Ռուբեն Վարդանյանից արցախցիները նաև սոցիալական արդարություն են ուզում

Ռուբեն Վարդանյանից արցախցիները նաև սոցիալական արդարություն են ուզում

Արցախի պետական այրերն օրհասական այս օրերին փորձում են ժողովրդի կողքին լինել, լսել նրանց։ Պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը քանի օր է` հանդիպումներ է ունենում վարչական շրջանների ղեկավարների հետ, այցելում է պատգամավորների հետ Արցախի շրջաններ, մարդկանց հետ խոսում, պատասխանում նրանց հարցերին։ Խորհրդակցությունը խորհրդակցության հետեւից է անցկացնում։ Նախօրեին օպերատիվ շտաբի անդամներին հավաքելով` ելույթ է ունեցել հանրային համերաշխության, իրար սատար կանգնելու թեմայով, քննարկել է պարենային ապրանքների և դեղորայքի հետ կապված իրավիճակը, գների աճը, խոսել է անկանխիկ գործարքների ակտիվացման անհրաժեշտության մասին։ Բայց ի՞նչ անկանխիկ գործարքներ, եթե բանկոմատներում փող չի մնում։ Մարդիկ աշխատավարձերը ստանալուն պես անմիջապես դատարկում են բանկոմատները, քանի որ վտանգ կա, որ հետո չեն կարողանա գումար հանել։ Բանկերում էլ կանխիկացման լիմիտ է սահմանված՝ երեկվա դրությամբ յուրաքանչյուր անձ առավելագույնը 50 հազար դրամ կարող էր կանխիկացնել։

«Մարդիկ պատերազմից եկած վախից` քարտերի միջից գումարներն ամբողջությամբ հանել են, բայց խուճապ չկա, բանկերում յուրաքանչյուրին 50 հազար դրամի չափով կանխիկացման հնարավորություն են տալիս։ Հիմնականում մարդիկ հանգիստ են», - մեզ պատմեց ԱՀ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

Պատգամավորների և պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ դեկտեմբերի 17-ի «կենդանի շփման» ժամանակ արցախցիները բազմաթիվ հարցեր են տվել պետնախարարին և պատգամավորներին։ «Մասնավորապես բարձրաձայնում էին, թե մարդիկ պետական հիմնադրամներով գումարներ են վերցնում` տնտեսությունը զարգացնելու համար, սակայն նույն Երևանում տուն կամ ավտոմեքենա են առնում»,- հանդիպումների մասին իր տպավորությունները մեզ հետ կիսեց պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ Մարտունու գուղերում, Մարտակերտում, իսկ երեկ` նաև Ասկերանում նա ականատես է եղել, թե ինչպես են արցախցիները վրդովված Հայաստանի պասիվությունից։ 

«Նրանք ասում էին, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են պլանավորված վաճառել Արցախը։ Մեղադրում էին նրանց ստեղծված իրավիճակին ոչ համահունչ գործելու համար, ասում էին, որ ՀՀ իշխանությունները դիտորդի դերում են և 120 հազար հայերի ճակատագիրը թողել են բախտի քմահաճույքին։ Տպավորությունն այնպիսին է, որ սա ևս պլանավորված էր։ Ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ պլանավորված հանձնել են Արցախի մեծ մասը, այսօր էլ այս ճանապարհով փորձում են մնացած մասը հանձնել։ Ինչպես ժողովրդին մեղադրեցին 44-օրյա պատերազմի պարտվելու մեջ, այնպես էլ հիմա շարունակում են մեղավորներ ման գալ՝ ոուս խաղաղապահների, միջազգային հանրության մեջ, բայց որևէ պատասխանատվություն չեն  վերցնում, գործնական քայլեր չեն ձեռնարկում»,- ասում է Դավիթ Գալստյանը։

Ըստ նրա, այդպիսի գործնական քայլ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելը։ «Այսօր տեսնում ենք Արցախի պետնախարարի խորհրդականին՝ ՄԱԿ-ի գրասենյակի դեմ նստած ակցիա անելիս, այն դեպքում, երբ որ մենք միշտ ունեցել ենք Հայաստանի Հանրապետությունը մեր թիկունքում, որը կարող է միջազգային հարթակներում, ՄԱԿ-ում բարձրացնել մեր հարցը, բայց արցախցիներին թողել է մենակ իրենց խնդիրների հետ»։ Ի՞նչ էր պատասխանում Ռուբեն Վարդանյանը՝ հարցրինք պատգամավորին։ «Նա ևս փաստում էր, որ քայլերը համարժեք չեն, և շատ ավելի մեծ հնչեղություն պետք է հաղորդվի այս ամենին, բայց հիմնականում խոսում էր ոչ թե որպես պետնախարար, այլ քաղպաշտպանության պետ, որ մենք ունենք համապատասխան գործիքակազմերը, օպերատիվ շտաբ ենք ձևավորել, որ միասին դիմակայենք խնդիրներին, ու չենք ենթարկվելու ադրբեջանցիների ճնշումներին»։ 

Պետնախարարն ու պատգամավորներն այցելել են «Բեյզ Մեթըլս» ընկերություն, հանդիպում են ունեցել ընկերության ղեկավարության և աշխատակիցների հետ, պատասխանել նրանց հարցերին: Դրմբոնի հանքահարստացուցիչ կոմբինատը, որը մոտ 1800 աշխատակից ունի, այսօր դեռ աշխատում է, բայց քանի որ արտահանում չկա, ու ճանապարհները փակ են, ոչ ոք չգիտի, թե մինչև երբ կաշխատի այն, ու որքան արտադրանք դեռ կկարողանան պահեստավորել։ Արցախցի դեպուտատներին և պետնախարարին նաև հարցեր են ուղղել ռուս խաղաղապահների հետ կապված, թե արդյոք նրանք ի վիճակի՞ են, ի վերջո, բացել ճանապարհը դեպի Հայաստան։ Մարդկանց ասվել է, որ ռուս խաղաղապահները ձեռքերը ծալած չեն նստել ու որպես միջնորդ, ամեն ինչ անում են` «էկոանվտանգության» ներքո կազմակերպված սադրանքը բացահայտելու համար։