Ողջ խառնաշփոթի պատճառը․․․

Ողջ խառնաշփոթի պատճառը․․․

Ամեն ինչ պտտվում է մի նախադասության շուրջ ու պետք է կարողանալ այդ մի նախադասության մեջ դիտարկել մեր բոլոր դժբախտությունների պատճառը։ Այդ մի նախադասությունը բոլորդ գիտեք, օրվա մեջ հազար անգամ օգտագործում եք, բայց չգիտես ինչու, ամեն ինչին կարևորություն եք տալիս, բայց գնահատական տալու ժամանակ անտեսում եք այդ մի նախադասությունը։ Այդ մի նախադասությունը անընդհատ հնչեցնում է  Պուտինը, երբ ասում է, որ Ռուսաստանն ի՞նչ կարող էր անել, երբ ձեր երկրի ղեկավարը Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Այդ մի նախադասության դեմ մանրևային ողջ զինանոցով աշխատում է Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանը մեզ չի օգնել, չի օգնել, չի օգնել․․․ Ռուսաստանն  ու ողջ աշխարհը ընդունենք, որ մեղավոր են Արցախի հանձնման գործում, ինչպես հայտարարում է  վարչապետի պաշտոնում հայտնված անձնավորությունը։ Մարդիկ կարող են հասկանալ, երբ օտարի ձեռքով ինչ- ինչ դավեր են նյութվում՝ սեփական երկրի շահերից ելնելով։

 Մարդիկ չեն կարող հասկանալ, երբ յուրայինն է խաղալիք դառնում ինչ- ինչ ուժերի ձեռքում ու օտարի նյութած դավերով երկիրը տանում կործանման, հանձնման, լուծարման։ Ու հենց սա է այն գլխավոր պատճառը, որ հնարավոր չի լինելու մարդկանց համոզել, որ Արցախը այս կամ այն գործոնով է հանձնվել։ Հնարավոր չի լինելու, որովհետև Արցախը հանձնելու գործում ՀՀ իշխանության կողմից թեկուզ կեղծ բանակցային  դիմադրություն չի եղել։ Օտար պետությունների կողմից եղել է, բայց Հայաստանի կողմից ոչ մի դիմադրություն չի եղել՝ Արցախը հանձնելու առումով։ Քաղաքագետները, փորձագետները դա տեսնում ու արձանագրում  են․ Հայաստանը սինխրոն  աշխատել ու աշխատում է Ադրբեջանի հետ։ 

Այդ մի նախադասությունից՝ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է մտնում, այն կողմ ոչ մի պատճառ չկա, որ Ադրբեջանը Արցախի ղեկավար կազմի հետ վարվում է, ինչպես ուզում է։ Այդ մի նախադասությունն է պատճառը, որ Ադրբեջանը իրավունք է ստացել Արցախի ղեկավարների, հերոսների նկատմամբ վարվել այնպես, ինչպես ուզում է։ Այդ մի նախադասության պատճառով է, որ Արցախը էթնիկ զտման է ենթարկվել։ Եվ վերջապես այդ մի նախադասությունից հետո աշխարհում չի գտնվի որևէ երկրի  ղեկավար, որ կխառնվի Ադրբեջանի ներքին գործերին, կասի՝ ինչու՞ եք դատում Արցախի նախագահներին, հերոսներին։ Արցախ չկա։ Կա Ադրբեջան։ Երբ շատ վերլուծաբաններ գրում են, որ Նիկոլ Փաշինյանն է Ալիևին ասել, թե ում բռնի կամ ում բաց թողնի, դա սիրողական ժանրից է։ Ալիևը տիրապետում է ողջ գործընթացին և նախագահներին ձերբակալելը նրա գործառույթի մեջ է մտնում։

Նա հասկացնում է, որ Արցախը իմն է, իմ տարածքն է, և ես կարող եմ համապատասխան հոդվածով ձերբակալել իմ քաղաքացուն։ Շատերը մեկնաբանում են, որ  նրանց գերի են վերցրել։ Բայց այստեղ էլի Նիկոլ Փաշինյանի նախադասությունը սրով կտրում է՝ Արցախը Ադրբեջան է։ Ինչպե՞ ս կարող է պետության ղեկավարը գերի վերցնել իր քաղաքացուն։ Ինչպիսի շրջապտույտներ էլ կատարենք,գալու ենք նույն ցավոտ նախադասությանը, որով Նիկոլ Փաշինյանը Պրահայում, հետագայում էլ այլ վայրերում հայտարարել է, որ Արցախը Ադրբեջան է։ Ողջ խառնաշփոթի պատճառը ձեր դիմաց է։