Ցնցող բացահայտումներ Սոչիի օդանավակայանի հայ աշխատակցուհու հետ խոսակցության ձայնագրությունից

Ցնցող բացահայտումներ Սոչիի օդանավակայանի հայ աշխատակցուհու հետ խոսակցության ձայնագրությունից

Համացանցում հայտնվել է  մի ձայնագրություն, որը վկայում է, որ Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցների՝ աշխատանքից  ազգային պատկանելության հողի վրա ազատվելու մասին բողոքները ոչ միայն ճիշտ են, այլև այն  բացահայտում է, որ նման որոշումները կայացվում են ոչ թե օդանավակայանի ղեկավարության, այլ «ինչ-ինչ ծառայությունների կողմից»։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ «Սոչիի միջազգային օդանավակայան» բաժնետիրական ընկերության աշխատակիցները տեղեկացրել էին, որ 2-րդ տարին է՝ անձնակազմի զտումներ են տեղի ունենում ազգային պատկանելության հետ կապված։ Աշխատանքից ազատվում են բոլոր նրանք, որոնք ունեն հայկական ազգանուններ։ 

Ըստ նամակագիրների՝ կոլեկտիվի ընդհանուր ժողովներում հայտարարում են, որ նույնիսկ ռուսական ազգանունով, սակայն հայկական արմատներով աշխատակիցները պետք է ազատվեն մինչեւ այս տարվա սեպտեմբերի մեկը։ «Մենք պարզապես ուզում ենք աշխատել, նորմալ ապրել, կերակրել մեր ընտանիքները եւ լինել վստահ, որ մեր երեխաների եւ թոռների ապագան կայուն է։ Խնդիրը առնչվում է այժմ դեռ աշխատող 200 աշխատակիցների եւ արդեն ազատված 100 աշխատակիցների, եւ եթե հաշվի առնենք նաեւ նրանց ընտանիքների անդամներին, ապա խնդիրը կառնչվի առնվազն հազար մարդու»,-ասված է նամակում։  

Ազատել են անգամ անցած տարի սեպտեմբերի 1-ին ողբերգական պատահարի զոհ դարձած Վլադիմիր Բեգինյանի հարազատ եղբորը, ով փրկել էր «Յութեյր» ընկերության այրվող ինքնաթիռի ուղևորներին։

Գաղտնի արված ձայնագրության մեջ խոսակցությունը սկսվում է այն պահից,  երբ մի կին հայուհուն հարցնում է․ « Ինչո՞ւ ես Պուտինին բողոք-նամակ գրել։ Քո ազգանունն այնտեղ հնչել է», ինչին ի պատասխան՝ հայուհին ասում է․«Ես ոչինչ չեմ ստորագրել, բայց այն իրավիճակն էր, այն ալիքը, երբ… », ինչին ռուս աշխատակցուհին արձագանքում է․«Խնդրել էի չէ՞ Ձեզ մեղմորեն լռել»։ Ապա ռուս աշխատակցուհին ասում է․ «Չլիներ նախագահին ուղղված բողոքում  քո ազգանունը․․․ Քեզ սա պարզապես ասում եմ, չեմ ասում , որ ազդարարես։ Ես քեզ նման բան չեմ ասել, բայց բոլոր բողոքները, հասկանո՞ւմ ես․․․  »։ Հայուհին էլ պատասխանում է․«Պատճառն (աշխատանքից ազատվելու) այդ նամա՞կն է, բողո՞քը», ինչին ի պատասխան ռուս կինն ասում է․ «Այո, բողոքը, մեզ մոտ չեն սիրում, երբ ինչ-որ մեկը բողոքում է։ Պետք էր լռել, սպասել, ինչո՞ւ այնտեղ խցկվեցիր»։ Հայն էլ պատասխանում է․«Այն ժամանակ ոչինչ որոշված չէր», ռուսը՝ ․«ինչպե՞ս թե որոշված չէր, ես բոլորին ասել էի՝ ում, ինչ։ Եվ հետո․․․ չկար որոշում տեղդ նստեիր, լռեիր, ինչու՞ Խաչարյանը նստել և լռում էր։ Մինչև հոգու խորքը վիրավորված էր,  լացը գալիս էր, վիրավորական էր, բայց լռում էր, հասկանո՞ւմ ես։ Եթե մյուսներն էլ լռեին, միգուցե ամեն ինչ այլ կերպ լիներ, ինչո՞ւ արեցիք»։

Ի վերջո, հայուհին կրկնում  է, որ բողոքել է, որովհետև վիրավորական է եղել, ռուս կինն էլ խորհուրդ է տալիս՝ «վիրավորական է, բայց լռիր»։ Հայուհին շարունակում է՝  վիրավորական է, որովհետև խտրական վերաբերմունքի է արժանանում ազգային պատկանելության պատճառով, ռուս կինն էլ ընդհատում է ՝ասելով․«Ի՜նչ կապ ունի ազգությունը։ Քո մայրը ռուս է, դու ինչ կապ ունես, քո ազգանունը,պարզապես քո հայրը․․․»։ Հայուհին՝ հեգնանքով նկատում է․«Պարզապես իմ հայրը»։ 
Հետո ռուս աշխատակցուհին տեղեկացնում է, որ ինչ-ինչ քայլեր էին ձեռնարկել աղջկա համար, բայց թե, գրողը տանի, ինչո՞ւ է «երևակվել»։ 

Պակաս ցնցող չէ նաև խոսակցության վերջաբանը, երբ ռուս կինն ասում է, որ ամեն ինչ չէ, որ օդանավակայանի ղեկավարությունն է որոշում, «կան որոշակի ծառայություններ, որոնք․․․»։ Այս բառից հետո այլևս ռուսը չի հստակեցնում, թե խոսքն ինչ ծառայությունների մասին է ու առաջարկում, որ հայ աղջիկը գնա ու նոր աշխատանք գտնի։