ԱԱԾ հաղորդագրությունը դեռ չի նշանակում, որ նրանց մեղքն ապացուցված է

ԱԱԾ հաղորդագրությունը դեռ չի նշանակում, որ նրանց մեղքն ապացուցված է

«Զորաշենի» գործով անցնող Ադյան եղբայրներն աշխատել են ՊՎԾ պետի նախկին տեղակալ, դեկտեմբերի 9-ից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի «կուրացիայի» տակ։ Մենք նրանից հետաքրքրվեցինք այս գործի եւ իր կարգավիճակի մասին։

- Պարոն Ուլիխանյան, հայտնի է, որ Ադյան եղբայրները գործել են Ձեր «կուրացիայի» տակ, ի՞նչ կասեք «Զորաշենի» աղմկահարույց գործի մասին, ունե՞ք արդյոք առնչություն, հարցաքննվել եք կամ բացատրություն եք գրել։

- Գործի մասին գիտեմ այն, ինչ լրատվամիջոցներն են գրել, ես որեւէ կարգավիճակով չեմ անցնում, այո, իրենք գործել են իմ կուրացիայի տակ, բայց ես որեւէ կարգավիճակով չեմ անցնում այդ գործով։ Ես էլ եմ սպասում, որ նախաքննական մարմնի գործողություններն ավարտվեն, որպեսզի հասկանամ ընդհանրապես՝ ինչ գործ է եղել։

- Եթե գործել են Ձեր «կուրացիայի» տակ, Դուք որեւէ կասկածելի գործընթաց չե՞ք նկատել։

- Ոչ, չեմ նկատել, Ադյան Սամվելի մասին պարոն Սանասարյանի արած գնահատականը, որ նա պրոֆեսիոնալ աշխատակից է, ես դա հաստատում եմ, նույնն էլ Դավիթ Ադյանին է վերաբերում, իսկ գործի հետ կապված՝ պիտի սպասենք, որ հասկանանք, թե ինչ է կատարվել։

- ԱԱԾ հաղորդագրությամբ՝ ՊՎԾ աշխատակիցների հովանավորչությամբ բիզնես խլելու փորձեր են արվել, Դուք կասկածնե՞ր ունեք, որ ԱԱԾ-ն օպերատիվ ոչ ճիշտ տվյալներ է ձեռք բերել։

- Գոյություն ունի անմեղության կանխավարկած, քանի դեռ դատարանի վճռով մարդկանց մեղքն ապացուցված չէ, նրանց  մեղքը համարվում է չապացուցված, նրանք անմեղ են, ես այս պահի դրությամբ նրանց համարում եմ անմեղ։

- Իսկ Դուք տեղյա՞կ եք, թե ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը քանի մարդու է դատարանի վճռից առաջ «դատապարտել», ստուգումների ընթացքում Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել նրանց «կոռուպցիոն» գործողությունները։

- Ես չեմ ուզում դա մեկնաբանել, խնդրում եմ, ինձ այդ մասին մի հարցրեք։

- Ադյան եղբայրներին ո՞վ է բերել համակարգ, Դո՞ւք, թե՞ Հայկ Սարգսյանը կամ գուցե Դավիթ Սանասարյա՞նը։

- Հաստատ՝ ես չեմ եղել, ես նրանց հետ ծանոթացել եմ իմ նշանակումից հետո, երբ նրանք եկել են աշխատանքի, մինչ այդ չեմ ճանաչել։ Գիտեմ, որ նախկինում աշխատել են վերահսկողական ոլորտում՝ Հաշվեքննիչ պալատում, մասնագիտական բարձր կարողությամբ օժտված մարդիկ են։

- ԱԱԾ-ի հաղորդագրությամբ խոսվում է, որ 2018-2019 թվականների ընթացքում են ՊՎԾ աշխատակիցները փորձել որոշակի գործողություններ անել, այսինքն, երբ Դուք ՊՎԾ պետի տեղակալ էիք․ ինչպե՞ս է եղել, որ այդ ընթացքում որեւէ կասկածելի բան չեք նկատել։

- Որեւէ կասկած ունենալու դեպքում ես այդ կասկածները փարատելու համար ինքնուրույն քայլեր կձեռնարկեի, եթե հանցավոր համաձայնության մասին որեւէ տվյալ ունենայի, հաստատ քայլեր կձեռնարկեի ու կկանխեի։

- Այս պատմությունից հետո կարելի՞ է ակնկալել, որ ՊՎԾ-ն ունակ է պետական պատշաճ վերահսկողություն իրականացնել։ Եթե վարչապետին ենթակա կառույցի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով փորձ է արվել բիզնես խլել, էլ ի՞նչ բացահայտումների մասին է խոսքը։

- Ցանկացած կառույցում ցանկացած բան կարող է կատարվել, բայց ես ուզում եմ կոչ անել, որպեսզի որոշ մարդկանց իրականացրած աշխատանքները չվերագրեն կառույցին։ Սրանով չպետք է որեւէ կերպ նսեմացվի ՊՎԾ-ի դերն ու նշանակությունը պետական կառավարման վերահսկողության համակարգում, եւ շատ կարեւոր է նաեւ հանրության վստահությունն այդ կառույցի նկատմամբ։

- Եթե ՊՎԾ պետի մակարդակով հայտարարվում է, որ Ադյան եղբայրները կառույցի պրոֆեսիոնալներից են, ուրեմն ի՞նչ սպասել մյուսներից։

- Մենք ոտնահարում ենք անմեղության կանխավարկածը, ԱԱԾ հաղորդագրությունը դեռ չի նշանակում, որ նրանց մեղքն ապացուցված է։

- Մանվել Գրիգորյանի դեմ էլ դատարանի վճիռ չկա, բայց վարչապետի, իշխանավորների մակարդակով հայտարարվում է, որ նա զինվորի հաց գողացող է, ու շատ այսպիսի դեպքեր։

- Եկեք քաղաքական հայտարարություններ չանենք, որոշակի կոնտեքստում արված հայտարարությունները թողնենք մի կողմ, ես էլ եմ իշխանության ներկայացուցիչ ու հիմա ասում եմ՝ Մանվել Գրիգորյանն ինչ արարքի մեջ էլ որ կասկածվում է, մինչեւ որ դատարանի վճռով չդատապարտվի, ես՝ ինքս, նրան համարում եմ նույն կարգավիճակով, ինչ մնացած բոլորին, ում նկատմամբ դեռ նախաքննական փուլ է։ Կրկնում եմ՝ եկեք չքննարկենք քաղաքական հայտարարությունները, թե դրանք ինչ կոնտեքստում են արվել, ինչ նպատակով։ Շատ բաներ վարչապետը կարող է անել, որոնք չեն կարող անել պատգամավորները։

- Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, կարող են, չէ՞, այդ 3 միլիոն վարչապետերն էլ ասել, որ ՊՎԾ պաշտոնյաները կոռուպցիոներներ են, բիզնես են խլում, կարո՞ղ ենք կասկածել, որ ՊՎԾ-ն չի կարող պատշաճ վերահսկողություն իրականացնել։

- Կասկածել բոլորը կարող են, բայց կասկածը կառույցի նկատմամբ միայն վնասելու է կառույցին։ Պետք է գնահատական տրվի կոնկրետ անձին, կոնկրետ գործողությանը։

- Ուզում եք ասել, որ Դավիթ Սանասարյանը տեղյակ չի՞ եղել։

- Ես չեմ խոսել, բայց որքանով տեղեկացված եմ, Սանասարյանն աջակցություն է հայտնել, ասել է, որ կօժանդակեմ քննությանը․․․ Հա, ինչ-որ բաներից տեղյակ է եղել, որ նամակագրական կապ է եղել բուժհաստատությունների հետ, որ մրցույթի կանոններ փոխեն, բայց դա նա բացատրում էր մենաշնորհի դեմ պայքարելու, մենաշնորհը կոտրելու կամքով։ Իսկ Ադյանի եւ մյուս անձի մեղադրանքում կա քրեական տարր, ես որեւէ հիմք չունեմ կասկածելու, որ պարոն Սանասարյանն այդ գործով որեւէ կերպ ներքաշված լինի։

- Սա չի՞ նշանակում, որ Սանասարյանը տեղյակ չէ, թե իր ենթականերն ինչով են զբաղվում, ի վերջո՝ գործարարի հարցազրույցները տպվեցին, որոնցում նա ահազանգում էր, որ իր բիզնեսն են խլում։

- Մի քիչ սուր եք ձեւակերպում, հանցակազմը գնահատելիս շատ կարեւոր է մեղքի առկայությունը։ Շատ հնարավոր է՝ պետության համար անբարենպաստ հետեւանքներ ի հայտ գան, բայց որպեսզի կոչվի հանցանք, պետք է լինի դիտավորություն։ Ես վստահ եմ, որ նախաքննական մարմնի համար հարց է ծագելու՝ արդյոք տվյալ պաշտոնյաները գործել են պետության շահից ելնելո՞վ, թե՞ անձնական շահով պայմանավորված։ Եթե պարզվի, որ անձնական շահ են հետապնդել, կլինի հանցանք։

- Եթե պետության շահից լինեին ՊՎԾ աշխատակիցների գործողությունները, ինչո՞ւ պիտի առողջապահության նախարարն անձամբ ահազանգեր ԱԱԾ-ին։

- Մարդը կարող է անբարենպաստ հետեւանքներ առաջացնել իր գործունեությամբ կամ անգործությամբ, սակայն չունենա դիտավորություն։

- Գործարարի հարցազրույցը հերքվում էր անձամբ Դավիթ Սանասարյանի կողմից։

- Գործարարն էլ ունի իր շահերը։ Վստահ եմ, որ նա էլ գործով վկա հանդես կգա։ Նրա հայտարարությունն էլ պետք չէ ընդունել ի գիտություն, նախաքննական մարմինը թող պարզի նրա ցուցմունքները։

- Որպես ՊՎԾ նախկին պաշտոնյա՝ Դուք համակարծի՞ք եք այն գնահատականների հետ, որ կառույցն անգործության է մատնված, որեւէ լուրջ բացահայտում չկա, փոխարենը Դավիթ Սանասարյանն իր ողջ ժամանակն անցկացնում է ֆեյսբուքյան ստատուսներ գրելով։

- Ես անթույլատրելի եմ համարում իմ կողմից որեւէ կերպ գնահատական տալ Դավիթ Սանասարյանի արարքներին։