Չի կարելի նվազեցնել պետության դերը

Չի կարելի նվազեցնել պետության դերը

Հայ ժողովրդին որպես Ռուսաստանի դաշնակից կարելի է դիտարկել 18-19-րդ դարերում, երբ Օսմանյան կայսրության և Իրանի ծանրագույն տիրապետությունների պայմաններում ապրող էթնիկական խումբը անընդհատ ակնկալում էր Հյուսիսի կայսրության օգնությունն ու աջակցությունը:
Բայց հիմա իրավիճակը, կարծես թե, փոխվել է, մենք այլևս սուլթանահպատակ ինչ-որ կրոնաէթնիկական զանգված չենք, այլ` անկախ և ինքնիշխան պետության քաղաքացիներ: Այսինքն, Ռուսաստանի դաշնակիցը Հայաստանի Հանրապետությունն է, այն կազմակերպությունը, որին հայ ժողովուրդը լիազորել է միջազգային հարաբերություններում հանդես գալ իր շահերի պաշտպանության դիրքերից:
Վարչապետին հորդորում եմ չափազանց զգույշ լինել իր ձևակերպումներում և ընդհանրապես զերծ մնալ 19-րդ դարի օսմանահպատակի հռետորաբանությունից, որը նվազեցնում և զեղչում է պետության դերը մեր ընկալումներում: