Անհապաղ միջոցներ են պետք Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Անհապաղ միջոցներ են պետք Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Անհապաղ միջոցներ են անհրաժեշտ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար։  Այդ մասին ԵԱՀԿ մշտական խորհրդի արտահերթ նիստում  կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթին։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում մանրամասն ներկայացրել էր Արցախում տիրող օրհասական վիճակը։ Նա նշել էր, որ առաջին անհրաժեշտության սննդամթերքի և վիտամինների պակասով պայմանավորված՝ մոտ 2000 հղի կին, 30000 երեխա, 20000 տարեց և հաշմանդամություն ունեցող 9000 անձ թերսնման պայմաններում գոյատևման պայքար է մղում: Խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, նրանցից 4678-ը շաքարային դիաբետով և 8450-ն արյան շրջանառության հիվանդություններով, գրեթե զրկված են անհրաժեշտ դեղորայք ստանալուց։
«Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման ապահովման համար»,- ասել է Լուկաշևիչը, որի խոսքերը մեջբերում է Սպուտնիկ Արմենիան։

Նա նշել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Տարածքում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է, հաստատել, որ ԼՂ բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։