Քաղաքապետարանը տարածք չունի՞ Մուղդուսյան արվեստի կենտրոնի համար

Քաղաքապետարանը տարածք չունի՞ Մուղդուսյան արվեստի կենտրոնի համար

Հարցազրույց Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադիր, նկարիչ Մարիամ Մուղդուսյանի հետ


- Մարիամ, 5 տարի է արդեն, որ Մուղդուսյան արվեստի կենտրոնը գործում է, եւ 5 տարի շարունակ կենտրոնի համար հույժ կարեւոր ու դեռ անլուծելի խնդիր է մնում տարածքի հարցը, որի պատճառով մի քանի անգամ, այդ թվում՝ հիմա, կանգնել եք փակվելու վտանգի առաջ։ Այս ընթացքում ո՞ւմ եք դիմել եւ ի՞նչ պատասխաններ եք ստացել։

- 5 տարի է՝ կենտրոնն իրականացնում է կարեւոր մի առաքելություն, որն ընկած է ընդհանրապես ցանկացած ժողովրդավար երկրի հիմքում․ ստեղծել հավասար կրթության հնարավորություն բոլորի համար։ Այդ ընթացքում տարածքը մեզ համար եղել է ծայրահեղ կարեւորության խնդիր։ Կենտրոնի հիմնադրման առաջին 2 տարում մտածում էի, որ պետք է նախ աշխատել, հասկանալ, որպես անհատ՝ կարո՞ղ եմ ստանձնել պատասխանատվության այս բեռը եւ հանրային գործունեություն իրականացնել։ 2 տարի անց ես արդեն համոզված էի իմ որոշման մեջ եւ սկսեցի օգնություն խնդրել առաջին հերթին պետական մարմիններից։ Ընդ որում՝ օգնության ակնկալիքը չի եղել միայն նյութական, ասում էինք՝ ձեր ներկայությունը, մասնակցությունը, խրախուսանքը նույնպես կարեւոր են՝ ցույց տալու համար պետություն եւ քաղաքացիական հասարակություն համագործակցությունը։ Անցած տարիների ընթացքում մենք մշտապես դիմել ենք՝ մեզ 1, առավելագույնը 2 տարով անհատույց 2 սենյակ տրամադրելու հարցով։ Դիմել ենք թե՛ հանրապետականների, թե՛ արդեն նոր իշխանությունների օրոք։ Վարձակալել տարածք, որ 210-250 հազարի սահմանում է, եւ այդպես պահել 5 տարի՝ միջին քաղաքացու համար դա ծայրահեղ ծանր բեռ է։ Նախկին իշխանություններից ստացել եմ շատ կտրուկ, մերժողական պատասխաններ, երբ ասում էին՝ ինչի՞դ է պետք այդ կենտրոնը, անգամ ասել են՝ փակիր կենտրոնդ, ո՞վ է ասել, որ բոլորը լավ կրթություն պետք է ստանան։ Բայց մեր կենտրոնը զբաղվածության կամ խնամքի կենտրոն չէ, այլ հարթակ, որտեղից հետո պատանին կարող է ընդունվել միանգամից արվեստի բուհ․ մենք ունենք օրինակներ, ուսանողներ, ովքեր այսօր սովորում են բուհում՝ կենտրոնում ստացած կրթության շնորհիվ։ Ունենք նաեւ օրինակներ, երբ երեխան բուհ չի ընդունվել, բայց իր ձեռք բերած հմտությունների շնորհիվ կարողացել է նաեւ աշխատանք գտնել, ձեռներեցության քայլեր անել, 2-3 կին արդեն իրենց սեփական փոքրիկ բիզնեսն են հիմնել, որը լուծել է իրենց զբաղվածության հարցը։ Ամենակարեւորը, որ կարողացել ենք անել ու անում ենք, դա ներառական միջավայրի ներդրումն է, որտեղ ներառականությունը ոչ թե բառ է կամ դրամաշնորհային գաղափար, այլ իրապես աշխատող, գործող մի մեթոդ է, որտեղ մենք բացառում ենք որեւէ տեսակի խտրականություն։ Իրականում այն, ինչ մենք անում ենք, պետք է անի պետությունը, այո, կան գեղարվեստի դպրոցներ, որտեղ նույնպես անվճար է կրթությունը, բայց երբ մենք խոսում ենք իրապես աղքատ ընտանիքների մասին, այստեղ խոսք է գնում նաեւ երեխաների ճանապարհածախսի մասին, ընդհուպ մինչեւ հագուստ, այսինքն՝ անվճար կրթությունը կարող է լինել միայն սառցաբեկորի 1/8-ը։ Վճարունակ ծնողների շնորհիվ մենք ձեռք ենք բերում նյութեր բոլորի համար, թեեւ վճարունակ ընտանիքների երեխաները որպես կանոն չեն հաճախում մեզ մոտ կամ շատ քիչ (տարեկան 7-9 երեխա), քանի որ մարդիկ կան՝ չեն ուզում, որ իրենց երեխաները սոցիալապես անապահով կամ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ միասին գան դասի։ Եվ սա մեր ամենամեծ մարտահրավերներից է։ Ես եւ մեր թիմը, ինչքան թույլ են տվել մեր հնարավորությունները, արել ենք մաքսիմումը՝ 200-ից ավելի երեխայի տվել ենք անվճար կրթություն, որը վատ ցուցանիշ չէ։ Նախկին իշխանություններից մերժումների թիվը կորցրել եմ՝ 20-ից ավելի պաշտոնական եւ ոչ պաշտոնական մերժումներ։ Ավելի տխուր փորձ, քան նախկին քաղաքապետարանի հետ ունեցած մեր շփումն էր, դեռ չունենք։

- Իսկ ներկայիս քաղաքային իշխանություններին դիմե՞լ եք, ի՞նչ պատասխան եք ստացել։

- Նախ ուզում եմ նշել, որ փոփոխությունների գնալը եւ ըմբոստանալը տիրող համակարգի դեմ շատ կարեւոր կետ է եղել իմ՝ որպես արվեստագետի ու քաղաքացու դիրքորոշման մեջ, եւ ես հավատացել եմ, որ փոփոխություններից հետո իշխանությունները պետք է աշխատեն բաց, ազատ, անկաշկանդ, եւ այդ մեծ ակնկալիքների համար եմ ես մասնակցել հեղափոխությանը։ Գալով կենտրոնի հարցին, ասեմ, որ մոտ մեկ տարի սպասեցինք, որ մի քիչ ժամանակ անցնի, բայց հիմա մենք հայտնվել ենք ճգնաժամային իրավիճակում։ 4-5 ամիս առաջ հանդիպում խնդրեցինք քաղաքապետի հետ, հանդիպեցինք փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ, ով շատ լավ մեզ ընդունեց եւ բարեկիրթ մարդու տպավորություն թողեց, մշակույթի վարչության պետն էլ ասաց, որ կայցելի մեզ, ու մեկ շաբաթ անց մեզ կպատասխանեն։ Բայց անցել է արդեն 4-5 ամիս, զանգեցինք, ու հասկացրեցին, որ պետք լինի, մենք կզանգենք, էլի, ի՞նչ եք զանգում։ Իհարկե, հնարավոր է, որ հանրային տարածքներ չկան, հնարավոր է՝ նախկին իշխանություններն այնպես են յուրացրել, որ նույնիսկ մեկ սենյակ չկա ամբողջ քաղաքում, բայց առնվազն պետք է գոնե գնահատել, որ մարդկանց մի խումբ 5 տարի իր կյանքից նվիրել է ներառական կրթություն ապահովելու համար, եւ այնպիսի մարդիկ են, ինչպիսին դուք։ Մենք համարում ենք, որ այսօր իշխանություն են դարձել մեզ նման մարդիկ, շատ հաճախ՝ մեր ընկերները, եւ կարող էին ասել՝ ապրես, լավ բան ես անում, կամ նույնիսկ՝ վատ բան ես անում, բայց մի հատ գանք տեսնենք՝ ինչ ես անում, կարող է մեր ներկայությամբ կարողանանք ինչ-որ կերպ աջակցել։ Որպես քաղաքացի՝ կուզեի իմանալ, օրինակ, Կողբացի փողոցի վրա տեսանելի ու փակ, կեղտոտ ապակիներով տարածքներն ո՞ւմն են, դրանք հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր են։ Մի քանի շաբաթ առաջ մենք նամակ ենք ուղարկել նաեւ «Իմ քայլը» հիմնադրամին եւ տիկին Աննա Հակոբյանին, դեռեւս պատասխան չունենք։ Նամակի բովանդակությունը սա է, որ եթե մեզ չեն ասում՝ ազատ տարածքներ կան, թե ոչ, գուցե ի՞նքն ասի։ Ամեն դեպքում, մենք ոչ մեկի սեփական գույքը չենք ուզում, ավելին՝ ուզում ենք անհատույց միայն մեկ տարով, որովհետեւ եթե ես մեկ տարի ամսական 500 դոլար չվճարեմ տարածքի վարձակալություն, դա հենց այն պակասող գումարն է, որ ինձ թույլ կտա ձեռք բերել տարածք, որը մշտապես կծառայի կենտրոնին եւ հանրային նշանակություն կունենա։ Այս պահին ինձ պակասում է հենց այդ 6-7 հազար դոլարը, որը փորձում եմ հայթայթել։

- Նախկինում տեսել եմ, որ կենտրոնի տարբեր միջոցառումներին այցելում էր, օրինակ, մշակույթի նախկին փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, ով գրքեր էր նվիրում կենտրոնին կամ ներկա էր գտնվում միջոցառումներին։ Ինչպիսի՞ն է ներկայիս մշակույթի նախարարության վերաբերմունքը կենտրոնի հանդեպ։

- Այո, նախկին իշխանություններից չի եղել ֆունդամենտալ աջակցություն, բայց անհատի մակարդակով երբեմն կենտրոնի միջոցառումներին եկել են։ Ինչ վերաբերում է ներկայիս մշակույթի նախարարությանը, ապա արվել է աննախադեպ մի բան, առաջին անգամ 5 տարվա մեջ դրամաշնորհային կարգով նախարարությունն աջակցություն է հատկացրել մեր կենտրոնի «Նաիրյան վոկալ անսամբլին»։ Իսկ անսամբլը մեր կենտրոնի առանցքային ուղղություններից մեկն է, որի կազմում են 5 երիտասարդ կանայք, որոնք տարածաշրջանում միակն են, որ երգում են ակապելլա՝ բազմաձայն ստեղծագործություններ՝ ժեստերի լեզվով։ Ահա, այս գաղափարին է մշակույթի նախարարությունն աջակցել։ Կարծում եմ՝ մշակույթի նախարարության դրամաշնորհային ծրագրերն ազատականացնելը կարեւորագույն փոփոխություններից է, որ ես՝ որպես քաղաքացի, տեսնում եմ եւ իմ օրինակով կարող եմ ասել, որ օբյեկտիվ է։ Բայց այս դրամաշնորհը բաղկացած է բացառապես աշխատավարձերից, եւ բյուջեում ներառված չէ տարածքի վարձակալությունը։ Այս դեպքում տարածքի հարցն ավելի սուր է դրված, որովհետեւ ընդամենը մեկ ամիս առաջ պարզվեց, որ անշարժ գույքի գները բարձրացել են, այն դեպքում, որ իմ եկամուտը չի փոխվում արդեն 4 տարի, եւ ես միակը չեմ։ Այս թանկացման արդյունքում մեր տարածքի վարձակալության գումարը 210 հազարից բարձրացավ 350 հազարի։ Սա այն գումարն է, որ ես թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես ի վիճակի չեմ վճարել։ Տարածքի խնդրի պատճառով վտանգված է նաեւ անսամբլի գործունեությունը։ Դրա հետեւանքով է, որ հիմա մենք պետք է լքենք մեր զբաղեցրած տարածքը եւ դիմում ենք հանրությանը։ Մենք նախաձեռնել ենք հանրային դրամահավաք եւ դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են մեզ աջակցել եւ իրենց սուրճի մեկ օրվա գումարը փոխանցել  մեր հանրային դրամահավաքին։ Ցանկացած տեսակի օգնություն կարող է փրկել մարդկային ճակատագրեր՝ ոչ միայն մեր թիմի, այլ նաեւ մեր կենտրոն հաճախող երեխաների։ Եվ սա հանրային այն պատասխանատվությունն է, որ ես՝ որպես անհատ, ստանձնում եմ։ Կենտրոնը միայն կրթական նախագծեր չի արել, սա եղել եւ մնալու է մշակութային նախագծերի հարթակ, երիտասարդ արվեստագետների համար տարածք, ովքեր չունեն հնարավորություն՝ իրենց գաղափարներն իրագործելու համար։ Մեր կենտրոնի կազմակերպած միջոցառումներին, համերգներին, դասախոսություններին, սեմինարներին, ֆիլմի դիտումներին, շնորհանդեսներին, ցուցահանդեսներին մասնակցել է 3 հազարից ավելի մարդ, եւ այդ բոլոր միջոցառումների մուտքը եղել է անվճար։ Անհատը կարող է լուրջ փոփոխություններ անել, բայց պահ է գալիս, որ քեզ օգնող մի ձեռք է պետք, եւ եթե այդ օգնող ձեռքը պետությունը չի լինում, դառնում է հանրությունը։