Դրանք մեր դիմադրությունն էին ստուգում․ ես պանթեոն գնալու իմ ժամն ու ձևն ունեմ

Դրանք մեր դիմադրությունն էին ստուգում․ ես պանթեոն գնալու իմ ժամն ու ձևն ունեմ

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8–րդ տարելիցն է։ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանը, ամեն տարի այս օրը յուրահատուկ ծիսակարգ է կազմակերպում։ 

«Ասացին՝ առավոտյան քաղաքապետը պանթեոնում է լինելու, զոհված զինծառայողների ծնողներով ներկա լինենք։ Ասացի՝ քաղաքապետն անձամբ պիտի առաջարկ աներ, ես պանթեոն գնալու իմ ժամն ու ձևը ունեմ։ Կեսօրին, ինչպես ամեն տարի, հարազատներով, Ալիկիս ընկերներով հավաքվեցինք, քահանա հրավիրեցինք, պանթեոն գնացինք, հետո եկանք մեր տուն, Ալիկիս հիշեցինք, արածները․․․․»- hraparak.am-ի հետ զրույցում ասաց հերոս փոխնգնդապետի հայրը՝ ընդգծելով, որ արդեն որերորդ տարին է՝ պետական,բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ապրիլյան հերոսների հիշատակը հարգող չկա:

«Ոչ գալիս են, ոչ գնում, գիտեն՝ էդ հերոս տղերքի արյունը մարսելու են, ոչինչ, քթներից էն կարգի է դուրս գալու , որ ասելու չի»։

Գևորգ Առաքելյանի խոսքով՝ վերջին օրերին փառքի անկյունները հանելու խոսակցությունները միավորել են իրենց՝ հերոսածին ծնողներին։ «Դրանք մեր դիմադրությունն էին ստուգում, որ տեսնեին՝ ինչ է, հանեին, բայց դուք չեք պատկերացնի, թե մենք Գյումրիում ինչ աղմուկ բարձրացրեցինք։ Անձամբ էնքան տեղ եմ դիմել, որ ասելու չի։Հիմա հանդարտվել են, ձենները չի ելնում, մտադրւթյունից հետ են քաշվել, բայց ասել եմ՝ թող փորձեն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ 2016թ.ապրիլի 1-ի լույս 2-ին շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Արդեն ապրիլի 2-5-ը թեժ մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով: Քառօրյա պատերազմին  մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը տվեց 110 զոհ և 120 վիրավոր: