Հաղթել չի նշանակում ուրանալ

Հաղթել չի նշանակում ուրանալ

Կարպիս Փաշոյանը Նարեկացուն հաղթելու խնդիր է բարձրացրել: Լեւոն Սարգսյանը ենթադրում է, որ այդ մոտեցումը ԿԳՄՍ նախարարությանն է: Ես հիմա մի պարբերություն եմ մեջբերում. «Աբովյան, Նազարյան, Նալբանդյան, Շահազիզ, Պռոշյան, նույնիսկ Րաֆֆի, Աղայան, նույնիսկ ուրիշներ, նույնիսկ նոքա, որ դեռ կենդանի են, որքա՜ն սրբագործված, նվիրական անուններ – և միևնույն ժամանակ անհասկանալի, արդեն գրեթե սիմբոլ դարձած, գրեթե չեղած, կենդանի կյանքով չապրած մարդկանց անուններ են դոքա ինձ համար և այն սերնդի համար, որին պատկանում եմ ես»: Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» դասախոսությունից է, որ կարդացել է Թիֆլիսում՝ 1914թ. գարնանը: Տերյանի ժամանակ Սորոս չկար, բայց, ինչպես տեսնում ենք, նա էլ դրել է Աբովյանին հաղթելու խնդիր: Նալբանդյանին: Րաֆֆուն:

Ինքն էլ խոստովանել է, որ «լեկցիային» քիչ մարդ է ներկա եղել, արձագանքները հիմնականում բացասական էին: Հայ հանրությունը չի ընդունել Տերյանի մերժողականությունը: Չէ՞ որ Աբովյանը, Նալբանդյանը, Րաֆֆին են ձեւավորել մեր հասարակագիտական մտածողությունը: Ի վերջո, հայ գրականության եւ հրապարակախոսության «շինելից» են դուրս եկել մեր ազգային՝ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ Ռամկավար ազատական կուսակցությունները: Խնդիրը դիտարկելի է այս, ոչ թե մշակութային կամ հոգեւոր Հայաստանի տիրույթում: Եւ, կարծում եմ, Կարպիս Փաշոյանը հենց դա է նկատի ունեցել: Հաղթել չի նշանակում ուրանալ: Տերյանն առաջադրում էր մշակույթով ինքնակազմակերպվելու, քաղաքական ազգ դառնալու նպատակ: Այդ ընթացքը խզվեց ցեղասպանությամբ, հայրենազրկությամբ:

Եւ մենք մնում ենք ժողովուրդ: Ընդ որում՝ ոչ ամբողջական: Լեւոն Սարգսյանը բերում է դիպուկ օրինակներ՝ Անգլիան չի հաղթել Շեքսպիրին, Իտալիան՝ Ռաֆայելին, Ռուսաստանը՝ Դոստոեւսկուն: Անգլիան, Իտալիան, Ռուսաստանը կայացած ավանդույթների պետություններ են: Նրանց դեպքում մշակույթը եւ քաղաքականությունը  հանրային գիտակցությամբ չեն նույնականանում: Միջին վիճակագրական անգլիացին, կարելի է վստահ լինել, Շեքսպիրի միայն անունը գիտի: Իտալիայի խորհրդանիշը Միքելանջելոն չէ, Գարիբալդին է: Ռուսները Նապոլեոնի դեմ պատերազմը Տոլստոյի վեպով չէ, որ գնահատում են: Այդ մենք ենք ղարաբաղյան պատերազմը զուգահեռում Ավարայրի ճակատամարտին: Ընդ որում՝ ըստ Եղիշեի: Արդի աշխարհում գրականությունը, մշակույթը դիտել որպես պետականակերտ հիմք, նշանակում է չունենալ քաղաքական նպատակ: Ինչպես շատ դիպուկ Հրանտ Մաթեւոսյանն է ձեւակերպել. «Մենք մնացել ենք Սասունի լեռներում»: Ահա այս աշխարհընկալումը պիտի հաղթվի: Եթե՝ ոչ, պարտվելու ենք: