Գնել Սանոսյանն ուրիշ է

Գնել Սանոսյանն ուրիշ է

Գնել Սանոսյան-Նիկոլ Փաշինյան զույգը շատ հեռանկարային զույգ է երեւում հատկապես աշխատանքային առումով: Փոխլրացնում են միմյանց… Էլ դու սուս: Նույնը չեմ կարող ասել, օրինակ, Նիկոլ Փաշինյան-Ժաննա Անդրեասյան կամ Նիկոլ Փաշինյան-Անահիտ Ավանեսյան զույգի մասին: Սանոսյան Գնելն ուրիշ է: Ժաննա Անդրեասյանը, օրինակ, ամոթխած հարսի պես կանգնում-մնում է, երբ Փաշինյանը ցնցուղը զայրացած քանդում ու տալիս է նրան, որ տանի, գինը պարզի: Ավանեսյանը մի քիչ ավելի աչքաբաց է, բայց նա էլ իր սխալ-մխալ հայտարարությունները սրբագրում է Նիկոլի աչքից հեռու, այնպես, որ Նիկոլը չիմանա: Օրինակ, երբ լրագրողները նրան հարցնում են, թե ինչպես պատահեց, որ բացումն արած ԲԿ-ն այդ դեպքից մեկ ամիս անց դեռ հիվանդ չի ընդունել, տիկին նախարարը սկսում է համոզել, որ դա այդպես էլ պետք է լինի՝ ԲԿ-ն պետք է բացել, իսկ թե երբ այն կընդունի առաջին «այցելուներին», կախված է այդ ԲԿ-ի պատերի վիճակից ու հագեցվածությունից: Նիկոլին այս բացատրությունը, իհարկե, չէր բավարարի, բայց ինչ կարող ենք անել, եթե Նիկոլն այդ պահին Անահիտ Ավանեսյանի կողքին չէր:

Չէ, Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ բոլոր հարցերը քննարկում է շատ համարձակ ու քանի որ Նիկոլից էլ մի քիչ բոյով է, տպավորություն է ստեղծվում, որ շեֆն ինքն է: Ահավասիկ, կառավարության նիստին Փաշինյանը հանդես է գալիս հայտարարությամբ՝ ճանապարհների որակի մասին: Քննադատում է. «Երբ երբեմն մեքենա եմ վարում եւ անցնում ճանապարհներով, աչքաչափով զգում եմ՝ ճանապարհը, որ կառուցվել է 4 տարի առաջ, այն վիճակում չէ, որ պետք է լիներ: Ավելի վատ վիճակ է, գոնե իմ զգացողությամբ, քան պետք է լիներ։ Բայց մյուս կողմից մենք ճանապարհն ընդունել ենք, այնտեղ ստուգումներ են անում, բայց ամեն X պահի չունենք հարցի պատասխանը՝ 4 տարի, 5 տարի, 2 տարի կամ 6 ամիս առաջ շահագործման հանձնված ճանապարհն այն վիճակո՞ւմ է, որ մեր ստանդարտով պետք է լիներ, թե՞ ոչ: Ճանապարհները տեղ-տեղ դեֆորմացվել են, տեղ-տեղ լրացուցիչ աշխատանքներ են կատարվել: Երկարաժամկետ առումով պատասխան պետք է լինի հարցին՝ մենք ճանապարհը շահագործման ենք հանձնել, երեք տարի հետո այն ինչ վիճակում է լինելու։ Մենք բանաձեւ պետք է ունենանք, թե ինչ վիճակում պետք է լինի ճանապարհը»: 

Ի՞նչ եք կարծում, Գնել Սանոսյանը կարմրե՞ց կամ կարկամե՞ց Ժաննա Անդրեասյանի պես: Բնավ, երբեք: Ճանապարհ է, թե քանդվեց՝ քանդվեց, թե դեֆորմացվեց՝ դեֆորմացվեց: Գնել Սանոսյանն ի՞նչ մեղք ունի: Մյուս կողմից էլ, Փաշինյանը մի այնպիսի գորովանքով է խոսում ասֆալտի մասին, այնքան մեղմ է քննադատում մեր նորակառույց ճանապարհների վիճակը, որ կարծես չի քննադատում: Իսկ Գնել Սանոսյանն անմիջապես որսում է պահն ու խոսակցությունը տանում այլ ուղղությամբ. «Ճանապարհներին աղն ու ավազը հիմա արդեն լապատկայով չենք ցանում: Այն ժամանակ, երբ լապատկայով էինք ցանում, աղը շատ տեսանելի էր, հիմա տեխնիկան ընդհանուր է լցնում, ու մարդիկ ասում են՝ ցանված չէ, բայց մեքենաների վրա կան GPS սարքավորումներ, մենք տեսնում ենք, թե որ օրը որ ժամին է անցել ու աղ ցանել»: Նրա ասածների մեջ որսացի՞ք Նիկոլի նուրբ PR-ը՝ այ, նախկինները «լապատկայով» էին աղ ցանում, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո աղը սկսել են ցանել տեխնիկայով: Բա GPS-ի հիշատակո՞ւմը: Այ Գնել Սանոսյան, չի կարելի, էլի, ճակատը բարձր էդ բոյի սուտ ասել: Մենք հո երեկ տեսանք, թե ինչպես էին քաղաքապետարանի աշխատակիցները, GPS-ները միացրած, փողոց մաքրում: Իսկական նախնադար: Քաղաքն ամբողջությամբ կաթվածահար էր եղել հունվար ամսին տեղացած անսպասելի ձյան պատճառով: Ու դու դեռ Նիկոլի PR ես անո՞ւմ: Նիկոլն էլ, իբր թե գոհ չէ GPS-ով աղ ցանող մեքենաների մասին Սանոսյանի «հայտնությունից», խունջիկ-մունջիկ է գալիս. «Բայց մարդկանց պետք չէ աղը տեսնել կամ չտեսնել, մարդիկ պետք է տեսնեն՝ ասֆալտը երեւո՞ւմ է, թե՞ սառույց է, այստեղ աղն էական չէ: Խնդիրը ոչ թե աղի մեջ է, այլ՝ ճանապարհի վիճակի»: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կաներ Նիկոլը, եթե իր առջեւ ոչ թե Գնել Սանոսյանը լիներ, այլ Ժաննա Անդրեասյանը: Կփրփրեր, իրեն պատերով կտար, կհրամայեր փողոցներում ցանված աղը բյուրեղ առ բյուրեղ հավաքել, կշռել եւ ասել, թե քանի տոննա աղ է ցանվել: Մինչդեռ Գնել Սանոսյանին շատ մեղմ է վերաբերվում, թե բա խնդիրն աղը չէ, խնդիրը ճանապարհի վիճակն է…

Իսկ հիմա՝ գլխավորի մասին: Մենք գիտենք, որ այս տարվանից Երեւանի կենտրոնի վճարովի ավտոկանգառներից, այսպես կոչված՝ կարմիր գծերից, օգտվելու գինը կտրուկ բարձրացրին՝ հասցնելով տարեկան 160 հազար դրամի: Հունվարի 1-ից 26 օր է անցել: Եվ ես ուզում եմ հարցնել, թե մինչ օրս այդ «նոու-հաու»-ից քանի բարձրաստիճան պաշտոնյա է օգտվել, եւ, առհասարակ, քանի մարդ է վճարել այդ գումարը: Փաշինյանի ասած՝ հաշվետվություն պետք է լինի՞, թե՞ ոչ: Դիցուք՝ Տիգրան Ավինյանի, Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի, տո հենց Գնել Սանոսյանի շրջապատից քանի՞սն են 160 հազար դրամ վճարել՝ կենտրոնում կլոր տարին կանգնելու համար: Թվարկեք անուններ, եթե գտնվել են այդպիսի ապուշներ: Եվ ապա, Երեւանում տեղացած առատ ձյունը չի՞ խանգարել, արդյոք, քաղաքային տուգանիչներին՝ ժամանակին հայտնաբերել «կարմիր գծերում» կանգնած եւ առանց վճարելու «ծլկած» վարորդներին: Ժամը 300 դրամ է, կարծեմ: Ձյունը ծածկել էր կարմիր նախշերը, ոչինչ չէր երեւում, որեւէ նշանով էլ հնարավոր չէ կողմնորոշվել՝ այդտեղ կարմիր գի՞ծ է, թե՞ ոչ: Ենթադրում եմ, որ Ավինյանի հիմնարկ-ձեռնարկությունը լուրջ կորուստներ է ունեցել GPS-ով աղ ցանող ու առջեւի վահանով փողոցը մաքրող տեխնիկայի բացակայությունից: Ո՞վ է փոխհատուցելու՝ հայտնի չէ: Փոխարենը տեխնիկան, հավանաբար, տարվել էր «Չայնի» կոչվող տեղանք, որտեղից լուրեր էին գալիս, որ տասնյակ ավտոմեքենաներ են վթարվել:

Ամփոփելով՝ կարելի էր թերեւս ասել, որ Նիկոլ Փաշինյան-Գնել Սանոսյան-Տիգրան Ավինյան տրիոն էլ, այնպես ոչինչ, աշխատող միասնություն է, բայց, այնուամենայնիվ, Գնել Սանոսյան-Նիկոլ Փաշինյան տանդեմն ուրիշ է: Նշված եռամիասնության մեջ Ավինյանը հաստատ «կրայնիի» դերում է իր անվերջանալի լացուկոծով եւ ժողովրդին տված գլխից մեծ խոստումներով… Թե բա ասեք՝ կանենք: Սանոսյանից դուք գոնե մեկ անգամ նման բան լսե՞լ եք: