Ֆոսֆորային զենքից տուժածների համար նախատեսված հետայրվածքային բինտերի համար մաքսազերծում են պահանջում

Ֆոսֆորային զենքից տուժածների համար նախատեսված հետայրվածքային բինտերի համար մաքսազերծում են պահանջում

Այրվածքներ ունեցող անձանց համար Ֆրանսիայից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը, որն ուղարկվել է բարեգործական նպատակով, շահառուներին չի հասնում, քանի որ մաքսատունը  մաքսազերծման համար պահանջում է շուրջ 130 հազար դրամ։ Մինչ օգնությունը ստանալու համար բյուրոկրատական քաշքշուկը շարունակվում է, շահառուները, որոնց համար նախատեսված է բեռը, կարող են մահանալ։

Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց «Բժիշկների կատարելագործման միջազգային ակադեմիա» հասարակական կազմակերպությունից Դիանան՝ ավելացնելով․ «Ես անընդհատ ծախսերով եմ աշխատում և ավել գումար չունեմ, որ տամ ռաստամոժկա անեմ»։ 

ՀԿ-ի ներկայացուցիչը վերադառնում էր մաքսատան կարգոյից։ 

Վերջինիս խոսքով՝ «գումարը պահանջում են՝ ճանապարհածախս, ընդհանուր ծախսեր, բայց ահավոր տգեղ է, էլի։ Նշեմ, որ այդ բեռում կան հետայրվածքային դիմակներ, հետայրվածքային բինտեր` ֆոսֆորային զենքերի հետևանքները վերացնելու նպատակով»։

«Հրապարակ»-ը խոսեց նաև ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի հետ, որը հայտնեց․

«Ընթացակարգը հետևյալն է․ հարկերից ազատման երկու տարբերակ կա․ մեկն այն է, որ եթե աշխատում են ԱՆ-ի հետ, ինքը հրաժարվում է հօգուտ առողջապահության նախարարության։ Երկրորդ տարբերակը՝ եթե իրենք հասարակական կազմակերպություն են, դիմում են կառավարություն՝ Բարեգործական հանձնաժողովին, մենք արագացրել ենք ընթացակարգը, մեկ-երկու օրվա ընթացքում բեռը որակվում է որպես բարեգործական, և իրենք կարողանում են տնօրինել։ Եթե այդ 2 տարբերակներից որևէ մեկով անհատը կամ կազմակերպությունը չի ուզում գնալ, այո, ապրանքը ենթակա է մաքսազերծման։ Բայց մենք այդ երկու տարբերակը հատուկ մշակել ենք, որ հարկերից ազատվեն»։

Շուշանիկ Ներսիսյանին հարցրինք՝ ուրեմն ինչո՞ւ կարգոյում քաղաքացուն այդ մասին ոչինչ չեն ասել։ Նա էլ ի պատասխան ասաց՝ «Ես հենց դրա համար եմ ասում՝ եթե նա ասել է, որ ուզում եմ ապրանքն այս պահին ինքս հանեմ, առանց հրաժարվելու կամ այն առանց բարեգործական որակելու, միգուցե իրեն տեղում բացատրել են, որ այդ դեպքում ընթացակարգը մաքսազերծման ճանապարհն է»։

Տեղեկացանք, որ մեր զանգից անմիջապես հետ գործն ընթացք է ստացել․ Դիանային զանգել  են և խոստացել ամեն ինչ արագ կազմակերպել։