Խմբագրի կողմից

Նոր մշակույթ

Նոր մշակույթ

Մեզ հարկավոր են նոր որակի, նոր մտածողության գործիչներ։ Այս փակուղին կարող է հաղթահարվել միայն ալգորիթմների փոփոխությամբ, ոչ ստանդարտ քայլերով, անսպասելի լուծումներով։ Եվ քանի որ, այս իշխանության հանդեպ վստահության ռեսուրսն ամբողջությամբ սպառվել է, պարզ է, որ սրանք վերափոխման այլեւս ենթակա չեն, ուստի ոչ մի լավ բան այլեւս նրանցից չենք ակնկալում։

Միայն մի ակնկալիք է մնացել, որ իրենց մեջ ուժ գտնեն ու հեռանան, դաշտն ազատեն՝ նոր մարդկանց, նոր ուժերի, նոր կառավարության համար, որ երկիրը սկսի ապրել։ Բայց նոր ուժն ու նոր մարդիկ էլ պետք է կարողանան հավատ ներշնչել իրենց հանդեպ, ապացուցել, որ իրենք նոր են, լավն են, ունակ են երկիրը կառավարելու։ Այն, որ հունիսի 7-ին ընդդիմադիր ուժերը ջախջախիչ հաղթանակ չտարան նաեւ այս պատճառով էր՝ մարդիկ չհավատացին նրանց պոտենցիալին ու խոստումներին։

Մտածեցին, որ այս անգամ էլ են խաբվելու, ուրեմն թող մնա նա, ով իրենց հույսերն ի դերեւ է արել, ապացուցել է, որ անընդունակ է ու ապաշնորհ է, նրա հետ այլեւս ոչ մեկը, անգամ իր թիմը, հույսեր չի կապում։ Նոր հիասթափությունների ռեսուրս այս հասարակությունը չունի, չի ուզում նորից սիրել ու կրկին հուսախաբ լինել։ Եվ ես ուրախ եմ, որ նորահայտ ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» մոտ ընտրություններից հետո երկրորդ շնչառություն է բացվել։ Նրանք շարունակում են այցելել մարզեր, հանդիպել մարդկանց հետ։ Սա նոր մշակույթ է ձեւավորում՝ ընտրություններից հետո շարքային քաղաքացուն մոռացող իշխանությանն ու ընդդիմությանը եկել են փոխարինելու նոր մարդիկ, որոնք չեն հրաժարվում իրենց պատասխանատվությունից, չեմ մոռանում մարդուն։ Անգամ ստվերային կառավարության դեր են ստանձնում՝ նախընտրական խոստումներն իրենց ձայն տված համայնքների համար իրականացնելով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image