Կունենանք 12 նախարարություն, այդ թվում՝ շրջակա միջավայրի նախարարություն

Կունենանք 12 նախարարություն, այդ թվում՝  շրջակա միջավայրի նախարարություն

Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նախագիծը։ Համաձայն այդ նախագծի՝ կվերացվեն կամ կկրճատվեն մի շարք նախարարություններ, դրանց մի մասի գործառույթները կփոխանցվեն այլ նախարարությունների, մի մասը կմիացվեն իրար, և կստեղծվի մեկ ընդհանուր նախարարություն, ինչպես նաև՝ նոր անվանումներով նախարարություններ։ Արդյունքում, ըստ նախագծի, կունենանք հետևյալ 12 նախարարությունները․

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2) առողջապահության նախարարություն
3) արդարադատության նախարարություն
4) արտակարգ իրավիճակների նախարարություն
5) արտաքին գործերի նախարարություն
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
7) շրջակա միջավայրի նախարարություն
8) պաշտպանության նախարարություն
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն
11) էկոնոմիկայի նախարարություն
12) ֆինանսների նախարարություն:

Զեյնալյանի զեկույցից հետո ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ սա մի նախագիծ է, որը շատ վաղուց քննարկվում է, և կարող ենք արձանագրել, որ հիմնականում ընկալված է նախագիծը հանրության շրջանում։ «Եվ ես հարկ եմ համարում ընդգծել, որ մեր հիմնական խնդիրը մեր պետական կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելն է և սփյուռքի հետ հարաբերությունների արդյունավետությունը բարձրացնելը, և այս ուղղությամբ մենք ունենք խնդիրներ»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով կրճատումներին՝ Փաշինյանը նկատեց՝ այո, կրճատումներ լինելու են, բայց լինելու են այդ կրճատումները էվոլյուցիոն տրամաբանությամբ, և յուրաքանչյուր պետական ծառայող իր շանսն է ստանալու։