Հեղափոխությունը հանեք, իշխանափոխությունը ոչ մի անգամ չի բացառվում
Նախորդ խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանից հեռանալուց հետո զբաղված է արտադրությամբ, նոր ԱԺ-ի նիստերին էլ չի հասցնում հետևել։
«Որ ծանոթ մարդ չեմ կարողանում գտնել, դժվար եմ կողմնորոշվում»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։
-Բայց Ձեր կուսակից ընկերները ուշիուշով հետևում են նիստերին, նոր իշխանության սխալներն են բարձրաձայնում, քննադատում։
-Դե, երբ որ կուսակից ընկերների հետ երկուշաբթի հանդիպեմ, իրենք ինձ կիրազեկեն, և արդեն նաև ես կուսումնասիրեմ, կարծիք կհայտնեմ։
-Ի դեպ, ՀՀԿ-ն այս օրերին կարծես նոր ուղիներ է փնտրում՝ որպես ընդդիմություն դիրքավորվելու համար․․․
-Հանրապետականին պետք չէ նոր ուղիներ փնտրել, Հանրապետականն արդեն տեղավորված է և միակ ընդդիմությունն է կառուցողական։
-Տպավորություն է, որ ինչ-որ պլաններ են մշակում իշխանությանը հուժկու հարված հասցնելու, կա՞ նման բան։
-Ոչ, դա ապատեղեկատվություն է։ Պարզապես Հանրապետականն ուշիուշով հետևում է՝ դրականները ողջունելու և բացասականները, այո, անողոք քննադատության ենթարկելու։
-Շատ են խոսում այն մասին, այդ թվում՝ ձեր կուսակից ընկերները, որ նոր խորհրդարանը ընդամենը 1-2 տարվա կյանք է ունենալու, ի՞նչ հույսով են այդպես ասում։
-Ես դեպքերից առաջ չեմ ընկնում, նման գնահատականներ չեմ տալիս, Աստված տա, որ երկարաժամկետ լինի, բայց արդյունավետ։
-Ամեն դեպքում, հնարավո՞ր է ռևանշիստական կամ իշխանափոխության ցանկություններ կան ՀՀԿ-ի մոտ։
-Ռևանշիզմ բառը հանեք, բայց քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։
-Այսինքն՝ երկրորդ անգամ հեղափոխութան կամ իշխանափոխության տարբերակը չի բացառվո՞ւմ։
-Հեղափոխությունը հանեք, իշխանափոխությունը ոչ մի անգամ չի բացառվում։
Կարծիքներ