Արդարադատության նախարարն արտոնություններ է խոստանում «լավ դատավորներին»

Արդարադատության նախարարն արտոնություններ է խոստանում «լավ դատավորներին»

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 27-ին Հանրային խորհրդի կազմակերպած համաժողովի ընթացքում, որը նվիրված էր դատաիրավական բարեփոխումներին, տարօրինակ մտքեր է արտահայտել։ «Այն դատավորները, որոնք  բարեխիղճ կկատարեն իրենց պարտականությունները, կիրականացնեն արդարադատություն, կունենան նաեւ նյութական բավարար ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ, ընդլայնված աշխատակազմ: Իսկ արդարադատության իրականացմանը չնպաստող դատավորների համար նախատեսվում է կարգապահական վարույթների գործիքակազմի ընդլայնում, այդ թվում՝ նաեւ գույքային  հիմքով կարգապահական վարույթ հարուցելու լիազորության  ավելացում»,- նշել է նա:

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանից փորձեցինք ճշտել, թե որքանով է նման միջամտությունը դատական իշխանությանն իրավաչափ։ Նա չէր լսել արդարադատության նախարարի վերոնշյալ արտահայտությունն ու շատ կասկածեց, որ նա նման մտքեր արտահայտած լինի։ «Ես նման բան չեմ լսել»,- ասաց նա։

Երբ ԲԴԽ անդամի համար ցիտեցինք նախարարի խոսքը, նա ենթադրեց, թե հնարավոր է, որ նախարարն ուղղակի քննարկման կարգով նման արտահայտություն արած լինի։ Իսկ երբ ասացինք, որ նախարարի խոսքը վերցրել ենք ՀՀ արդարադատության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունից, Գրիգոր Բեքմեզյանն ասաց․ «Ես գտնում եմ, որ դատավորների նկատմամբ տարանջատված մոտեցում չի կարելի դրսեւորել։ Դսատավորները բոլորը հավասար են։ Նախ՝ բոլոր դատավորներին պետք է նույն պրիզմայով նայեն, այն դատավորները, որոնք կունենան թերացումներ, եւ որոնց թերացումները կհամապատասխանեն Դատական օրենսգրքով նախատեսված թերացումների բնույթին, օրենքով սահմանված կարգով պետք է նրանց նկատմամբ վարույթներ հարուցվեն, եւ վերջնականապես ԲԴԽ-ն կորոշի՝ ենթակա՞ են նրանք կարգապահական պատասխանատվության, թե՞ ոչ։ Բայց մենք չենք կարող տարանջատել դատավորներին, որոնք լավ ակտեր են կայացնում եւ որոնք վատ ակտեր են կայացնում։ Լավ ու վատ ակտերը շատ հարաբերական են»։

- Ո՞վ է որոշում՝ տվյալ դատական ակտը լա՞վն է, թե՞ վատն է։

- Ոչ ոք չի որոշում դա։ Օրենքը պատասխանատվություն է սահմանում այն դեպքերում, երբ դատավորը մեղքի գործոնի ազդեցության տակ կամ կոպիտ անփութությամբ, կամ անզգուշությամբ կատարել է որոշակի խախտումներ, որոնք հանգեցրել են ծանր հետեւանքների կամ որոնք էական խախտումներ են համարվում։ Օրենքը հստակ կարգավորում է, եւ միայն այդ դեպքում դատավորը կարող է ենթարկվել պատասխանատվության։

- Իսկ օրենքում կա՞ այնպիսի բան, որ սոցիալական երաշխիքներ կամ ընդլայնված աշխատակազմ ունենան այն դատավորները, որոնք լավ են աշխատում։

- Դատական օրենսգրքում եւ այլ դատական ակտերում կատարվող փոփոխությունների նախագծերում, դատական իշխանությունը կարգավորող օերնքների նախագծերում,  որոնք մեզ ներկայացվել են, նման բան չկա։ Ենթադրում եմ, նա ինչ-որ միտք է ասել՝ քննարկելու համար։ Չեմ կարող ասել՝ հաջող է, թե հաջող չէ, բայց միտքն ասվել է եւ պետք է քննարկվի։ Բայց, իմ կարծիքով, դատավորներին տարանջատել միմյանցից եւ լավն ու վատը որոշել՝ չենք կարող։ Մենք կարող ենք միայն պատասխանատվության ենթարկել այն դատավորներին, որոնք ունեն էական կարգապահական խախտումներ եւ վերջ։ Այլ կերպ պատասխանատվության ենթարկելու տեսակներ օրենքը չի նախատեսում։

ՀԳ․ Պետք չէ իրավաբան լինել՝ հասկանալու համար, որ կառավարությունը դատաիրավական բարեփոխումների հիմքում մտրակի ու քաղցրաբլիթի սկզբունքն է դնում։ Բլիթը, դատելով նախարարի խոսքից, «նյութական ապահովությունն» է լինելու, արտոնություններն ու ընդլայնված աշխատակազմը։ Ասենք, «պուպուշ դատավորը» կարող է ստանալ մեկի փոխարեն երկու քարտուղարուհի, օգնականներ, լավ թոշակ ու պարգեւավճարներ, իսկ «արդարադատության իրականացմանը չնպաստողը», այսինքն՝ «քըխ դատավորը», կարժանանա մտրակի՝ նյութական վնասներ կկրի, «ընդլայնված աշխատակազմ» չի ունենա եւ այլն։ Նրան կարող են նույնիսկ մի քարտուղարուհի թույլ չտալ, ու բոլոր զանգերին դատավորն ինքը պետք է պատասխանի՝ ասելով․ «Ալլո, դատավոր Ազարյանը լսում է»։ Իսկ դատական նիստերը «ազարյաններն» իրենք կսղագրեն եւ նիստ կվարեն, որովհետեւ «փիս դատավորներին» այսպիսի դատաիրավական բարեփոխումից հետո կարող են նույնիսկ քարտուղար պահելու իրավունքից զրկել, իսկ նրա նիստերի ժամանակ կարող են, ասենք, դահլիճից հանել ձայնագրիչները։  

Նախարար Բադասյանը բաց տեքստով խոստովանում է, որ մտնում ենք բռնատիրական ժամանակներ՝ առանց թավշյա թիթիզությունների: Ովքեր հլու-հնազանդ կենթարկվեն եւ կիրականացնեն պատվերով արդարադատություն, խնդիր չեն ունենա՝ անկախ իրենց գույքային վիճակից ու անցյալում ցուցաբերած բարեվարքությունից, ինչի վառ օրինակն է հենց ԲԴԽ նախագահը։ Իսկ ովքեր դա «չեն հասկանա» եւ կդրսեւորեն սկզբունքայնություն, իրենց ոչ միայն կծաղրենք, կհայհոյենք, դռները կփակենք ու ցույցեր կկազմակերպենք, այլեւ կկիրառենք առավել գործուն միջոցներ՝ ի դեմս կարգապահական վարույթների, ընդ որում՝ վեր կհանենք նրանց գույքային դրությունը: