Նոր ԱԺ-ն դեռ յոլա է գնում հնից մնացած նախագծերով

Նոր ԱԺ-ն դեռ յոլա է գնում հնից մնացած նախագծերով

Ազգային ժողովի երեկվա նիստը տեւեց մեկ ժամից էլ պակաս։ Օրակարգը շատ արագ սպառվեց, քանզի նախագիծ չկար։ 132 հոգով, որից միայն 88-ը՝ իշխանական «Իմ քայլից», ամեն օր գալիս են գործի, մի ամբողջ ամիս աշխատում են, որ քառօրյան տեւի ընդամենը մեկ օր եւ 30 րոպե։ Թերեւս ճիշտ կլինի «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն մտցնեն եւ քառօրյան վերանվանեն մեկուկեսօրյա։ Եղած մի քանի օրինագծերն էլ ընդդիմադիրների ներկայացրածներն էին, որոնք նոր գումարման ԱԺ են տեղափոխվել նախորդ խորհրդարանից։ Օրակարգի հագեցած չլինելուն քառօրյայի մեկնարկին իր ելույթում անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ սա օբյեկտիվ պատճառներ ունի՝ արտահերթ ընտրություններից հետո ժամանակ չեն ունեցել նախագծերով հանդես գալ։ Բացի այդ, ըստ նրա, բազմաթիվ օրինագծեր կան, որոնք քննարկման, շրջանառության փուլում են, եւ շուտով իրենք կունենան շատ ավելի հագեցած օրակարգ։ 

Միրզոյանի ասածի մեջ կա ճշմարտություն․ իսկապես՝ արտահերթ ընտրություններից հետո նրանք շատ ժամանակ չեն ունեցել օրինագծեր հեղինակելու, իսկ դա հեշտ պրոցես չէ, բայց նախ այդ արտահերթ ընտրությունների հապճեպության համար մենք չենք մեղավոր, այլ իրենք, որ որոշեցին դեկտեմբերին անել, եւ երկրորդը՝ նախագծերի հիմնական նախաձեռնողը սովորաբար կառավարությունն է լինում, ինչը նշանակում է, որ Փաշինյանի կառավարությունն էլ չի աշխատում։ 
«Իմ քայլի» պատգամավորներից Գոռ Գեւորգյանը, ով հանրությանը հայտնի դարձավ իր գրաբարյան ելույթով, ողջունում է ընդդիմության ներկայացրած օրինագծերը, իսկ իրենց կողմից նախագծերի բացակայությունը պայմանավորում է ժամանակի սղությամբ։ «Կատարվում է, իրականում, մեծ աշխատանք, յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր հանձնաժողով եւ խմբակցություն անում է իր առջեւ դրված պարտականությունները, եւ էն, ինչ որ դեռ չի երեւում, դա չի նշանակում, որ չի կատարվում։ Աշխատանք է կատարվում, որը շուտով ավելի պարզ կդառնա եւ ավելի ընկալելի հանրության կողմից»,- ասաց նա։

Իսկ ինքը՝ որպես պատգամավոր, ի՞նչ նախաձեռնությամբ է հանդես եկել, որեւէ օրինագիծ հեղինակե՞լ է։ Պարզվեց՝ նա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, եւ իրենց հանձնաժողովում շատ բան չկա անելու։ «Արտաքին կապերի հանձնաժողովն այն բացառիկ հանձնաժողովներից է, որ հիմնականում վերապահումներով կարող ենք հանդես գալ միջազգային այս կամ այն փաստաթղթին կամ համաձայնագրին, էստեղ նախաձեռնությունները շատ ավելի քիչ են լինում՝ որպես օրենքի նախագիծ։ Բայց ես ոչ միայն արտաքին կապերով եմ հետաքրքրվում, այլ նաեւ մյուս ոլորտներով եւ կարծում եմ, որ առաջիկայում որեւէ ավելի հետաքրքիր բան Ձեր նախանշած ոլորտում կտեսնեք»,- խոստացավ պատգամավորը։

Նույն հարցը տվեցինք նաեւ «Իմ քայլի» ամենաերիտասարդ պատգամավորներից Սոնա Ղազարյանին՝ ինչո՞ւ իրենց աշխատանքը չի երեւում։ Նա մեր հարցի մեջ բացասական վերաբերմունք հայտնաբերեց։ «Ասեմ, որ աշխատանք կատարվում է, ես եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ եմ եւ իմ էջում էլ պարբերաբար տեղադրում եմ մեր բոլոր հանդիպումները եւ ասել եմ բազմիցս, որ մենք նաեւ հանդիսանում ենք CEPA համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների միջգերատեսչական հանձնաժողովի անդամ։ Եվ շատ տարբեր աշխատանքներ են կատարվում»,- ասաց նա։ Իսկ անձամբ ինքն ի՞նչ է արել։ Պարզվեց՝ նա ունի այլ օրակարգ եւ դա ավելի հիմնավոր դարձնելու համար կազմակերպում է տարաբնույթ հանդիպումներ։ «Օրենսդրական նախագծեր քննարկում ենք, կարծում եմ, որ հաջորդ օրակարգում արդեն դրանք կլինեն»,- ասաց Սոնան՝ չկոնկրետացնելով։

Նրա գործընկերուհի Արուսյակ Ջուլհակյանն էլ, որն ԱԺ ամենաբարդ՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ է, նախագծեր չներկայացնելը բացատրեց տեխնիկական հանգամանքներով։ «Քանի որ օրինագծերի մշակումը, հետագայում դրանց զուտ օրինագծի տեսք տալը ժամանակատար գործ է, հետեւաբար, քանի որ մենք նոր խմբակցություն ենք, այդ ամենի համար մեզ պետք է ժամանակ։ Այսինքն՝ գաղափարները կան, շատ պատգամավորներ արդեն հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, բայց այդ ընթացակարգային հարցերը դեռ հնարավորություն չենք ունեցել շրջանառության մեջ դնել եւ բերել օրակարգ»։ Իսկ ինչպե՞ս են հասցրել ընդդիմադիրները նախագծեր բերել օրակարգ։ «Այդ բոլոր օրինագծերը, որոնք ընդգրկվել են օրակարգում, ինչպես նաեւ քննարկվել են հանձնաժողովների նիստերում եւ ստացել են բացասական եզրակացություն, նախորդ ԱԺ-ից մնացածներն են։ Այսինքն՝ որեւէ նոր օրինագիծ եւ գաղափար չի եղել»,- ասաց Ջուլհակյանը։