Նիկոլը ոչ լեգիտիմ է այսօր, քան Սերժը նախկինում

Նիկոլը ոչ լեգիտիմ է այսօր, քան Սերժը նախկինում

Նիկոլը չի տիրապետում իրավիճակին ոչ միայն վարչապետի մակարդակով, այլև լրագրողի հայացքով: Լրագրող Նիկոլն անհամեմատ ավելի խելամիտ լուծումներ կառաջարկեր երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար որպես ելք, քան կարող է տեսնել ու իրագործել դրանք վարչապետ Նիկոլը: Չի տիրապետում ինքն իրեն` միայն մեկ բացառության, որ բոլոր ճիգ ու ջանքերն ուղղել է վարչապետի իր տեղը` այս դեպքում աթոռը պահպանելուն, առանց սույն պաշտոնի դիրքն ու նշանակությունը կարևորելու: Իրատեսորեն գիտակցում է, որ աթոռ կորցնելը չի նշանակում սոսկ պաշտոնանկ լինել:  

Նիկոլը միայն այս պատերազմում չէ, որ պարտվել է` անկախ դրդապատճառներից, բուն պատերազմական գործողությունների հրահանգավորումից և հանգուցալուծումից: Նիկոլը նախ պարտվել է այն քաղաքական, պետական ու զինվորական գործիչներին, որոնց հետ դատաստան էր տեսնում, այն քաղաքականությանը, որ իրականացնում էր երկրի ներսում և այն քաղաքականությանը, որ վարում էր երկրից դուրս: 

Նիկոլը դատում էր 2016-ի պատերազմի համար, Նիկոլին դատելու են 2020-ի պատերազմի համար: Նիկոլը հիմա հեռակա կերպով իրեն զգում է դատարանում և ինքնապաշտպանվում է, և իր դատապաշտպանը հենց ինքն է: Մեղադրում է բոլորին և ամեն ինչ, շնչավոր ու անշունչ, լինեն վերևում, թե ներքևում, անկախ նրանից` հասարակությո՞ւն են, թե՞ հասարակական դիրք վայելող: Միակ արդարն ինքն է և միայն ինքն ունի քարեր շպրտելու իրավունք բոլորի վրա, բայց իր վրա` ոչ ոք: Այդ ճանապարհին նա պատրաստ է ցանկացածին զոհ տալ հանուն իր փրկության: Սա թող նկատի ունենան իր թիմակից մերձավորները:  

Նիկոլն այդպես մեղադրում էր նաև լրագրող ու խմբագիր ժամանակ, բայց դա ընկալվում էր որպես երկրի պաշտպանություն, ոչ թե ինքնապաշտպանություն: Դատում էր իշխանության գալու հենց սկզբից, բայց այն ժամանակ ինքը դատարանում դատավոր էր, իսկ հիմա մեղադրյալ: Դատավոր էր, քանի որ ուներ հանրային մեծ աջակցություն, հիմա մեղադրյալ է, որովհետև մենակ է:
Նիկոլն այսօր ավելի մենակ է ու մեկուսի հասարակությունից, քան Սերժն իր ժամանակին էր, և առավել ոչ լեգիտիմ, քան Սերժը նախկինում էր: Նիկոլի լեգիտիմությունն անգամ վիճարկելի չէ և դուրս է ամեն մի քննարկումից: Անգամ նրանք, որ համակերպվում են Նիկոլի պաշտոնավարման հետ, տարակուսելու են քվե տալ նրան: 

Եթե ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, չի փակում ճանապարհներ և կաթվածահար չի անում երկիրը, դեռ չի նշանակում, որ հաճելի է Նիկոլի ներկայությունը որպես վարչապետ: Մարդիկ շոկի մեջ են, սգի մեջ են և չեն կողմնորոշվում` ինչ անեն, որ մասը կորցրած հայրենիքը հանկարծ ամբողջովին չկորցնեն: Այս անորոշությունը, ընկճվածությունը չպետք է գրանցել հոգուտ Նիկոլի հաշվին: 

Եթե լրագրող, խմբագիր, ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլը աստիճանաբար բարձրացող համակրանք ուներ հասարակության մեջ, հիմա նրա համակրանքը զրոյացված է, իսկ առերես նրան պաշտպանողների կեցվածքը ոչ թե համակրանք է, այլ անորոշություն, անկարողություն: 

Լրագրող Նիկոլն ավելի կշիռ ուներ, քան վարչապետ Նիկոլը և հիմա երկրորդն է երանի տալիս առաջինին: Ես պարտք չեմ համարում ասել` հեռացիր, հեռանալն իր պարտքն է: 

Հուսիկ Արա