Արցախում չկար մի տղամարդ, որ ասեր՝ ես չեմ կռվում, մնում եմ տանը, որ իմ տնեցիքին պահեմ

Արցախում չկար մի տղամարդ, որ ասեր՝ ես չեմ կռվում, մնում եմ տանը, որ իմ տնեցիքին պահեմ

Արցախի Ճարտար գյուղի բնակիչ, Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող Նաիրի Սուլեյմանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց սեպտեմբերի 19-ի դեպքերը։ Նա այդ օրը Ասկերանի շրջանի Մուշկապատ գյուղում է եղել։ Ջոկատի հրամանատարից զանգ է ստացել, որ վիճակը լարված է՝ ամեն պահի հնարավոր է պատերազմ սկսվի։ Ժամը 12.50-ին սկսվել է հրետակոծությունը։

«Երբ տեսա, թե Մարտունի 3-ն ինչ օրն են գցում, ես ասեցի՝ սա ցեղասպանություն է, սա կռիվ չի։ Մուշկապատ գյուղից Մարտունի 3-ը ես տեսնում էի, այնքան սնարյադ էր ընկել Մարտունի 3-ի վրա... վազելով գնացի 6-7 կմ, որ  մտնեմ զորամաս, բայց հնարավորություն ընդհանրապես չկար, որովհետեւ հրետակոծությունը գոնե մեկ րոպեով չէր դադարում»,- պատմում է Սուլեյմանյանը։ Փորձել է օգնել գյուղից քիչ վերեւում տեղավորված հրետանավորներին, որտեղ 3 մարտկոց է եղել, բայց ընդամենը 5 զինվորական, այնինչ ամենաքիչը գոնե 15 հոգի պետք է լիներ այնտեղ։ Արցախի ՊԲ մեքենայով հասնել է Սոս գյուղ, այնտեղից քայլել դեպի Ճարտար, քաղաքապետարանից զենք ստացել՝ քաղաքի ներքեւում պաշտպանական գործողություններին մասնակցելու համար։ Զինծառայողը պատմում է՝ քաղաքի ներքեւի դիրքում գրեթե խրամատ չէր մնացել, ամբողջը հողին էին հավասարեցրել` դիրքից միայն մի քանի մետր էր մնացել։ Այդ դիրքում աշխարհազորայիններն են եղել՝ տարիքով մարդիկ։ Նաիրին պատմում է՝ պայմանագրայինների հետ կապ հաստատելու միջոց չկար, չէր գործում ո՛չ հեռախոսակապը, ո՛չ ինտերնետը։

«Աշխարհազորայինների առաջ մի դիրք կար, շատ ուժեղ կռիվ են տվել մերոնք այդ դիրքում՝ ադրբեջանցիները 150-160 զոհ են տվել»,-հիշում է զրուցակիցս։ Հենց այդ դիրքի ջոկի հրամանատարի հետ գիշերը որոշում է մոտակայքը զննել, տեսնել՝ ինչ կա, ու գիշերային տեսանելիության սարքով նկատում են թշնամու մոտ 35 հատուկջոկատայինների, որոնք առաջ են շարժվել՝ իրենց դիրքի վրա թիկունքից հարձակվելու համար։ Որոշում են թշնամուն հանկարծակիի բերել՝ նրանց թիկունքն անցնելով ու գրոհելով: Սակայն ընկնում են հրետակոծության տակ՝ գրադով էին խփում։ Մեկ վիրավոր եւ մեկ զոհ են տալիս այդտեղ։ Օգնություն չի եղել, որովհետեւ օգնության եկող ո՛չ մարդ է եղել, ո՛չ ռեսուրս։ «Ճարտարի, Մարտունու ուղղությամբ բոլորը ներգրավված էին կռիվներում։ Չկար այդպիսի տղամարդ, որ ասեր՝ ես մնում եմ տանը, որ իմ տնեցիքին պահեմ։ Սաղ գնացել էին կռիվ, նման մարդ չկար»,-պատմում է Նաիրին։

Այդ դիրքից բարձրանում են բարձունքում գտնվող ու դժվարահաս դիրք, որտեղից էլ տեսնում է իր մարտական ընկերներին՝ պայմանագրային զինծառայողներին՝ 350 մետրանոց դիրքում տեղակայված։ «Մեր վաշտի դասակն ու զորամասից մի քանի տարբեր խմբեր այդ բարձունքում էին... այդ գիշեր՝ 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 04.00-ին, աշխարհազորայինները թողել են գնացել, մնացել ենք 11 հոգով»։ Արցախցի զինվորականները հասկացել են, թե ինչ է կատարվում․ «Պատերազմի առաջին, երկրորդ, երրորդ ժամերին մենք հասկացանք, որ մենակ ենք։ Կապ չունի՝ աշխարհազորային էր, պայմանագրային էր։ Այդ պատերազմը չէինք կարող մենակ հաղթել՝ անհնար էր այդ պատերազմում հաղթել, բայց եթե Մարտակերտում խոցված չլինեինք, ամեն ինչ կարող էր այլ ընթացք ունենալ։ Մարտունիում շատ ուժեղ կռվել ենք՝ ընդամենը մի դիրք ենք կորցրել, ճիշտ է` զոհեր տվել ենք, բայց հետ չենք քաշվել ընդհանրապես, որովհետեւ գիտակցում էինք, գիտեինք, թե ինչ է կատարվելու, եթե հետ գնանք։ Եթե կռիվ է, հետ ես նայում, քո տունն է, գիտես` եթե գնաս տուն, մյուսը գնա տուն, ի՞նչ կլինի... եթե թուրքը մտնի, կկոտորի, ցեղասպանություն կանի, մենք թուրքին հո լավ ենք ճանաչում։ Ես երկու պատերազմ եմ անցել ու մի բան եմ հասկացել այս կյանքից՝ պատերազմում չամիչ չեն բաժանում»։

Սեպտեմբերյան պատերազմի ժամանակ եղել են սարսափելի ողբերգություններ, Սուլեյմանյանը պատմում է, որ Ասկերանի շրջանում մոր աչքի առաջ 13-14 տարեկան երեխայի են թուրքերը մորթել։ «Ամենակարեւորը՝ չենք վախեցել, մահը չի կարա հաղթի գաղափարին, չի կարա հաղթի մի ազգի, որն ուզում է պաշտպանել իր հայրենիքը։ Ինը ամիս ապրեցինք, չէ՞, այդ ամեն ինչի մեջ, բայց դա ինձ համար ոչինչ չէր նշանակում, միշտ ասել եմ՝ թող սենց լինի, թող ճանապարհը փակ լինի, մենք էսպես էլ կապրենք, մենակ թե մենք մեր հողում ապրենք։ Ընկերներիս հետ միշտ ծիծաղել ենք, դուխներս տեղն է եղել։ Չենք վախեցել․․․ որովհետեւ հետ գնալու տեղ չունեինք։ Հետ գնալու ճամփան տունն է, էդ տան մեջ․․․ 2020 թիվը չէր, որ հանգիստ մտածեինք` ընտանիքներս Հայաստանում են, ապահով են, երեխա, կին` բոլորն Արցախում էին։ Մենք այդ ամեն ինչը հասկանալով՝ կանգնել ենք մինչեւ վերջ»,- պատմում է արցախցի զինվորականը։ Արցախը լքելու մտադրություն չի եղել։ Սուլեյմանյանը շեշտում է, որ եթե Մարտակերտում թշնամին չկարողանար հաջողության հասնել, իսկ Ստեփանակերտում դիմադրություն ցույց տային, այսպես չէր լինի: Գուցե հաղթանակ չլիներ, բայց պարտություն էլ չէր լինի, եւ արցախցին կշարունակեր ապրել Արցախում։