Կրթության ազգային ինստիտուտի հետ կապված պլանները փոխվե՞լ են

Կրթության ազգային ինստիտուտի հետ կապված պլանները փոխվե՞լ են

Մի քանի ամիս առաջ հայտարարվում էր, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դիտարկում է այս ինստիտուտի փոխարեն ստեղծել ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող հիմնադրամ, եւ որ լուծարված ինստիտուտի աշխատակիցները, որոնց հունվարին տուն էին ուղարկել, այնտեղ աշխատելու հնարավորություն կունենան։

Հաղորդվում էր, որ Կրթության ազգային ինստիտուտի փոխարեն ստեղծվելու է կրթության ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց, «որտեղ մրցութային հիմունքներով կարող են ընդգրկվել նաեւ Կրթության ազգային ինստիտուտում աշխատող   մասնագետները»։ Մասնագետները սպասում էին։ Նրանք մեծ հույս ունեին, որ գոնե նոր ուսումնական տարվա սկզբին կհստակեցվի իրենց ճակատագիրը։ Բայց սեպտեմբերը եկավ առանց բարի լուրերի։ 
Ավելին՝ նոր տագնապ է տարածվել լուծարված ինստիտուտի երկու հարյուրից ավելի նախկին աշխատակիցների շրջանում։ Ասում են, թե նախարարությունում հրաժարվել են ԿԱԻ-ի փոխարեն պետական այլ կառույց ստեղծելու ծրագրից եւ որոշել են, որ կրթության ինստիտուտ, այսինքն՝ կրթական ծրագրերի եւ ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգերի մշակման հարցերով զբաղվող կառույց Հայաստանին առհասարակ պետք չէ։ Անորոշ է նաեւ կայարանամերձ հրամապարկում շահեկան դիրք զբաղեցնող շենքի ճակատագիրը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը հերքում է այս լուրերը։ Ճի՞շտ է, որ ինստիտուտն անվերադարձ լուծարվում է, եւ փոխարենը հիմնադրամ չի ստեղծվելու։ Այս հարցին փոխնախարարը պատասխանում է․ «Ո՞վ է ասել նման բան։ Իհարկե, ստեղծվելու է»։ Նոր տեղեկություններ այս պահին չկան, սակայն Արեւիկ Անափիոսյանն ասաց, որ Կրթության ազգային ինստիտուտի հետ կապված նորություններ կունենան երկու շաբաթից, սակայն չմանրամասնեց, թե ինչ՝ վա՞տ, թե՞ լավ նորությունների մասին է խոսքը։