ հոդվածով չի դասված անփոփոխելի հոդվածների կարգին: Այսինքն, ենթակա է փոփոխության: Եւ չկա այդ լուրջ բացթողումը վերացնելու սահմանադրական մեխանիզմ, քանի որ անփոփոխելի է սահմանված նաեւ հենց այդ՝ անփոփոխելի հոդվածներ սահմանող՝ 163-րդ հոդվածը: Այնպես որ, հպարտանալու բան չկա:

Դաշնակցությունը, մեղմ ասած, շատ անփույթ է աշխատել Արցախի սահմանադրական փոփոխությունների վրա: Այլապես Արցախի սահմաններին վերաբերող հոդվածը չէր լինի սահմանադրության վերջինը, այն էլ՝ քաղաքական կոնյունկտուրայից կախված՝ փոփոխության ենթակա: