Ինչպեսեւ սպասելի էր․ Թրամփ-Բայդեն 2-րդ ռաունդ

Ինչպեսեւ սպասելի էր․ Թրամփ-Բայդեն 2-րդ ռաունդ

Հունվարի 23-ին ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում կայացավ 2024-ի ԱՄՆ նախագահական ընտրության primary-ներից՝ նախնական ընտրություններից երկրորդը, որի ընթացքում Հանրապետական կուսակցության ընտրացուցակում հիմնական երկու առաջատար անուն էր մնացել՝ Դոնալդ Թրամփ եւ Նիկի Հեյլի։ Ինչպեսեւ սոցիոլոգիական հետազոտություններն էին կանխատեսում՝ Թրամփը հաղթեց այդ primary-ում՝ ստանալով 54-55 % ձայն։ Նիկի Հեյլիի ձայները կազմել են 43-44 %: 

Նախորդ՝ Այովա (Iowa) նահանգի primary-ում, որ անցկացվեց անցյալ շաբաթ, որն առաջինն էր, եւ որով մեկնարկեց նահանգ առ նահանգ կուսակցությունների ներսում անցկացվող նախնական ընտրությունների՝ primaries-ի մրցափուլն ԱՄՆ-ում, Հանրապետական կուսակցության ընտրացուցակում հիմնական անունների շարքում էր նաեւ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանտիսը։ Նա Այովայի primary-ում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ 21 % ձայնով։ Դոնալդ Թրամփը նորից առաջատարն էր, հավաքել էր շուրջ 51 % ձայն, երրորդ հորիզոնականում Նիկի Հեյլին էր՝ 19 % ձայներով։ Այովայի նախնական ընտրության արդյունքների հրապարակումից հետո դե Սանտիսը հայտարարեց, թե ինքը պայքարը կշարունակի եւ այլն, բայց մի երկու օր անց հայտարարեց մրցապայքարից դուրս գալու մասին՝ հիմնավորմամբ, թե հանրապետական ընտրողների ֆավորիտը եւ նախընտրելի թեկնածուն Դոնալդ Թրամփն է, եւ ինքն էլ դադարեցնելով ընտրապայքարը՝ իր աջակցությունն է հայտնում Թրամփի թեկնածությանը։ 

Հասկանալի է․ եթե դե Սանտիսն իրերն իրենց անունով կոչեր, ապա կխոստովաներ, որ որքան էլ փորձեց Թրամփին ընդօրինակել եւ a-la-Trump իմիջով ներկայանալ, Թրամփն այդ իմիջին ավելի է համապատասխանում։ Կարճ՝ Թրամփից ավելի Թրամփ հնարավոր չէ լինել։ Դրա համար էլ գուցե պետք էր իբրեւ ինքնուրույն անհատ ասպարեզ մտնել, ոչ թե որպես Թրամփի կլոն։ Ինչեւէ, դե Սանտիսն ընտրապայքարից դուրս եկավ անցյալ շաբաթ։ Ամենքը համոզված են, որ Նիկի Հեյլիի՝ ընտրապայքարից դուրս գալն էլ շաբաթների հարց է, ոմանք ասում են առհասարակ՝ օրերի։ Ավելի հավանական է շաբաթների կանխատեսումը, քանի որ Նիկի Հեյլին մինչեւ Դոնալդ Թրամփի վարչակազմին մաս կազմելը եւ Թրամփի կողմից ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը եղել է Հարավային Կարոլինայի նահանգապետը։ Հետեւաբար սպասելի է, որ Հեյլին ընտրապայքարում մնա մինչեւ իր հայրենի Հարավային Կարոլինա նահանգում անցկացվող primary, որը կայանալու է փետրվարի վերջին։ 

Ամեն պարագայում Նիկի Հեյլին որքան էլ մնա կամ երբ էլ լքի ընտրարշավը, ակնհայտ է, որ, ինչպեսեւ սպասելի էր, 2024-ի նախագահական մրցապայքարում նորից դեմ առ դեմ մնալու են Ջո Բայդենը եւ Դոնալդ Թրամփը։ Ո՛չ Հանրապետական կուսակցությունում, ո՛չ Դեմոկրատական, որեւէ ռեալ այլընտրանք Բայդենին կամ Թրամփին ասպարեզ չեկավ։ Մրցապայքարում ընդգրկվեցին բազմաթիվ թեկնածուներ, հատկապես Հանրապետականի ճամբարում, բայց որեւէ մեկը հաջողություն չունեցավ։ Թե ինչու՝ այլ հարց է եւ ծավալուն թեմա։ Էականն ու փաստն այն է, որ նախագահական ասպարեզում նորից մնացին Բայդենը եւ Թրամփը։ Իսկ թե նրանցից ով կհաղթի նոյեմբերին, չի բացառվում, որ կանխատեսելի դառնա արդեն մեկ-երկու շաբաթից՝ կախված այն բանից, թե մի էական իրավական վեճի առնչությամբ ինչ կորոշի ԱՄՆ Գերագույն դատարանը։ Փետրվարի 8-ին Գերագույն դատարանը կորոշի՝ արդյոք ԱՄՆ նահանգների պետքարտուղարներն իրավասո՞ւ են որոշել Սահմանադրության 14-րդ հավելվածի՝ ԱՄՆ նախագահներին կամ նախագահի թեկնածուներին վերաբերելիության հարցը։ Սա աննախադեպ զարգացում է։ Ինչի՞ մասին է խոսքը։  

Կարմիրները, կապույտները, տատանվողները 

Ինչպես գիտենք, ԱՄՆ-ում ընտրությունները կայանում են նահանգ առ նահանգ, եւ նահանգային մակարդակում էլ ընտրությունների արդյունքներն ամփոփվում են։ Երեւի բոլորն աշխարհում տեսել են ԱՄՆ նախագահական ընտրությունների քարտեզը՝ կարմիր եւ կապույտ գույներով ծածկված։ Այդ քարտեզն էկրաններին հայտնվում է ընտրությունների օրվանից դեռ շատ առաջ եւ ցույց է տալիս, թե որ նահանգներում է դեմոկրատ կամ հանրապետական թեկնածուի հաղթանակը երաշխավորված՝ դեռ քվեարկության փուլը չմեկնարկած։

ԱՄՆ-ում հնարավոր է ընտրության օրվանից դեռ շատ առաջ մատնանշել դեմոկրատ թեկնածուին ընտրող կապույտ գույնով ու իշուկի պատկերով եւ հանրապետական թեկնածուին նախընտրող կարմիր գույնով ու փղիկի պատկերով նահանգները, քանի որ կան ԱՄՆ նախագահական ընտրություններում ավանդաբար դեմոկրատներին եւ ավանդաբար հանրապետականներին ընտրող նահանգներ։ Այդ իրողության արդյունքում ռեալ ընտրապայքարն ԱՄՆ նախագահական ընտրություններում ծավալվում է, ընտրական ինտրիգը հյուսվում է տատանվող նահանգներում (swing states), որոնցում ե՛ւ հանրապետականներին է հաջողվում հաղթել, ե՛ւ դեմոկրատներին։ 

Տատանվող նահանգները փոքրաթիվ են՝ 8-10, բայց հենց նրանք են ընտրությունների ելքի վրա ազդում։ Իհարկե, դա էվոլյուցիոն գործընթաց է՝ ժամանակի ընթացքում մի նահանգ պրո-հանրապետական կարմիրից կամ պրո-դեմոկրատական կապույտից դառնում է տատանվող կամ երբ տատանվող նահանգը դառնում է հստակ կարմիր կամ կապույտ։ Այսինքն, տատանվող նահանգների կազմը փոփոխվում է, բայց դրանք գոյություն ունեն միշտ։ Վերջին 1-2 տասնամյակներում տատանվող նահանգների թվում են, օրինակ, Միչիգանը, Փենսիլվանիան, Ջորջիան, Կոլորադոն եւ այլն։ Համաձայն ԱՄՆ ընտրական կանոնների՝ յուրաքանչյուր նահանգում՝ կարմիր լինի, կապույտ, թե տատանվող, նահանգային իշխանությունը, մասնավորապես նահանգի պետքարտուղարն է կատարում ԱՄՆ նախագահի թեկածուների գրանցումը տվյալ նահանգում։ Եթե որեւէ թեկնածուի նահանգային պետքարտուղարը չի գրանցում, նրա անունն այդ նահանգում ընտրաթերթիկում չի նշվում, եւ նահանգի բնակիչները նրան չեն կարող ձայն տալ։ Դա երբեմն կարող է հետեւանք ունենալ, երբեմն ՝ ոչ։ 

Դիցուք, Կալիֆորնիայի իշխանությունները որպես ԱՄՆ նախագահի թեկնածու չգրանցեն Դոնալդ Թրամփին․ դրանից երկինքը փուլ չի գա, նույնիսկ երկրի վրա ոչ մի տեղաշարժ չի լինի, քանի որ Կալիֆորնիայում, միեւնույն է, երբեք հանրապետական թեկնածու չի հաղթում։ Կալիֆորնիան միշտ ընտրում է դեմոկրատներին։ Այնպես որ, հանրապետական թեկնածուի անունն ընտրաթերթիկում լինի, թե չլինի, միեւնույն է, Կալիֆորնիայի 50-ից ավելի ընտրիչների ձայները (electoral college votes) գնալու են  դեմոկրատ թեկնածուին։ Դրա համար էլ ոչ մի հանրապետական թեկնածուի համար աղետ չի լինի, եթե Կալիֆորնիայի նահանգային իշխանություններն իրեն որպես ԱՄՆ նախագահի թեկնածու չգրանցեն։ 

Սակայն ճիշտ հակառակ պատկերը եւ ուղղակի աղետ կլինի, եթե հանրապետական կամ դեմոկրատ թեկնածուին հրաժարվեն գրանցել տատանվող նահանգներից մեկում։ Մի տատանվող նահանգում չգրանցվելն էլ կարող է թեկնածուի համար ճակատագրական լինել։ Յուրաքանչյուր ընտրողի ձայնը տատանվող նահանգում կարող է որոշիչ լինել նահանգում հաղթելու, հետեւաբար, ընտրիչների ձայները (electoral college votes) ստանալու համար։ 

Երբ խռովարարն ԱՄՆ նախագահն է 

Այժմ աննախադեպ մի զարգացում է արձանագրվել՝ ԱՄՆ նախագահի թեկնածու է առաջադրվում  անձ՝ Դոնալդ Թրամփը ով 2021-ի հունվարի 6-ին ներքաշված է եղել  ԱՄՆ իշխանության դեմ բարձրացված խռովության մեջ։ Այդ իրականությանը ի տես, ԱՄՆ Մայնի նահանգում, այնուհետ Կոլորադոյի նահանգում նահանգային պետքարտուղարները հրաժարվել են Թրամփի թեկնածությունը գրանցել 2024-ի նախագահական ընտրություններին մասնակցության համար՝ վկայակոչելով ԱՄՆ սահմանադրության 14-րդ փոփոխության (Amendment 14th, Section 3), որն արգելում է insurrectionist-ներին (խռովարար, ապստամբ) պետական պաշտոններ զբաղեցնել։ Թրամփի թեկնածությունը խռովարարության ամբաստանությամբ եւ սահմանադրության 14-րդ փոփոխության վկայակոչմամբ որակազրկելու գործընթացը մտահղացել եւ ձեռնարկել են անկախ իրավապաշտպան կազմակերպությունները դեռ ամիսներ առաջ։ Նրանք տարբեր նահանգներում դատարաններին եւ նահանգային իշխանություններին հայցեր են հղել՝ հիմնավորելով եւ պահանջելով Թրամփի թեկնածության որակազրկում։ Հայցերին ամիսներ տեւած գործընթացներ են հետեւել, դատական քննություններ են կայացել, որոնց արդյունքում էլ որոշ նահանգների պետական քարտուղարները, հենվելով նահանգային դատարանների որոշումների վրա, համաձայնել են  խռովարար Թրամփի թեկնածությունը որակազրկել եւ չներառել ընտրաթերթիկում։ Այլ նահանգներում պետքարտուղարները, համաձայնելով, որ Թրամփը մասնակցել է 2021 թ․ հունվարի 6-ի խռովությանը, գուցե անգամ անուղղակի կազմակերպել է գրոհը Կոնգրեսի շենքի վրա, այդուհանդերձ գտել են, որ իրենք չէ, որ պետք է սահմանադրության 14-րդ փոփոխության վերաբերելիության հարցը վճռեն՝ գործող կամ նախկին նախագահի կամ նախագահի թեկնածուի առնչությամբ։ 

Տարբեր նահանգային պետքարտուղարների տարբեր դիրքորոշումների պատճառով, միասնական մոտեցում եւ պետքարտուղարների իրավասությունների շրջանակ հաստատելու համար խնդիրը տեղափոխվել է ԱՄՆ Գերագույն դատարան, որտեղ փետրվարի 8-ին կորոշվի՝ արդյոք նահանգային քարտուղարներն իրավասո՞ւ են ԱՄՆ նախագահի թեկնածուի որակազրկել՝ Սահմանադրության  14-րդ փոփոխության հիմքով։ Եթե Գերագույն դատարանը գտնի, որ նահանգային պետքարտուղարներն իրավասու են դա անել, բազմաթիվ նահանգներում Թրամփի երգը երգված կլինի 2024-ի նոյեմբերից շատ առաջ։ Իսկ եթե Գերագույն դատարանը նման իրավասություն նահանգային պետքարտուղարներին չվերապահի, բոլորի հայացքը կուղղվի դատախազ Ջեյմս Սմիթի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացված՝ 2021-ի հունվարի 6-ի խռովությունում ունեցած ակտիվ մասնակցության մեղադրանքներին, որոնցով դատավարությունը մեկնարկում է մարտի 4-ին։ 

Այն, որ հունվարի 6-ին Վաշինգտոնում ամբոխը բարձրացրել է խռովություն, եւ դա խրախուսողը, չասելու համար՝ խմբավարը եղել է Թրամփը, ակներեւ է եւ փաստ։ Այն, որ Թրամփին ազատազրկում է սպառնում՝ նման ծանր պետական հանցագործության համար, նույնպես կասկածից վեր է (դեռ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը Mar-a-Lago-ի առանձնատուն տեղափոխելու, միջանցքներից մինչեւ լողասենյակներ շաղ տալու համար ներկայացված 40-ից ավելի դրվագներով մեղադրանքներն ու սպառնացող ազատազրկումը մի կողմ թողած)։ Հետեւաբար, օրինաչափ է, որ Թրամփը նորից ընտրապայքարում է եւ պայքարում է գերնպատակի՝ Սպիտակ տանը հայտնվելով ազատազրկումից խուսափելու համար։ Քրեական ու քաղաքացիական բնույթի 91 մեղադրանքի արժանացած Թրամփն ընտրարշավ է մղում ավելի շատ դատարանների դահլիճներից ու աստիճաններից, քան իր կողմնակիցների հետ հանդիպում-հավաքներից, եւ մնում է տեսնել, թե այդ know-how-ն Թրամփին ուր կհասցնի։