Մաքսակետի պետը ծեծի է ենթարկել գործարարին.  «Քեզ Շմայսի տե՞ղն ես դրել, ամեն ամիս սենց գռուզ ես բերում»

Մաքսակետի պետը ծեծի է ենթարկել գործարարին.  «Քեզ Շմայսի տե՞ղն ես դրել, ամեն ամիս սենց գռուզ ես բերում»

Հուլիսի 25-ի գիշերը Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին իր աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել գործարար Արթուր Խառատյանին եւ արգելել, որ նրա բեռը դուրս գա մաքսատան տարածքից։ Վերջինս գերմանական «Deutsche Post» (Գերմանական փոստ) ընկերության սեփականատերն է եւ Գերմանիայից Հայաստան առաքումներ է կատարում։
Նա պատմում է, որ երբ իր բերած բեռի մաքսային ձեւակերպումները կատարած՝ նստել է ավտոմեքենան, որ շարժվի դեպի Երեւան, Գեղամ Վանունին իր աշխատակիցների հետ իրեն դուրս է հրավիրել մեքենայից, ապա սպառնացել, հայհոյել, գոռացել եւ ի վերջո հարձակվել իր վրա։ «Քեզ Շմայսի տե՞ղն ես դրել, ամեն ամիս սենց գռուզ ես բերում»,- ասել է մաքսակետի պետը, ապա ինքն ու իր աշխատողները ծեծելով, ձեռքերը ոլորելով՝ Արթուր Խառատյանից խլել են բեռնատարի բանալին եւ մեքենան կալանավորել։ Երեկ Արթուր Խառատյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հաղորդում տալով այն մասին, թե ինչ է կատարվել Հայաստանի մաքսային սահմանում, որը պետք է բոլոր առումներով օրինակելի գոտի լիներ։ Նա նաեւ գնացել է Պետեկամուտների կոմիտե, պահանջել հետ վերադարձնել իր բեռը։

«Ես եմ ստեղ որոշում՝ վերեւից ներքեւ, արա։ «Արա»-ով էին հետս խոսում։ Լկտի մարդիկ են՝ հին հանրապետականներից մնացած։ Միշտ մաքսայինն անցնելուց իրենց 1000 եվրոն տվել-անցել եմ, հիմա որ էլ իրեն չի հասնում, պետությանն եմ տալիս, վատ ա զգում»,- ասում է Արթուր Խառատյանը։ Նա մեզ պատմեց իր հետ կատարվածի մասին։ «Մաքսավորները չներկայացան։ Երբ խնդրեցի ներկայանալ, ասեցին՝ դու ո՞վ ես, որ մենք քեզ ներկայանանք։ Երկու-երեք հոգով կողքերս էկան, բռունցքներով խփում էին փորիս, քացով՝ ոտքիս։ Վանաձորից մաքսայինի պետի տեղակալ կար՝ Մելիքյան անունով, մի լկտի՝ դա խփեց առաջինը»։
Ծեծկռտուքի պատճառը մաքսազերծման ժամանակ առաջացած տարաձայնություններն են եղել։ Արթուր Խառատյանը, ով Գերմանիայի քաղաքացի է եւ 2017 թվականից փոստային առաքումներ է կատարում այս երկրից, ասում է, որ մշտապես խնդիրներ ունի, քանի որ Բագրատաշենում չեն կարողանում լրացնել բեռն ուղեկցող փաստաթղթերը՝ ցիմերները։ Ստիպված՝ նա իր հետ է բերում արդեն լրացված ձեւը, եւ այս անգամ մաքսավորները տարբերություն են նկատել բեռի՝ փաստաթղթերում նշված եւ իրական կշռի միջեւ։
Նա պատմում է, որ տարաձայնությունը մաքսակետի պետի հետ առաջացել է այն բանից հետո, երբ վերջինս հայտնաբերել է, որ բեռի քաշը չի համապատասխանում ուղեկցող փաստաթղթում նշված քաշին։ «Հայաստանում մեքենան կշռվել է, բեռը պլոմբել են, բեռը չի կարող կորել։ Ես այն բերելու էի Երեւանի կարգո, այստեղ բոլոր իրերը հանվելու էին, ես իմ թղթերով ծանրոցները հատիկ-հատիկ կշռելով՝ տալու էի մարդկանց։ Էդ ուղեկցող փաստաթղթերը նշանակություն չունեն»,- բացատրում է գործարարը։

Միջադեպի ականատեսն է եղել Սարիբեկ Ջանոյանը, որն ուղեկցելիս է եղել Արթուր Խառատյանին։
Ահա թե ինչ պատմեց նա «Հրապարակին»․ «Մենք Բաթումից եկել ենք մոտ երկու տոննայի չափ բեռով։ Արթուր Խառատյանը թղթաբանությունն արեց՝ նորմալ ձեւով, իրենք պլոմբները խփեցին ավտոյի վրա, որ մենք արդեն պատրաստվում էինք դուրս գալ, մոտեցավ մի հատ ջիպ, միջից իջան մարդիկ՝ աշխատողներ, եկան նայեցին, հարցրեցին՝ ո՞վ ա պլոմբել։ Արթուրն էլ մոտեցավ, թղթերը ցույց տվեց։ Իրենք նայեցին պլոմբները։ Բա՝ մենք չենք թողնում սենց պլոմբներով դուրս։ Իջան, Արթուրն ասեց՝ կարգո կա, տանելու եմ կարգո։ Էդ պետն ասեց՝ դու ո՞վ ես, որ կարգոյով բերես։ Սկսվեց վիճաբանություն։ Իրենք իրենց տոնայնությունը բարձրացրին, բա՝ քեզ ո՞վ ա թողել, ամիսը քանի՞ անգամ ես գալիս սենց։ Հետո որ տարան մեքենան, նորից կշռեցին, հետ եկան, երկու հոգով էին, սկսեցին Արթուրին հրել, խփել ու էլ չթողեցին, որ բեռը տանենք։ Ասեցին՝ էս բեռը ստեղից չպետք է դուրս գա»։  
Արթուր Խառատյանը գնացել է ԱԱԾ, ապա՝ ՊԵԿ, պահանջել, որ իրավապահները զբաղվեն մաքսակետի պետի վարքով։ Գործարարը կատարվածն այնքան արտառոց է համարում, որ չի հավատում, թե մաքսավորներն իրենց կամքով են գործել։ Նա սկսել է ենթադրել, որ կատարվածն իր մրցակիցների կազմակերպածն է։ «Deutsche Post» ընկերությունը հայաստանյան շուկայում մրցակցում է «Հայփոստի» եւ այլ՝ ավելի մանր կազմակերպությունների հետ, սակայն թե ինչ առնչություն նրանք կարող էին ունենալ մաքսավորների հետ, Խառատյանը չի պատկերացնում։

Պետեկամուտների կոմիտեին խնդրեցինք մեկնաբանել կատարվածը։
«Ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 25-ին Բագրատաշենի անցակետում տեղի ունեցած դեպքի առնչությամբ քննություն է ընթանում, ուստի ավելի մանրամասն տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել։ Արեւելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները գործել են օրենքի տառին համապատասխան, ինչը կարող են փաստել նաեւ ականատեսները: Բացի այդ, առկա են միջադեպի վերաբերյալ տեսագրություններ, որոնք հնարավորություն կընձեռեն համապատասխան մարմիններին պարզել իրականությունը։ Բոլոր այն անձինք, ովքեր գերազանցել են իրենց պաշտոնական լիազորություններն ու պարտականությունները, միանշանակ կկրեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ», - հայտնեց ՊԵԿ մամուլի պատասխանատու Լուսինե  Մկրտչյանը։ Նկատենք, որ կոմիտեն խոսում է «վարչության աշխատակիենցրի» մասին, մինչդեռ հանցագործ վարքը դրսեւորել է, ըստ գործարարի, մաքսայինի բարձրաստիճան պաշտոնյան՝ Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին: Չի բացառվում, որ միտում կա պատասխանատվությունը գցել հասարակ աշխատակիցների վրա: Մյուս կողմից՝ ՊԵԿ պատասխանում կա հակասություն։ Մի կողմից նշվում է, որ քննություն է ընթանում, մյուս կողմից՝ որ «մաքսատան վարչության աշխատակիցները գործել են օրենքի տառին համապատասխան»։ Արժեր սպասել քննության ավարտին։