Հայաստանն ուզում է փոխել դաշնակցի եւ թշնամու տեղերը

Հայաստանն ուզում է փոխել դաշնակցի եւ թշնամու տեղերը

Անկասելի ջանասիրությամբ՝ Հայաստանն իր վրա է վերցրել ՀԱՊԿ-ի գերեզմանափորի դերը, դրա հիմնական շահառուին` ՌԴ-ին հասկացնելով, որ Հայաստանն իր համար անվտանգության այլ համակարգ է ընտրել: Սկզբում Անվտանգության խորհրդի քարտուղարը, հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը, հիմա էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն են խոսում ՀԱՊԿ-ից Հայաստանի, ավելի ճիշտ՝ նրա իշխանությունների խոր հիասթափության մասին: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դա արեց հենց Մոսկվայում, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ` հայտարարելով, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած վերջին ագրեսիային ՀԱՊԿ-ն արձագանքել է ոչ օպերատիվ եւ անարդյունավետ: Սիմոնյանը հավելել է, որ Հայաստանն անվտանգության հարցով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի՝ ըստ էության ասելով. քանի որ ՀԱՊԿ-ն չի կարողանում ապահովել մեր անվտանգությունը, Հայաստանը կարող է արագացված այլ անվտանգության համակարգի մաս դառնալ: 

Նման սպառնալիքները, սակայն, ոչ միայն ծիծաղելի են, այլեւ զավեշտալի. Ուկրաինան արդեն 8 տարուց ավելի ուզում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, կարծես թե այդ դաշինքում բոլորը կողմ են Ուկրաինայի անդամակցությանը, բայց չեն ընդունում: Վերջերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արագացված ընթացակարգով ՆԱՏՕ-ի անդամ դառնալու առաջարկ արեց, բայց չոր պատասխանեցին, որ մենք դեմ չենք Ուկրաինայի անդամակցությանը, ուղղակի հիմա դրա ժամանակը չէ, թող պատերազմը վերջանա, կընդունենք: Այնպես որ, գնալ Ռուսաստան ու ռուսական իշխանություններին սպառնալ, թե մենք ժամանակ չունենք, կարող ենք արագ որոշումներ կայացնել՝ այնքան էլ տեղին չէ: Մանավանդ որ ՀԱՊԿ-ում մեր մնալ-չմնալու հարցը միայն մենք չենք որոշում:

Ռուսաստանում առավել, քան որեւէ տեղ, գիտեն, որ ՀԱՊԿ գոյություն չունի: Ռուսաստանից ու Հայաստանից լավ դրա մասին գիտեն Տաջիկստանում եւ Ղրղզստանում: Հոկտեմբերի 10-14-ը Ղրղզստանի տարածքում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների եւ մի քանի այլ հրավիրյալ երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, պետք է տեղի ունենային «Անկոտրում եղբայրություն - 2022» անունով հրամանատարաշտաբային զորավարժություներ: Վերջին պահին Ղրղզստանի իշխանությունները հայտարարեցին, որ չեղարկում են զորավարժությունները, քանի որ չեն ցանկանում, որ իրենց զինվորներին եւ քաղաքացիական անձանց սպանած, գյուղերն ու ենթակառուցվածքներն ավերած Տաջիկստանի բանակի զինվորները եւ սպաները գան իրենց երկիր՝ զորավարժությունների մասնակցելու, իրենց մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու, որը հետագայում պետք է օգտագործվի ղրղզների դեմ: Միայն սեպտեմբերի կեսին տեղի ունեցած բախման ժամանակ զոհվել էր 63 ղրղզ, 198-ը՝ վիրավորվել, 41 զոհ եւ 30 վիրավոր էլ տաջիկական կողմն ուներ: Վերջին տարիներին նման բախումների թիվը մոտ 150 է: Հիմա Տաջիկստանն ու Ղրղզստանը դաշնակիցնե՞ր են, թե՞ թշնամիներ, այդ երկու երկրների ժողովուրդներն ու բանակներն իրար հետ անկոտրում եղբայրությո՞ւն են անում, թե՞ հավերժ թշնամություն: Բայց ո՛չ Ղրղզստանի եւ ո՛չ էլ Տաջիկստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները չեն հայտարարում, որ պատրաստվում են դուրս գալ ՀԱՊԿ-ից: Որովհետեւ ՀԱՊԿ-ից ու դրա հիմնադիր Ռուսաստանից այլ ակնկալիքներ ունեն:

ՀԱՊԿ 6 անդամ երկրներից Ռուսաստանն էլ արդեն ութուկես տարի քողարկված կամ բացահայտ պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ: Այդ ընթացքում Ռուսաստանը ո՛չ բարոյական, առավել եւս ռազմական աջակցություն չի ստացել դաշինքի մյուս անդամներից, չհաշված որ Բելառուսը ռուսական բանակին թույլ է տվել օգտագործել իր տարածքը՝ Ուկրաինա ներխուժման համար: Ռուսաստանը չի բողոքում, որ իր դաշնակիցներից ոչ մի օժանդակություն չի ստանում:
Հիմա գանք գլխավորին: Ռուսաստանը ՀԱՊԿ-ն ստեղծել է, որ Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի միջոցով պաշտպանի իր հարավարեւելյան սահմաններն Աֆղանստանից,  Չինաստանից, որ դրանք բուֆերի դեր կատարեն Աֆղանստանի եւ Չինաստանի միջեւ: Այդ երկրներն էլ մտել են ՀԱՊԿ, որ Ռուսաստանն իրենց պաշտպանի աֆղաններից, հակակշռի չինական ազդեցությանը: Ռուսաստանը՝ լավ կամ վատ, այդ գործն անում է. չլիներ Ռուսաստանը, թալիբները վաղուց էին մտել Տաջիկստան եւ գուցե նաեւ մյուս միջինասիական երկրներ: Չինական աճող ազդեցությանն էլ Ռուսաստանը հակակշռում է թե՛ տնտեսական, թե՛ կրթական, թե՛ ռազմական ոլորտում:

Բելառուսը նույն ձեւով ՀԱՊԿ անդամ է դարձել, որ բուֆերի դեր կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, որ ՆԱՏՕ-ի սահմանը չգա կպչի Ռուսաստանին, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայի դեպքում: Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմ սկսեց, որովհետեւ տեսավ, որ Ուկրաինան կորցնում է իր նույնիսկ երեւութական չեզոքությունը եւ պատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Բելառուսի առաջնորդ Լուկաշենկոյին էլ ՀԱՊԿ-ն պետք է Արեւմուտքից պաշտպանվելու եւ Բելառուսում իշխանությունը պահելու համար:

Հայաստանի պարագայում նույն վիճակն է: Ռուսաստանին Հարավային Կովկասը պետք է, որ բուֆերի դեր կատարի ՆԱՏՕ-ի եւ իր միջեւ: Հայաստանին էլ ՀԱՊԿ-ն պետք է, որ պաշտպանվի Թուրքիայից: Հիմա Թուրքիան կլանել է Ադրբեջանը, բայց Ադրբեջանն ընդհանուր սահման չունի Թուրքիայի հետ: Վրաստանն Արեւմուտքի դաշնակիցն է, բայց կառավարող «Վրացական երազանքը» պահում է սահմանը՝ չթողնելով, որ երկիրը վերածվի բացահայտ հակառուսական տարածքի: Եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, ՆԱՏՕ-ն փաստացի Ռուսաստանի հետ ընդհանուր սահման կունենա Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան շղթայով: Եթե Հայաստանը կորցնի Սյունիքը, կկորցնի նաեւ իր աշխարհաքաղաքական նշանակությունը, քանի որ այլեւս բուֆեր չէ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Դառնում է բոլորի համար անհետաքրքիր ու անիմաստ տարածք: Մի տարածք, որտեղ Նիկոլ Փաշինյանը կարող է հավերժական իշխանություն հաստատել ու միջազգային երաշխիքներով շարունակել իր անիմաստ պաշտոնավարումը:

Երբ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում ասում է, որ մենք անվտանգության այլ լուծումներ էլ ունենք, փաստացի ասում է, որ մենք Արեւմուտքից երաշխիքներ ունենք, որ Թուրքիան մեզ համար այլեւս սպառնալիք չէ, մեզ կարող եք Թուրքիայից չպաշտպանել: Ասում է՝ մենք փոխում ենք թշնամու եւ  բարեկամի տեղերը, այլեւս Թուրքիան է մեր բարեկամն ու դաշնակիցը, իսկ Ռուսաստանը սպառնալիք է եւ թշնամի: Բայց, ինչպես ասացինք, միայն Հայաստանը չէ, որ որոշում է, թե ինքը որտեղ լինի եւ ում համարի բարեկամ կամ սպառնալիք: Ուկրաինան էլ որոշեց փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը եւ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Ռուսաստանը դրան չհամաձայնեց, ինչի հետեւանքները տեսնում ենք ռուս-ուկրաինական պատերազմի տեսքով: Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դրան, որովհետեւ դրա հավանականությունն այնքան էլ փոքր չէ:

Ավետիս Բաբաջանյան