«Սասնա ծռերը» իրենք իրենց անունով ունեն վստահություն, բայց մնացածի մասին չեմ ուզում խոսել. Պավլիկ Մանուկյան

«Սասնա ծռերը» իրենք իրենց անունով ունեն վստահություն, բայց մնացածի  մասին չեմ  ուզում խոսել. Պավլիկ Մանուկյան

«Սասնա ծռերը իրենք իրենց անունով ունեն վստահություն, բայց մնացածի մասին չեմ ուզում խոսել»։ Այս մասին այսօր «Հրապարակի» հարցին` ինչո՞ւ «Սասնա ծռերը» չանցան խորհրդարան, չունեի՞ն վստահություն, ի պատասխան ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը։

Անդրադառնալով դեռ ՊՊԾ գնդի գրավման օրերին այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին աղբարկղը գցելու կոչերին իր կողմից, Մանուկյանը նշեց. «Ես Նիկոլ Փաշինյանին ասել եմ` բոլոր կուսակցական դրոշները իջեցվեն։ Թույլ տվեք ժողովուրդը մեկ անգամ հաղթի»։ Մեր մյուս հարցին` ինչո՞ւ զինված խմբի 2016 թվականին չհաջողվեց հեղափոխություն կատարել, Պավլիկ Մանուկյանն ասաց, որ ինքը հրազենային վիրավորում է ստացել, տեղյակ չի եղել ոչնչից։ Նա նաեւ անդրադարձավ Փաշինյանի հետ հանդիպելու իր ցանկությանը` նշեց, որ դեռ չի հանդիպել, սակայն հույս ունի, որ հանդիպումը կկայանա։  Փաշինյանի հետ էլ բարձրացնելու է «Սասնա ծռերի» հարցը։

Հիշեցնենք, որ 2016թ-ի հուլիսի 17-ին՝ վաղ առավոտյան, «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։ Այդ դեպքերի ժամանակ զոհվել են ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը և լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը։