ԱԼԳ ՔՀՖ հարթակում միավորված ՀԿ-ները պահանջում են դատական իշխանության շուրջ շուտափույթ կոնսենսուս

ԱԼԳ ՔՀՖ հարթակում միավորված ՀԿ-ները պահանջում են դատական իշխանության շուրջ  շուտափույթ կոնսենսուս

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն այսօր տարածված հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ։

Չմեկնաբանելով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի եւ այդ դատարանի անդամների հայտարարություններում արտացոլված հայտնի հակասությունները` արձանագրվում է հետևյալը․
Տարիներ ի վեր Հայաստանի Հանրապետության դատական համակարգը, այդ թվում` Սահմանադրական դատարանը, չեն վայելել հանրության վստահությունը, չեն բավարարել քաղաքական եւ կուսակցական ազդեցությունից զերծ` անկախ, անաչառ եւ հեղինակավոր դատական իշխանության չափանիշները, գործադիր իշխանության եւ իշխող քաղաքական ուժի ձեռքում ծառայել են որպես պետության զավթման կարեւոր գործիք։

ՍԴ-ի այդ դերակատարությունը դրսեւորվել է հատկապես համապետական ընտրությունների, ինչպես նաեւ հանրաքվեների հետ կապված վեճերով, երբ բարձր դատարանն անկարող է եղել պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքները եւ ազատությունները:  

2015թ. դեկտեմբերի հանրաքվեով Սահմանադրության փոփոխությունները, լեգիտիմության հետ կապված բոլոր ավանդական խնդիրներով հանդերձ, հասարակության կողմից արդարացիորեն ընկալվեցին որպես իշխող վերնախավի կողմից ձեւավորված արատավոր համակարգի հավերժացման փորձ։ Այսօրվա ճգնաժամային իրավիճակի հիմնական պատճառներից մեկը դարձավ այն, որ Հանրապետական մեծամասնությունը, խախտելով Սահմանադրական դատարանի՝ 2015թ. Սահմանադրությամբ նախատեսված ինքնավարության եւ քաղաքական ազդեցություններից զերծ լինելու սկզբունքն ու կարգավորումները, 2018թ. մարտի 2-ին ՍԴ անդամ, իսկ մարտի 23-ին ՍԴ նախագահ դարձրեց իրենց կուսակից Հրայր Թովմասյանին՝ դրանով իսկ այլափոխելով Սահմանադրության յոթերորդ գլխի՝ Սահմանադրական դատարանի կազմավորմանը վերաբերող դրույթների բովանդակությունը։

2018 թվականի քաղաքական զարգացումների արդյունքում Հայաստանը մտավ կարեւոր շրջան, որի նպատակն ավտորիտար համակարգից դեպի ժողովրդավարական համակարգ անցումն էր։

Այս անցումային շրջանի առաջին երկու փուլերում ժողովրդի ճնշմամբ ու քվեով ձեւավորվեցին իշխանության նախ` գործադիր, ապա` օրենսդիր ճյուղերը։ Բնականաբար, հաջորդ փուլում ենթադրվում է դատական համակարգի լեգիտիմացում, երրորդ իշխանության մաքրում կոռուպցիայից եւ նախկին ռեժիմի քաղաքական եւ տնտեսական շահերը սպասարկողի կարգավիճակի վերացում։

Ֆորումի անդամ ՀԿ-ները գտնում են, որ այս ճգնաժամը չի կարող հանգուցալուծվել որեւէ այլ ընթացակարգով, քան Սահմանադրության ապահովման համար պատասխանատվություն կրող համապատասխան մարմինների կոնսենսուալ համաձայնության միջոցով:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը սույնով կոչ է անում. 

    • ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարությանը եւ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին եւ անդամներին՝ սահմանադրական ճգնաժամի օր առաջ հանգուցալուծման նպատակով անհապաղ ձեռնամուխ լինել խորհրդակցական գործընթացի եւ ձեռնարկել վճռական ու առարկայական քայլեր։ 

    • Սահմանադրական դատարանի անդամներին՝ խնդրին մոտենալ ոչ թե նեղ անձնային կամ խմբային շահերից ելնելով, այլ Սահմանադրական դատարանի լեգիտիմության եւ հեղինակության վերականգնման եւ օրինակարգության պահպանման անհրաժեշտության գիտակցմամբ` կարեւորելով հանրության շրջանում առկա տրամադրությունները, դրանով իսկ հնարավորություն ապահովելով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համար։

    • Կոչ ենք անում նրանց նաեւ մինչեւ նշված խորհրդակցական գործընթացի ավարտը Սահմանադրական դատարանի անունից որոշումների ընդունումը բացառել՝ դրանց օրինականությունը վիճարկելի չդարձնելու եւ ճգնաժամը չխորացնելու նպատակով։

    • Միջազգային բոլոր կառույցներին՝ հաշվի առնել տվյալ խնդրի` Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության տեսանկյունից բացառիկությունը եւ կառուցողական ճանապարհով լուծման հրամայականը:  

    • ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, փորձագիտական հանրությանը՝ ճգնաժամը հաղթահարելուց անմիջապես հետո լայն քննարկումներ նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների գործընթացին սկիզբ դնելու ուղղությամբ, ինչն անհրաժեշտ է հետագայում նման ճգնաժամային իրավիճակները բացառելու, պետական հանրակարգերի ժողովրդավարացման ու ամրապնդման համար։ 

ՀԳ․  Քանի որ ֆորումի հայտարարության որոշ կետեր լրացուցիչ պարզաբանման կարիք ունեին, զրուցեցինք ֆորումի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանի հետ։ Նախ, մի սկզբունքային հարցի շուրջ սկզբունքային մոտեցման մասին։ Արդյոք ԱլԳ ՔՀՖ անդամները, պահանջելով սահմանադրական բարեփոխումներ, ակնկալո՞ւմ են, որ Սահմանադրության մեջ պետք է փոխվի կառավարման մոդելը, մի շարք լիազորությունների վերանայում լինի։ Մասնավորապես, այն, ինչ պնդում է խորհրդարանական ընդդիմությունը, որ, օրինակ, ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից անցնեն նախագահի ենթակայության տակ։

Ի պատասխան՝ Բորիս Նավասարդյանն ասաց, որ հնարավոր է, բայց այս հարցերի հետ կապված ԱԼԳ ՔՀՖ-ում ներկայացված տարբեր անձանց մոտ տարբեր մոտեցումներ ու սպասելիքներ կան, այսինքն՝ հարթակում առանձին հարցերի հետ կապված կոնսենսուս չկա։

Բայց  կա ընդհանուր մոտեցում, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի անհրաժեշտություն կա։

Ինչ վերաբերում է առանձին կետերի մասով իրենց ակնկալիքներին, այստեղ էլ Բորիս Նավասարդյանն ընդգծեց, որ իր անձնական կարծիքն է ներկայացնում։ Մասնավորապես, սահմանադրական գործեր քննելուց ձեռնպահ մնալու, կոնսենսուսի գալու ժամկետների հետ կապված։

«Ենթադրում եմ, որ հարցը պետք է շատ արագ լուծում ստանա, որովհետև ՍԴ գործունեությունն ու առաքելությունը դրանից չի տուժի։ Ենթադրում եմ, որ 2 շաբաթվա ընթացքում բոլոր սահմանադրական մարմինները շատ լուրջ անդրադառնան և գտնեն կոմպրոմիսային լուծումներ»,-ասաց նա։

Իսկ ինչպե՞ս են հենց ֆորումում պատկերացնում կոմպրոմիսային լուծումը։ Նավասարդյանն ի պատասխան ասաց, որ իրեն չի վերապահի նման բան առաջարկել, քանի որ սահմանադրագետ չէ, ոչ էլ կարող է ամբողջ խորությամբ պատկերացնել խնդիրն այնպես, ինչպես կարող են անել սահմանադրական մարմինները։

Բայց ասաց, որ նրանք պետք է կարողանան հաշվարկել բոլոր սցենարներն ու դրանց ռիսկերը և փորձեն հնարավորինս խուսափել։ Միջազգային կառույցների մասով. դրանք ո՞ր կառույցները պետք է լինեն։

«Ցանկաված միջազգային կառույց և նույնիսկ պետություն կարող է իր դիրքորոշումը հայտնել։ Նկատի ունեմ՝ Եվրոպայի խորհուրդն ու Վենետիկի հանձնաժողովը։

ԵՄ-ն  է շատ դեպքերում իր քաղաքական գնահատականը տալիս տարբեր զարգացումներին։ Հաշվի առնելով մեր դաշնակցային հարաբերությունները՝ կարող են Ռուսաստանից որոշ արձագանքներ լինել։ ԱՄՆ-ից, որը միշտ ուշադիր է մեր երկրում զարգացումների վերաբերյալ։

Մանավանդ, եթե խնդիրներն առնչվում են արդարադատությանը և մարդու իրավունքներին»,-ասում է Նավասարդյանն ու ավելացնում․ «Մենք շատ լավ հասկանում ենք, որ միջազգային կառույցները դա չեն կարող գնահատել խնդրի ողջ բարդությունը և հաշվի առնել այն առանձնահատկությունները, որ կան մեր հանրային-քաղաքական կյանքում։ Այնպես որ, պետք է ժամանակ տան, որ սահմանադրական մարմիններն այդ հարցի լուծումը գտնեն և միայն դրանից հետո կարող են իրենց եզրակացություններով ու խորհուրդներով հանդես գալ»։