Սա կարող է դառնալ ուշացած արդարադատություն. «Մարտի 1»-ի գործով դատախազ

Սա կարող է դառնալ ուշացած արդարադատություն. «Մարտի 1»-ի գործով դատախազ

«Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի այսօրվա գործողությունները միտված են դատական նիստը ձգձգելուն, և այս վարքագիծը մենք վերագրում ենք պաշտպանական ամբողջ կողմին»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մարտի 1»-ի գործով մեղադրող Գևորգ Բաղդասարյանը՝ խոսելով այսօրվա դատական նիստի հետաձգման մասին: 

Հիշեցնենք՝ «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Արմեն Գևորգյանի ներկա չլինելու պատճառով: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը վատառողջ է, հանձնել է կորոնավիրուսի թեստ: 

Գեւորգ Բաղդասարյանի խոսքով` սա իրավունքի չարաշահում է, դատարանը պետք է սահմանափակի պաշտպանական կողմի այսպիսի վարքագիծը՝ թույլ չտալով, որ նրանք իրենց դատավարական հնարավորություններն օգտագործեն դատական նիստերը ձգձգելու նպատակով.

«Փաստարկը, որ քրեական գործը մեծ է, ճիշտ չէ, մեծ քրեական գործ մենք չենք տեսել, և հետո՝ ի՞նչ կապ ունի գործի ծավալը դատական նիստին չներկայանալու հետ։ Դատավարությանը որպես տուժող մասնակցած անձանց իրավունքները խախտվում են, որովհետև սա կարող է դառնալ ուշացած արդարադատություն՝ տուժողների համար իր բացասական հետևանքներով»։