Ես լինելու եմ այնտեղ, որտեղ կա պայքար՝ հանուն Նիկոլի հեռացման

Ես լինելու եմ այնտեղ, որտեղ կա պայքար՝ հանուն Նիկոլի հեռացման

Հարցազրույց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ 

- Ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարած օրակարգով հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների գնալու հեռանկարին։ Արդյոք պատրա՞ստ եք մասնակցել այդ ընտրություններին Փաշինյանի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու պարագայում։ 

- Շատ վատ եմ վերաբերվում այդ մարդու կազմակերպած որեւէ օրակարգի, քանզի դրա միակ նպատակը որեւէ գնով վերարտադրվելն է: Ես բազմիցս քննադատել եմ այն ուժերին, որոնք նրա հետ կուլիսային պայմանավորվածություններ էին ձեռք բերում այդ օրակարգի մասով, քանզի կապիտուլյանտի համար ապահովում էին այլ հնարավոր ելքեր, քան հրաժարականն էր: Այս պահին զուտ հայտարարության մակարդակով այդ օրակարգը թելադրված է, բայց դրան մասնակցել-չմասնակցելու մասով ճիշտ կլինի ու առարկայական, երբ դա լինի ոչ թե հայտարարություն, մտադրություն, այլ կայացած փաստ` նշանակված ընտրության տեսքով: Եվ այդ ժամանակ բոլոր գործոնների հաշվի առնմամբ կարելի է խոսել չմասնակցելու կամ մասնակցելով նրա օրակարգին խանգարելու մասին: Կհարցնեք՝ ինչո՞ւ: Քանզի մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոսի հետ, ով անընդհատ մտադրություն է փոխում` ելնելով հանգամանքներից: Ուստի եկեք մենք էլ, ելնելով հանգամանքներից, որոշում կայացնենք ու բարձրաձայնենք: Ի վերջո, մեկ անգամ նա խոսել է արտահերթի մասին, իսկ հետո ասել, որ հանրային պահանջ չկա: 

- Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք եւ ո՞ր ուժի հետ, հնարավո՞ր է դա լինի Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած դաշինքը։ 

- Այս հարցի պատասխանն ուղղակի կախված է առաջին հարցի պատասխանից: Որեւէ որոշում գաղտնի չի լինելու, ու անշնորհակալ գործ է կանխատեսումներ անելը: 

- Չե՞ք կարծում, որ Հայրենիքի փրկության շարժումը, որի կազմակերպած միտինգներին ակտիվորեն մասնակցում էիք նաեւ Դուք, տապալեց պայքարը, ինչո՞ւ չկարողացավ հասնել հաջողության։ 

- Նախ՝ ես լինելու եմ որեւէ տեղ, որտեղ կա պայքար՝ հանուն Նիկոլի հեռացման: Ինչ վերաբերում է շարժման տապալմանը կամ չտապալմանը, կարծում եմ` այս մասով կարծիքները շատ տարբեր են հենց շարժման ներսում: Անձամբ կարծում եմ, որ եթե դա դեռ պաշտոնավարում է, ապա ես չեմ հաջողել: Բայց եթե Նիկոլը խոսում է արտահերթի մասին, նշանակում է իր կյանքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: 

- Առաջիկա հանրահավաքին մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ։ 

- Դեռ չեմ որոշել: Թերեւս։

- Մամուլում գրվել էր այն մասին, որ հակաիշխանական ճամբարից ամենաբարձր ռեյտինգն ունի Կարեն Կարապետյանը, եւ ընդդիմությունը հույսեր է փայփայում, որ նա կմասնակցի ընտրություններին, այդ թվում՝ Քոչարյանի դաշինքով։ Դուք ի՞նչ կարող եք ասել Կարապետյանի վարկանիշի եւ նրա հավանական մասնակցության մասին։ 

- Կարծում եմ՝ նրա մասնակցությունը շատ օգտակար կլիներ ընդդիմության համար` հաշվի առնելով իր կառավարության արձանագրած հաջողությունները եւ վարկանիշը, բայց, որքանով տեղյակ եմ, հստակ չգիտեմ, նա չի պատրաստվում մասնակցել ընտրություններին: