Իմանալով հանդերձ՝ հրթիռակոծել են գերի զինվորականներին տեղափոխող ինքնաթիռը

Իմանալով հանդերձ՝ հրթիռակոծել են գերի զինվորականներին տեղափոխող ինքնաթիռը

ԵԽԽՎ-ի աշխատանքներում Ադրբեջանի պատվիրակության մասնակցությունը կասեցնելու հարցում կառույցի անդամների մեծամասնությանը դեմ է գնացել, ինչպես «Հրապարակ»-ն է հայտնում, պահպանողականների խմբի խոսնակ, ուկրաինացի պատվիրակ Օլեկսի Գոնչարենկոն։ Ինչի առումով հերթական անգամ կարելի է աչքալուսանք տալ ուկրաինասեր հայաստանյան արեւմտամետներին։ Բայց պաշտոնական Կիեւն աչքի է ընկնում ոչ միայն ադրբեջանամետությամբ, այլեւ մեկ այլ հատկանիշով, ինչը կներկայացնեմ ստորեւ։

Նախորդ օրը Ռուսաստանի սահմանային Բելգորոդի մարզում վթարի էր ենթարկվել ռուսական ԻԼ-76 տրանսպորտային ինքնաթիռը։ Սկզբում ենթադրվում էր, որ խնդիրը տեխնիկական է եղել, քանի որ ինքնաթիռը ՌԴ խորքից դեպի ռուս-ուկրաինական սահման էր տեղափոխում 65 ուկրաինացի ռազմագերիներին՝ ռուս ռազմագերիների հետ փոխանակման նպատակով։ Ավելի ուշ պարզվել է, որ օդանավը, այնուամենայնիվ, խոցվել է Ուկրաինայի Խարկովի մարզից ամերիկյան կամ գերմանական հրթիռներով։ Ինչի առումով ուկրաինական լրատվական կայքերը ներկայացրել են հաղթական ու հոխորտալից մի տեքստ, թե իրենց երկիրն ինքնապաշտպանության նպատակով իրավունք ունի խոցել ռուսական ռազմական ինքնաթիռները։ Տեքստում հղում է արվել պաշտոնական Կիեւին, թեեւ պաշտոնապես նման հայտարարություն չի եղել։ Նախագահ Զելենսկու գրասենյակում մի պահ նույնիսկ չեն իմացել, թե ինչպես արձագանքեն դրան՝ ասելով, թե ուսումնասիրում են հարցը։ Թեեւ մինչ այդ ուկրաինական տեղեկատվական դաշտում ասվում էր նաեւ, որ տրանսպորտային ինքնաթիռը հրթիռներ էր տեղափոխում։

Առաջին հայացքից կարծես թե ուկրաինական տեսակետն արդարացի է․ պատերազմում՝ ինչպես պատերազմում։ Սակայն մի փոքր ավելի ուշ ռուսական կողմը հայտնեց, որ ինքն ուկրաինականին է փոխանցել տվյալ ինքնաթիռի թռիչքի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը։ Ընդ որում, առաջինի հետեւից օդ է բարձրացել 80 ռազմագերի տեղափոխող երկրորդ օդանավը։ Բայց առաջինի խփվելուց հետո երկրորդ օդանավը կարողացել է անվտանգ շրջվել ու վերադառնալ բազա։ Ռուսական բլոգերներից Յու․ Պոդոլյակայի ասելով, ռուս-ուկրաինական պատերազմի առումով Արեւմուտքում եւ Ուկրաինայի ղեկավարության շրջանում առկա է երկու կարծիք։ Առաջինն ամերիկյանն է, որը ենթադրում է հակամարտության սառեցում, իսկ այն շարունակելու կոմնակիցն անգլիացիներն են։ Ի դեպ, 2022 թվականին Թուրքիայում ընթացող բանակցությունները տապալվել են հենց անգլիացիների կողմից։ Այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնն այցելել է Կիեւ ու նախագահ Զելենսկուն համոզել շարունակել պատերազմը։ Անգլիական հետքը Պոդոլյական տեսնում է նաեւ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռին հարվածելու հարցում։ 
Դեպքից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դիմել է ՄԱԿ ԱԽ՝ քննարկելու ինքնաթիռին հարվածելու դրվագը։ Ինչը, բնականաբար, մերժվել է Արեւմուտքի կողմից․ նախագահող երկիրը, կարծեմ, Ֆրանսիան է։ Ուկրաինայի նախագահն էլ պահանջել է միջազգային հետաքննություն անցկացնել այդ հարցով։ Թե ինչն են հետաքննելու՝ դժվարանում եմ ասել։ Ենթադրում եմ, որ դժվար թե փորձեն պարզել իրականությունը, քանի որ Արեւմուտքին ավելորդ խնդիրներ անհրաժեշտ չեն։ Իսկ ուկրաինական զինուժի կողմից սեփական զինվորականներին՝ թեկուզ գերի ընկած, վերադարձնող ինքնաթիռին խփելը կարող է հարցեր առաջացնել արեւմտյան երկրներում։ Որովհետեւ Եվրոպայում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի ֆոնին Զելենսկու կառավարությանը գումար կամ սպառազինություն մատակարարելը հաստատ չի ողջունվի արեւմտյան ընտրողների կողմից։