Կադրային կեղծիք Վայոց ձորի մարզպետարանում

Կադրային կեղծիք Վայոց ձորի մարզպետարանում

Վայոց ձորի ՔՊ-ական մարզպետ Տրդատ Սարգսյանի փետրվարի 1-ի հրամանով Վայոց ձորի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունում աշխատանքի է ընդունվել ՔՊ-ական, Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակիցներից Նարեկ Մարտիրոսյանը։ 
Նա ծառայողական կարիերա է անում ճիշտ պահին ճիշտ տեղում քայլելու շնորհիվ։ 

Չնայած փաստաթղթերով ձևակերպված հաստիքին՝ Նարեկ Մարտիրոսյանը փաստացի կատարում է մարզպետի խորհրդականի գործառույթները և նստում է մարզպետի աշխատակազմի համար նախատեսված սենյակում։ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքում Փաշինյանի վաղեմի աջակցի անուն ազգանունն ու պաշտոնը ընդհանրապես նշված չեն։ 

Մարզպետարանի աշխատակիցներից մեր զրուցակիցն ասաց, որ Նարեկ Մարտիրոսյանը 8-ամյա կրթություն ունի։ «Եթե անգամ մեզ ներկայացնի 10-րդ դասարանի դիպլոմ, ապա այն գնված է, իրական չէ։ «Նրա անունը ի սկզբանե թաքցված է եղել, վարչության խորհրդական է ձևակերպված, վարչության աշխատակիցները չեն նշվում կայքում»,- ասաց աղբյուրը։ 

Նարեկ Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց, որ ինքը նշանակվել է փետրվարի 2-ին ՏԻՄ և ՀԳՄ գծով հատուկ խորհհրդական։ Նա հերքեց իր 8-ամյա կրթության մասին տեղեկությունը։ 10-ամյա կրթություն ունե՞ք, կարո՞ղ եք ուղարկել Ձեր ատեստատի պատճենը։ Այս հարցին Մարտիրոսյանը չցանկացավ պատասխանել։ «Ես չեմ ուզում հրապարակել։ Զրպարտության հետ կապված որոշ քայլեր եմ կատարելու, դրա համար»։ Դատի՞ եք տալու զրպարտողներին։ Դեռ չգիտեմ, խորհրդակցում եմ մարդկանց հետ, բայց առայժմ չեմ ուզում որևէ բան հրապարակել», - ասաց հատուկ խորհրդականը։  

Մարզպետարանի այլ աշխատակիցների կենսագրության մեջ էլ մութ կետեր կան։ Օրինակ, մարզպետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Դավթյանի կենսագրության մեջ նշված է, որ 1995-2000 թվականներին նա սովորել է Արտաշատի համալսարանում, իսկ զինվորական ծառայություն անցել 1995-1997 թվականներին։ Հիմա սովորել է, թե՞ ծառայել։ Ծառայության տարիները սովորելու տարիների հետ զուգակցելը, համաձայնեք, յուրահատուկ տաղանդ է։ 

Զուգահեռ իրականությունում, բազմաթիվ փայլուն երիտասարդներ, գերազանց կրթությամբ, հեղափոխական մտքերով չարքաշ, սևագործ աշխատանք են կատարում կամ անգործ են, իսկ աշխատանքը ամեն հնարավոր մեթոդներով տրվում է հեղափոխական քայլերթի մասնակիցներին։

Նկարում մարզպետի խորհրդականի պարտականությունները կատարող Նարեկ Մարտիրոսյանն է։