Նոր ժամանակներ՝ նոր խառնակչություն

Նոր ժամանակներ՝ նոր խառնակչություն

Մեր իրականության մեջ շատ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, որոնք հակված են փրկիչներ փնտրելու, կուռքեր պաշտելու։ Փրկչի կամ կուռքի ամենահարմար ու ամենահայտնի թեկնածուներից մեկը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Խարիզմատիկ քաղաքական գործիչ, լավ հռետոր, գրագետ եւ ինտելեկտուալ մարդ՝ կուռքի համար խիստ հարմար թեկնածու։ Ուստի զարմանալի չէ, որ գրագետ ու կիրթ մարդկանց մի մեծ զանգված եւս անվերապահորեն ընդունում է նրա խոսքն ու գնում նրա հետեւից՝ առանց քննելու եւ քննադատելու նրա առաջ քաշած թեզերը։ Եւ Տեր-Պետրոսյանը հմտորեն օգտվում է այդ իրողությունից՝ իր ազդեցության տակ պահելով այդ մարդկանց եւ հարմար պահերին ուղղորդելով իր ուզած ուղղությամբ։ Ընդ որում, Տեր-Պետրոսյանի ֆենոմենը նաեւ ենթադրում է օրիգինալություն՝ երբ ասում է բաներ, որ ուրիշները չեն ասում, կամ չեն համարձակվում կամ եթե ասեին՝ կքարկոծվեին։ Ու նրա խոսքը ուղղորդում է հանրության որոշ հատվածի, իրավիճակ փոխում, սատարում վտանգավոր ուժերին ու անձանց, մեղմում լարված իրավիճակը։

Մի խոսքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը էական դերակատարում ունի մեր կյանքում եւ ոչ միշտ՝ դրական։ Հիմա նա որոշել է ապակառուցողական դեր խաղալ, մեղմել հանրային վրդովմունքը, լիցքաթափել մթնոլորտը։ Ընդ որում, դա անում է խորամանկորեն, այնպես, որ քչերն են հասկանում արածի բուն իմաստն ու ուղղվածությունը։ Ասենք՝ նույն տեքստում փնովում է եւ Վազգեն Մանուկյանին եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն պահանջում, առանց նշելու քայլերի հաջորդականությունն ու դերակատարներին։ Եւ ստացվում է մի երկակի ու հակասկան տեքստ, որից ամեն մեկն իր ուզած մասն է վերցնում։ Մեկը գրում է՝ տեսեք՝ Նիկոլի հրաժարականն է պահանջում, մյուսն ասում է՝ տեսեք՝ մարդն ասում է փողոց դուրս մի եկեք։

Սրա լավագույն բնութագիրը տվել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը՝ 2015 թվականին, գրելով․ «Մեծ խառնակչություն» 6 մասից կազմված հոդվածաշարը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա անցած ուղու մասին ու նկարագրելով անկախությունից հետո Հայաստանում կատարված բոլոր իրադարձություններն ու դրանցում ՀՀ առաջին նախագահի դերակատարումը։ Հոդվածաշարն, իհարկել կեղծանունով է հրապարակվել՝ Ա․Սմբատյան, բայց հենց առաջին հոդվածից հետո բոլորը գիտեին, որ «Հայկական ժամանակում» տպագրվող այս մանրակրկիտ ու համարձակ վերլուծության հեղինակը թերթի երկարամյա գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա կարող ենք ասել, որ Տեր-Պետրոսյանը շարունակում է նույնը՝ Փաշինյանի տերմինոլոգիայով․ «մեծ խառնակչությունը», այժմ էլ պառակտելով հանրությունն ու քաղաքական շրջանակները, հստակ չձեւակերպելով իր դիրքորոշումն ու ասելիքը, համ նալին, համ մեխին խփելով եւ իր ինտելեկտն ու հեղինակությունը չարաշահելով։ Իր վերջին հայտարարությունն՝ ուղղված հանրությանն ու ստեղծված իրավիճակից դժգոհ մարդկանց, դրա վառ դրսեւորումն է։ 

Ընդամենը մի հատված ենք ներկայացնում 2015 թվականի հունվարին տպագրված հոդվածից։ Ի դեպ, 2012 թվականին Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցակով անցել է խորհրդարան եւ քաղաքական դաշտ մտնելու համար որոշակիորեն նաեւ նրան է պարտական։ Բայց ինչ որ պահից նրանց ճանապարհները բաժանվեցին եւ նա իր անհամաձայնությունը հայտնեց Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանն ու դրսեւորած վարքին։ Ստորեւ բերվող հատվածը վերաբերում է 1996 թվականի իրադարձություններին՝ ընտրություններին հաջորդած շրջանում, երբ կար կառավարման ճգնաժամ եւ իրավիճակը ինչ որ իմաստով նման էր այսօրվա իրավիճակին։ 

15.01.2015 թ
«․․․Նրա (Լեւոն Տեր-Պետրոսյանի) քաղաքական ծրագիրը մեկն է. մնալ իշխանության ղեկին, հարուցել այնպիսի խառնաշփոթ, որ ստեղծվի այդ «երանելի» ֆորսմաժորային վիճակը, որ բոլորը առանց բացառության՝ Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը, նրան խնդրեն չհեռանալ իշխանությունից: Որ ի վերջո տեղի ունենա իր «մարգարեությունը», որ իրեն ազգովի կխնդրեն հերթական անգամ առաջադրվել նախագահի թեկնածու եւ ինքը կառաջադրվի: 
Բայց այս խաղը դուր չի գալիս Տեր-Պետրոսյանի իշխանության առանցքային դեմքերին: Ոչ թե այն պատճառով, որ նրանցից յուրաքանչյուրն ինքն է ուզում լինել իշխանություն, այլ որովհետեւ նրանք խորությամբ չեն ընկալում, թե ի՞նչ է ուզում անել Տեր-Պետրոսյանը: Եթե ուզում է մնալ իշխանության, ինչո՞ւ իրենց այդ մասին ուղիղ չի ասում: Չէ՞ որ իրենք ոչ միայն հավատարիմ զինակիցներ են, այլեւ երկար տարիների ընկերներ: Բայց Տեր-Պետրոսյանը չի կարող գնալ նման անկեղծ եւ ուղիղ քայլի, որովհետեւ իշխանության ղեկին մնալու ցանկության խոստովանությունը նրան կդնի խնդրարկուի դերում, այսինքն՝ կթուլացնի իր իշխանությունը: Նա ուզում է խուճապ սերմանել իր իսկ քաղաքական թիմում, հարուցել մի մեծ աննախադեպ խառնակչություն, որ բոլորը բոլորին կասկածեն, բոլորը պայքարեն ընդդեմ բոլորի, որ բոլորը վախենան բոլորից եւ բոլորի համար ինքը դառնա փրկություն: Այս հեռահար նպատակին հասնելու համար Տեր-Պետրոսյանն արդեն ստեղծել է իրավիճակ, որ երեք գումարած մեկ ֆորմատը (Տեր-Պետրոսյան, գումարած Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան) փաստացի չի գործում: Տեր-Պետրոսյանը առանձին-առանձին է շփվում երեքից յուրաքանչյուրի հետ, ավելի շատ է սկսում շփվել Սերժ Սարգսյանի հետ՝ այսպիսով մյուսների մեջ կասկած հարուցելով կուլիսային պրոցեսների վերաբերյալ:

Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը այդ ժամանակներում ակնհայտորեն շփոթված են եւ անհանգստացած: Եռյակի հարաբերությունների լարումը հասել է գագաթնակետին: Նրանք արդեն իրար ընկալում են որպես բացահայտ թշնամիներ, եւ այս փուլում Տեր-Պետրոսյանը կարողացել է իրագործել իր մինիմում պլանը՝ բաժանիր, որ տիրես: Սա առնվազն նշանակում է, որ իշխանական եռյակը չի կարող համաձայնության գալ վարչապետի թափուր մնացած պաշտոնի հարցում կամ ընդհանրապես՝ որեւէ հարցում: Քաղաքական տրամաբանությամբ, վարչապետի պաշտոնը կարող են ստանձնել միայն երեք հոգի՝ Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան. միայն այս եռյակից որեւէ մեկը, այն էլ՝ մյուս երկուսի աջակցությամբ, կարող է ունենալ խորհրդարանական մեծամասնություն: Բայց նրանց համաձայնությունը գործնականում արդեն անհնար է, եւ սա այն է, ինչին ձգտում էր Տեր-Պետրոսյանը։ Ա․Սմբատյան»: 

Սվետա Մարտիրոսյան