Գուցե Հայկ Սարգսյանն է՞լ է ԱԺ-ում թյուրիմացաբար հայտնվել

Գուցե Հայկ Սարգսյանն է՞լ է ԱԺ-ում թյուրիմացաբար հայտնվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում՝ իր «քաջագործությունների» շնորհիվ, հերթական անգամ աչքի է ընկել իր գործունեությամբ։ Այս անգամ պատգամավոր Հայկ Սարգսյանը որոշել է ուժերը փորձել օրենսդիր աշխատանքում, որն «Իմ քայլի» պատգամավորներից դեռ ոչ բոլորի մոտ է ստացվում։ Նա, թերեւս մտածելով, որ եթե ինքը կարողացել է մասնակցել հեղափոխությանը եւ քայլել Նիկոլ Փաշինյանի հետ, պաշտպանել նրան հավանական վտանգներից, հետո էլ պատգամավորի մանդատ ստանալ, օրենք գրե՞լն ինչ է, որ չկարողանա։ Եվ, ահա, մի գրանդիոզ առաջարկությամբ է հանդես եկել՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։

Նախագիծը, ի դեպ, արդեն ստացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, ընդունվել առաջին ընթերցմամբ եւ շուտով կքննարկվի նաեւ երկրորդ ընթերցմամբ։
Հայկ Սարգսյանին այս նախագիծը թերի եւ ոչ լիարժեք է թվացել, եւ նա հանդես է եկել որոշ դրույթներ փոխելու առաջարկով։ Ամենատպավորիչը 5-րդ կետին վերաբերող առաջարկն է․ «Քրեականացնել պարտքով (նիսիա) խաղադրույք ընդունելը՝ սահմանելով վարչական տուգանք 000.000 դրամի չափով կամ ազատազրկում մինչեւ 5 տարի ժամկետով: Պարտքով խաղադրույք կատարել համարվում է նաեւ հեռախոսազանգով խաղադրույք կատարելը եւ «դու խաղադրույքն ընդունի, 5 րոպեից կբերեմ» արտահայտությունը»։

Եվ սա գրել է՝ ոչ ավել, ոչ պակաս, ԱԺ պատգամավորը՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, որը նեղսրտում է, երբ իրեն «ախրաննիկ» են անվանում, ավելին՝ նույնիսկ դատի է տալիս իրեն այդպես անվանողներին։ Իհարկե, մենք կարող ենք պատկերացնել եւ  համակերպվել, որ Հայկ Սարգսյանն «ախրաննիկ» չէ, անգամ ներողություն խնդրել նրան այդպես անվանելու համար, բայց արդյոք կարո՞ղ ենք պատկերացնել, որ նման բովանդակությամբ առաջարկ անողը կարող է պատգամավոր լինել։ Արդյոք պատգամավորը, որը պետք է գոնե տարրական պատկերացում, եթե չասենք՝ գիտելիք ունենա իրավաբանության, օրենքների ու օրենսդիր աշխատանքի մասին, կարո՞ղ է առաջարկել օրենքով քրեականացնել «դու խաղադրույքով ընդունի, 5 րոպեից կբերեմ» արտահայտությունը։ Էլ չենք խոսում մյուս առաջարկների մասին։

Եվ այս առաջարկությունը նման տեսքով մուտքագրվել է ԱԺ կայք եւ ընդունվել ի գիտություն՝ որպես պատգամավորի կողմից ներկայացված առաջարկություն։ Բնականաբար, չի ընդունվել առաջարկը, քանզի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստից առաջ Հայկ Սարգսյանը հետ է վերցրել իր առաջարկությունը, եւ այն անգամ չի էլ քննարկվել։ Բայց, միեւնույն է, մինչ օրս այս «հրաշք» առաջարկությունը շարունակում է մնալ ԱԺ կայքում։ Եվ սա ԱԺ-ում որեւէ մեկը չի նկատել, չի բարձրաձայնել, չի հարցրել՝ էս ի՞նչ առաջարկ ես ուղարկել։

Նախագիծը տարակուսանք է առաջացրել միայն ԲՀԿ-ի փորձագետ Ինեսսա Վարդանյանի մոտ, որն էլ տեղադրել է նախագծի այդ հատվածը ֆեյսբուքյան իր էջում եւ զարմանք արտահայտել, թե ինչպես կարող է պատգամավորը նման բովանդակությամբ առաջարկություն ներկայացնել։ Եվ Հայկ Սարգսյանը հերթական անգամ դարձել է համացանցի քննարկման ու զավեշտալի մեկնաբանությունների առարկա։ Մարդիկ արձանագրում են խորհրդարանի որակը՝ «շնորհիվ» «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների։ Ընդ որում, մեզ ասացին, որ սա Հայկ Սարգսյանի միակ «վիրտուոզ» առաջարկը չէ։ Նա այսօրինակ էլի առաջարկ-նախագծեր ունի՝ մեկը մյուսից ավելի զավեշտալի բովանդակությամբ, որոնք գուցե դեռ չեն դրվել շրջանառության մեջ։

Ինեսսա Վարդանյանի գրառման տակ արձագանքել էր Սարգսյանի օգնական Մադլեն Ժամկոչյանը՝ նշելով․ «Սրանք աշխատանքային քննարկումների ժամանակ բարձրացված հարցեր են, որոնց վերաբերյալ միայն նախնական քննարկումներ են եղել։ Կայքում հայտնվելը թյուրիմածության արդյունք է»։ Ընդ որում՝ օգնականն էլ, երեւի թյուրիմացաբար, «թյուրիմացություն» բառն ուղղագրական սխալով է գրել՝ «թյուրիմածություն»։
Իսկ կարո՞ղ էր արդյոք այս նախագիծը թյուրիմացաբար հայտնվել ԱԺ կայքում՝ մուտք արվել ընդհանուր բաժնի կողմից։ Ենթադրաբար՝ ոչ, քանզի դրա համար պետք է նախ դրան նախորդող գործողությունները «թյուրիմացաբար» կատարվեին։

Առաջարկը կամ նախագիծը նախ ուղարկվում է ԱԺ համապատասխան բաժիններ եւ խմբակցություններ երկու եղանակով՝ էլեկտրոնային եւ թղթային տարբերակով։ Երկու դեպքում էլ այն ստորագրվում է պատգամավորի կողմից կամ Mulberry համակարգի իր անձնական էջով է ուղարկվում։ Այսինքն՝ երկու դեպքում էլ պատգամավորի մասնակցությունը պարտադիր է, եւ պատգամավորը՝ ինքը, տեսնում է, թե ինչ է ուղարկում, չէր կարող «թյուրիմացաբար» չնկատել, որ, ինչպես օգնականն է նշել, «աշխատանքային քննարկման ժամանակ բարձրացված հարց է», ո՛չ վերջնական, «մաքրագիր» տարբերակ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, իսկապես թյուրիմացություն է եղել, ապա գուցե Հայկ Սարգսյանի՝ ԱԺ-ում հայտնվե՞լն է թյուրիմացաբար ստացվել։