2022-ին 2021-ի համեմատ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը խիստ աճել են

2022-ին 2021-ի համեմատ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը խիստ աճել են

Երեխաների հանդեպ բռնության աղմկահարույց դեպքի շուրջ խոսել ենք Երեխաների պաշտպանության ցանցի գործադիր տնօրեն Էլեն Հարությունյանի հետ 

-Նման դեպքերը ի՞ նչ հաճախականությամբ են գրանցվում 

-Միայն անցյալ տարի` 2022-ին, 500-ից ավելի քրեական գործ է բացվել երեխաների հանդեպ բռնությունների հարցով, ընդ որում՝ 2021թ․-ին՝ ավելի քիչ են եղել՝ մոտ 200-ով ավելի քիչ։ Սա նշանակում է, որ չնայած տարբեր ծառայություններ աշխատում են ընդդեմ երեխաների բռնության, բայց, միևնույնն է, բռնությունները կան։ Պետք է ընդունենք, որ այս պատկերը ոչ թե նշանակում է, որ հայ հասարակության վիճակը խայտառակ վատ է, այլ որ բոլոր հասարակություններին էլ բնորոշ է բռնության երևույթը, և Հայաստանը անմասն չի մնում։ 

Ու երբ հաճախ երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող մասնագետներս աղաղակում ենք այս խնդրի շուրջ, հասարակության շրջանում հետաքրքիր ընկալում է ստեղծվում, կարծես ցանկանում ենք պախարակել մեր հասարակությունը, կամ առավել ևս՝ հետաքրքիր են այն կարծիքները, իբրև պատվեր ենք կատարում և ուզում ենք ցույց տալ, որ մեր հասարակությունում ևս արատավոր երևույթներ կան։ Այնքա՜ն կուզեի, որ ի վերջո մեր հպարտ դիրքից «իջնեինք» ու ավելի քիչ մեզ «յուրահատուկ», «բացառիկ» համարեինք․ բոլոր երկրներն էլ յուրահատուկ ու բացառիկ են։ Բայց մենք հայերս կարող ենք հայտարարել, որ ֆրանսիացիները քիչ են սիրում իրենց երեխաներին, ամերիկացիների անզգա են, իսկ հայերը յուրահատուկ են սիրում երեխաներին։ Այս համոզումը հատկապես ունեն այն մարդիկ, ովքեր ոչ մի այլ ազգի հետ առնչություն չեն ունեցել, առավել ևս՝ չեն տեսել երեխաների հանդեպ նրանց ծնողավարման մոտեցումները։ 

Նորից վերադառնամ դեպքերի հաճախականությանը․ տեսեք, ես նշեցի, որ միայն անցյալ տարի ավելի քան 500 քրեական գործ է բացվել, սա նշանակում է, որ երեխաների հանդեպ բռնությունների իրական թիվը շատ ավելի մեծ է․ չէ՞ որ ոչ բոլոր տեսակի բռնություններն են հանցավոր բնույթի։ Էլ չեմ ասում խոսում ոչ պաշտոնական վիճակագրության մասին, վստահաբար, իրական թիվը շատ-շատ ավելին մեծ է․ հարցրեք երեխաների ցերեկային խնամքի ծառայությունների, դպրոցների, կրթական, առողջապահական տարբեր հաստատությունների աշխատակիցների․ բռնությունն ամենուր է։   

Ցավոք սրտի մենք չենք սիրում խոսել մեր հասարակության խնդիրների մասին, հակառակը՝ սիրում ենք թաքցնել։ Թաքցնում ենք ու մեզ թվում է, որ խնդիրը չկա։ Բայց իրականում մինչև չընդունենք մեր խնդիրները, խոցելի կողմերն ու սպառնացող մարտահրավերները, մինչև չկարողանանք դրանց անուն տալ, ձևակերպել, չենք էլ կարողանալու լուծում տալ։ 

- Արդյոք այստեղ չե՞ք տեսնում սոցիալական ծառայությունների մատուցման թերացում համայնքներում, դպրոցներում, մանկապարտեզներում։  

- Իրականում, տեղերում բոլոր մասնագետները իսկապես օր ու գիշեր աշխատում են, բայց պիտի անկեղծ լինենք ու ընունենք, որ այս կետում էլ խնդիրներ կան։ Խնդիրները, իմ կարծիքով, պայմանավորված են ահռելի պատասխանատվության և մասնագիտական համապատասխան հմտություններ, աշխատանքային տարրական պայմաններ չունենալու անհավասարակշռությամբ։ 

Աշխատանքի բերումով եղել եմ բոլոր մարզերում, մասնակցել ամենատարբեր նիստերի ու ցավով տեսել այս պատկերը․ մասնագետը որքան էլ բարեխիղճ է, հաճախ չի կարողանում իր մասնագիտական պաշարով կամ ունեցած աշխատանքային հնարավորություններով/պայմաններով «խնդիրների բեռի տակից դուրս գալ»։  

Հանուն արդարության պիտի նշեմ, որ ոչ բոլոր համայնքներում է այս պատկերը․ մենք համայնք ունենք, որի սոցիալական աշխատողը իմ տեսած ամենաբարեխիղճ, սրտացավ պրոֆեսիոնալներից է, և այդ համայնքում այնպես է ստացվել, որ ամենաշատ նիստերն են գումարվում, և, օրինակ, ծնողական իրավունքներից զրկելու ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի ամբողջ Հայաստանում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ այդ համայնքում ծնողները «յուրահատուկ վատն են»․․․իհարկե, ոչ։ Սա նշանակում է, որ գործ ունենք հետևողական ու բարեխիղճ պրոֆեսիոնալի հետ, ով աշխատեցնում է ողջ համակարգը, ով լավ է հասկանում «երեխայի լավագույն շահ» ասվածը։  

Միջմասնագիտական համագործակցության խթանման նպատակով ևս ահռելի աշխատանք է տարվում, որպեսզի մասնագետների միջև երկխոսություն և մշտական քննարկում լինի, ուղղորդումները համապատասխանաբար իրականացվեն։ Ուղղորդման մեխանիզմների ներդրման առումով դեռևս անելիք կա, բայց դրա նախագիծն էլ արդեն կա։ 
 
- Այս պահին ի՞ նչ պետք է անեն պատկան մարմինները և երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները։ 

- Նորից ու նորից դասեր քաղել ու շարունակել աշխատել։ Այս դեպքով և՛ հասարակությունը հասկացավ, որ, ցավոք, այս արատավոր երևույթները կարող են պատահել նաև հայերի հետ, և՛ պատկան մարմինների համար եղավ լրացուցիչ ազդակ՝ էլ ավելի զգոն աշխատելու, նորանոր գործիքներ և մեխանիզմներ մշակելու/ընդունելու, բռնության դեպքերի բացահայտելիությունը մեծացնելու։ Չնայած որ այս զգոնությունը երբեք չեն էլ կորցնում, քանի որ նմանատիպ դեպքերը ցավոք քիչ չեն․․․ 
Ոլորտին առնչվող մասնագետների միջև այս պահին միջգերատեսչական փակ հանդիպումներ են ընթանում մինչ այժմ իրականացված և նախատեսվող գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկելու նմանօրինակ դեպքերը կանխարգելելու հնարավոր միջոցները՝ ի հավելումն գործող իրավակարգավորումների։ 

Կարեն Քերիմյան