Ո՛չ նոր որակի դատախազություն եմ տեսնում, ո՛չ քննչական կոմիտե, ո՛չ ոստիկանություն

Ո՛չ նոր որակի դատախազություն եմ տեսնում, ո՛չ քննչական կոմիտե, ո՛չ ոստիկանություն

Մարտի 1-ի գործով դատավարությունը, որով   2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին,  սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանին, խոստանում է լինել բուռն ու շրջադարձային։ 

Այս գործով ինքնաբացարկ է հայտնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգրոյանը, որն ընտրվել էր վիճակահանությամբ։ Պարզվում է, որ նա 2008թ․ մարտի 1-ի դեպքերից հետո հարուցված քրեական գործերով եղել է պաշտպան։ 
Հայտնի է, որ մինչ այդ Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց հրաժարվեցին եւ ինքնաբացարկ հայտնեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նելլի Բաղդասարյանը, Դավիթ Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը։ 

Փաստաբան Նորայր Նորիկյանից, որն ուշի-ուշով հետեւում է Մարտի 1-ի գործով նախաքննությանը, իր դիտարկումները ներկայացնում Ֆեյսբուքում գրառումների միջոցով, հետաքրքրվեցինք, թե իրավական ինչ հանգուցալուծում է սպասվում դատավորների ինքնաբացարկների դեպքում։ Արդյո՞ք դա չի առաջացնում իրավական ճգնաժամ։
«Ես կարծում եմ, որ ՀՀ  օրենսդրությունն արգելում է դատարաններին եւ դատավորներին հրաժարվելու արդարադատություն իրականացնելուց։ Միաժամանակ ՀՀ օրենսդրությունը նախատեսել է ինքնաբացարկի ինստիտուտը, որը հստակ սահմանված է ինչպես Քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ   սահմանադրական օրենքով։

Հետեւաբար պետք է նայել, թե կոնկրետ ինչ փաստական հանգամանքներ է ներկայացրել այդ դատավորը ինքնաբացարկ հայտնելու հիմքում եւ փորձել հասկանալ, թե ինքնաբացարկ հայտնելու հիմքում դրված փաստական հանգամանքները օբյեկտի՞վ են, հիմնավոր, պատճառաբանվա՞ծ։ Եվ եթե իսկապես պարզվի, որ դատավորի գործողություններում կա արդարադատությունից խուսափելու միտում, բնականաբար, այդ դատավորի նկատմամբ կհարուցվի կարգապահական վարույթ, եւ այդ դատավորը կենթարկվի կարգապահական պատասխանատվության։ Եթե Վարդան Գրիգորյանը ժամանակին Մարտի 1-ի գործերով եղել է պաշտպան, ապա կարծում եմ, որ նրա կողմից ինքնաբացարկ հայտնելու հանգամանքն ընդունելի է։ Բայց եթե կպարզվի, որ կան  դատավորներ, որոնք այս կամ այն պատրվակով փորձել են խուսափել Մարտի 1-ի գործով արդարադատություն իրականացնելուց, ապա նրանք պետք է ենթարկվեն խիստ պատասխանատվության։ Դա խաթարում է դատական իշխանության հեղինակությունը, դատարանը հրաժարվում է արդարադատություն իրականացնել, եւ հանրության մեջ ստեղծվում է այն տպավորությունը, որ մարդիկ արդարադատություն իրականացնելը պայմանավորում են այս կամ այն գործոնով»,- նշեց Նորայր Նորիկյանը։

Փաստաբանը կարծում է, որ անցած մեկ տարվա ընթացքում դատական իշխանության մեջ չի իրականացվել որեւէ բարեփոխում։ 

Նորայր Նորիկյանը կարծում է․ «Մենք գործ ունենք իներցիոն գործընթացի հետ, ես ո՛չ նոր որակի դատախազություն եմ տեսնում, ո՛չ նոր որակի քննչական կոմիտե, ո՛չ նոր որակի ոստիկանություն։ Մենք ուղղակի գործ ունենք իներցիոն պրոցեսներով առաջնորդվող իրավապահ համակարգի հետ, որի վերջը չի երեւում»։ 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադառնալով  Մարտի 1-ի գործին,  օրերս հայտարարեց․ «Սա բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու։ Դուք կտեսնեք մեր Երրորդ հանրապետության ժամանակվա, նվազագույնն ասեմ, երեք նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակներով, բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց նախկին եւ ներկա»։

Նորայր Նորիկյանը հակադարձում է․ «Եթե Դուք  հետեւել եք իմ գրառումներին, այդ մասին ես գրել եմ դեռեւս երեք ամիս առաջ, որ մենք Մարտի 1-ի գործով պատմական փուլում ենք։ Այդ դատավարությանը մասնակցելու են Հայաստանի երեք նախագահները, մեկն՝ ամբաստանյալի, երկուսը՝ վկաների կարգավիճակով։ Ես չեմ ուզում անհատականացնել, բայց մենք գործ ունենք մի դատախազության հետ, որը նույնն էր եւ՛ Սերժ Սարգսյանի օրոք, նույնն է եւ՛ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք։ Իրենք հայտարարում են, որ մեկ տարվա ընթացքում մեծ ծավալի աշխատանք են կատարել։ Պետք է պարզ հարցադրում անել՝ ո՞վ էր Ձեզ խանգարում, որ այդ նույն աշխատանքները չէիք կատարում մեկ տարի առաջ։ Խնդիրն այն է, որ մեկ տարվա ընթացքում մենք չունենք քրեական պատասխանատվության ենթարկված որեւէ նախկին հայտնի կոռուպցիոներ։ Իսկ քրեական հետապնդումը դեռ չի նշանակում, թե անձը մեղավոր է։ Հետեւաբար մենք պետք է հասկանանք, թե քրեական հետապնդումների վերջնական արդյունքով մարդիկ կենթարկվե՞ն քրեական պատասխանատվության, թե՞ ոչ։ Արդյո՞ք նրանց առաջադրված մեղադրանքները հիմնավոր են, թե՞ ոչ, եւ պետությանը հասցված վնասների քանի՞ տոկոսը կվերականգնվի։ Եվ միայն դրանից հետո Գլխավոր դատախազությունը հնարավորություն կունենա խոսել իր կատարած աշխատանքների արդյունավետության մասին»։