«Իրևանը», ենթադրաբար, թույլ կտան պահել

«Իրևանը», ենթադրաբար, թույլ կտան պահել

Վաղուց որոշել եմ չզարմանալ ոչ մի բանի վրա, բայց, անկեղծ ասած, չի ստացվում: Իսկ նման որոշումն էլ պայմանավորված է կյանքիս փորձառությամբ: Այնքան աննորմալ ու անբնական բաներ եմ տեսել և հատկապես վերջին հինգ տարում... Բայց չզարմանալ, այնուամենայնիվ, չի ստացվում: Այս անգամ էլ զարմացել եմ Հայաստանի ինքնիշխանության առումով ճղճղան հայրենասերների մի որոշակի շրջանակի ընտրողականության առումով: Որովհետև այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում էր մեր երկրի ինքնիշխանության նկատմամբ ռուսական «ոտնահարումներին», այդ անձանցից, այսպես ասած, ազատում չկար: Թե որքան էին դրանք իրական՝ հաշվի առնելով Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի կողմից, այլ հարց է: Իսկ այդ հարցն ընդամենը ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի կողմից գեներացված հարց էր: Ինչն էլ պայմանավորված էր մեր երկրի արտաքին կողմնորոշումը փոխելու ցանկությամբ:

Բայց թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մեր հայրենիքի ինքնիշխանությունը համարյա շրիշակի մակարդակին իջեցնելու բացահայտ քայլերը, չգիտես ինչու, նույն այդ անձանց կողմից մատնվում են փիլիսոփայական անտարբերության: Իսկ որ թյուրքախոս այդ երկու երկրների ղեկավարության կողմից վերը նշված անձին պարտադրվող պահանջը ՀՀ Սահմանադրությունն ամբողջությամբ վերաձևելու առումով ինքնիշխանության ոտնահարում է՝ կարող են չգիտակցել միայն նիկոլապաշտ, զուտ տառաճանաչ կիսագրագետները: Եվ մեկ էլ, բնականաբար, վերջինիս իշխանության կերակրատաշտից օգտվող շրջանակը: Արցախի կորստյան հետ ընդմիշտ հաշտվելը, Ցեղասպանությունը մոռացության մատնելը, Արարատ սարը ՀՀ գերբից դուրս հանելն ինչ են, եթե ոչ մեր երկրի ինքնիշխանության իրական ու սպառնալից ոտնահարումներ: Սակայն, բացի գրագետ ու հայրենասեր անձանցից, այլ ձայներ կարծես թե չեն լսվում: Հա, մեկ էլ Արևմուտքի ուղղությամբ աղոթողներից, որոնք այնպես էլ չընկալեցին, որ մեր տարածաշրջանը Արևմուտքը վաղուց «հատկացրել» է Թուրքիային և նրա փոքր եղբորը: Իսկ նպատակն էլ Ռուսաստանին այստեղից հեռացնելն է: 

Զարմանալի են հատկապես ութ րոպեի «մարգարեի» (դա, ըստ իրեն, այն ժամանակն է, որն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ վերածվի ոչ ՆԱՏՕ-ական բարեկամ երկրի) կողմնակիցները: Որոնք զարմանալիորեն չեն գիտակցում, որ Հայաստանի անվտանգությունն ապահովող Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելու իրենց երազանքը 100 տոկոսով համընկնում է ցեղասպան Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի հետ: Էլ չասած դրա փոքր եղբոր՝ Ադրբեջանի, մասին: Չեն գիտակցում, որ ՌԴ-ին հեռացնելու հետևանքով Իրանը միայնակ չի կարող դիմակայել Վայոց Ձորի ու Սյունքի մարզերը զավթելու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներին: Իսկ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկված արևմտյան երկրներն ընդունելու են Ադրբեջանի միջոցով մեր հարավային մարզերը զավթելու՝ ՆԱՏՕ-ական Թուրքիայի «իրավազորությունը»: Կամ նիկոլական բառապաշարով ասած՝ լեգիտիմությունը: Եվ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն էլ ստիպված է լինելու հաշտվելու այդ կորստի հետ, որպեսզի պահպանի գոնե «Գյոկչա» լիճն ու «Իրևանը»: «Իրևանը», քանի որ Հայաստանի մայրաքաղաքն է, ենթադրաբար, թույլ կտան պահել, բայց հաստատ ոչ «Գյոկչա»-ն: Որի վրա, հիշենք, աչք ուներ արևելքից մեզ թշնամի երկրի դեռևս առաջին ղեկավար Էլչիբեյը: