Կառավարությունում կամ կոմպետենտ չեն, կամ անհարգալից վերաբերմունք ունեն իրենց աշխատանքի ու լրատվամիջոցների նկատմամբ

Կառավարությունում կամ կոմպետենտ չեն, կամ անհարգալից վերաբերմունք ունեն իրենց աշխատանքի ու լրատվամիջոցների նկատմամբ

Փետրվարի 22-ին ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը գրավոր հարցում էինք ուղարկել։ Գրավոր հարցման մեջ տեղ էին գտել հետևյալ հարցադրումները՝ 

1․ Որքա՞ն գումար է ծախսվել վարչապետի՝ ուղղաթիռով Դսեղ մեկնելու համար։
2․ Որքա՞ն վառելիք է ծախսվել վերոնշյալ այցի համար։
3․ Այդ օրը ինչպիսի հանդիպումներ ու միջոցառումներ ուներ վարչապետը նախատեսած։
4․ Որքան գումար էր ծախսվել վարչապետի՝ նոյեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք ուղևորվելու համար։
5․ Քանի՞ մեքենա էր նրան ուղեկցել։
6․ Որքա՞ն վառելիք էր ծախսվել այդ այցի համար։ 
Գրավոր հարցման նպատակը պարզելն էր, թե որքանո՞վ էին իշխանության այս կամ այն դեմքերի կողմից արված հայտարարությունները, թե ուղղաթիռով ավելի էժան է ՀՀ տարածքում շրջելը, քան ավտոշարասյունով, համապատասխանո՞ւմ իրականությանը։ Վերոնշյալ հարցերի պատասխանները ստանալուց հետո մի քանի պարզունակ մաթեմատիկական հաշվարկով հնարավոր կլիներ իմանալ, թե ի վերջո ուղղաթիո՞վ է ավելի էժան, թե՞ ավտոշարասյունով։ 
Հերիք չէ, որ այս պարզ հարցերին պատասխանելու համար կառավարության լրատվականը հավելյալ 30 օր ժամանակ էր խնդրել, դեռ մի բան էլ հարցմանը կիսատ է պատասխանել։ Կառավարության ուղարկած պաշտոնական պատասխանում մենք միայն տեսնում ենք առաջին 3 հարցերի պատասխանները, ընդ որում ոչ հստակ։ 3-րդ հարցին, թե ի՞նչ հանդիպումներ ու միջոցառումներ ուներ վարչապետը նախատեսած, կառավարությունից պատասխանել են՝ «մի շարք» 
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետի՝ Դսեղ մեկնելու համար ( Երթուղին՝ Երևան-Դսեղ-Երևան) ծախսվել է 1114 կգ ավիացիոն վառելիք, որի ընդհանուր գումարը կազմել է 524694 ՀՀ դրամ։ Քանի որ ուղղաթիռի անձնակազմը ռազմական օդաչուներ են, առանձին հավելավճար թռիչքի համար չի տրամադրվել։ Դսեղից Երևան ժամանելուց հետո վարչապետն ունեցել մի շարք աշխատանքային հանդիպումներ, որոնք նախատեսված են եղել վարչապետի աշխատանքային գրաֆիկով»,- ասված է գրավոր պատասխանի առաջին մասում։ Եվ թերևս այսքանով էլ սպառվում է պատասխանի այն հատվածը, որը վերաբերում էր մեր գրավոր հարցմանը։ Ապա 2-րդ մասում սկսվում են օրենքի անհասկանալի մեջբերումներ, ասվում են առանց այդ էլ ակնհայտ ճշմարտություններ վարչապետի՝ օրենքով հասանելիք պետական պահպանության և պետական գաղտնիքների մասին, սակայն թե որքանո՞վ դա կապ ուներ մեր հարցերի հետ, այդպես էլ մնաց անհասկանալի․

««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչապետին տրամադրվում է պետական պահպանություն նրա՝ մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում՝ նշված օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պետական պահպանության իրականացման միջոցառումների լրիվ ծավալով, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին։ Վերը նշված օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Պետական պահպանության ծառայությունում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրությանն համապատասխան։ Վարչապետի անվտանգության կազմակերպման ձևերի, մեթոդների, ինչպես նաև ներգրավված անհրաժեշտ ուժերի և միջոցների վերաբերյալ տեղեկությունները պետական գաղտնիք են և համաձայն «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Ձեզ չեն կարող տրամադրվել։

Կատարող՝ պաշտպանության նախարարութուն և ԱԱԾ»,- ասված է պատասխանի 2-րդ մասում։

Ի վերջո ի՞նչ են պատասխանել կառավարությունից , «պարզ հարց, բարդ պատասխան» սկզբո՞ւնքն է, թե՞ մենք ասել ենք «գանձ», կառավարության լրատվականում հասկացել են «տանձ»։ Պարզելու համար զանգահարեցինք կառավարության լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն խաչատրյանին, ով ստորագրել էր պաշտոնական պատասխանը։ Խաչատրյանը պնդեց, որ պետական գաղտնիքի մասին հատվածը  վերաբերում էր այն հարցին, թե քանի մեքենա էր վարչապետին ուղեկցել Մարտունի կատարած այցի ժամանակ, իսկ մեր այն պնդմանը, որ այդ մեքենաների քանակը կարող էր երևալ այցը լուսաբանած լրատվամիջոցների տեսանյութերում, ուստի դա չէր կարող համարվել պետական գաղտնիք, Խաչատրյանը պատասխանեց․

«Դե Դուք կարող եք տալ, բայց եթե տեսնում եք, այդ պատասխանի հեղինակը ոչ թե լրատվական վարչությունն է, այլ պաշտպանության նախարարությունն ու ԱԱԾ-ն, ուստի իրենք են իրավական տեսանկյունից նաև պատասխանները ներկայացնում, և հիմքերը, թե ինչու չեն ներկայացնում։ Միայն վառելիքի մասը չկա, ես խոստանում եմ՝ կճշտենք, Ձեզ կասենք»,- ասաց Խաչատրյանը։ Նա նաև խոստացավ ճշտել և ասել, թե որքան գումար է ծախսվել Մարտունի կատարած այցի ժամանակ։ Սակայն հետագայում կրկին սկսեց պնդել, որ ավտոշարասյանը վերաբերող տեղեկությունը պետական գաղտնիք է, իսկ ուղղաթիռինը՝ ոչ, քանի որ ուղղաթիռը ՊՆ հաշվեկշռում է, իսկ մեքենաները ՊՊԾ հաշվեկշռում։ 

Նաև մեզ հայտնի դարձավ, թե ինչու են պատասխանում ներկայացրել պետական գաղտնիքի հատվածը, չէ որ նույնիսկ իրավական որևէ գիտելիք չունեցող մարդն էլ կարող է հասկանալ, որ չի կարող պետական գաղտնիք համարվել մի բան, որը ազատ կարող են նկարահանել, և տարածել, խոսքը այս դեպքում վարչապետի ավտոշարասյան մասին է։ Իսկ հարցի վրա լույս սփռել օգնեցին մեր գործընկերները։ Պարզվում է, որ iravaban.net-ը նույնպես գրավոր հարցում է ուղարկել կառավարություն՝ վարչապետի՝ ուղղաթիռով կատարած այցի վերաբերյալ, կառավարությունից էլ, տեսնելով հարցումների մեջ «ուղղաթիռ» բառի կրկնությունը, «copy-past» սկզբունքով տառացիորեն նույն պատասխանը ուղարկել են 2 տարբեր լրատվամիջոցների՝ ի պատասխան 2 տարբեր հարցումների։ Սրա վերաբերյալ էլ Խաչատրյանը նշեց, որ հարցերը նույնն են եղել։ Մինչդեռ  iravaban.net-ի ռեպորտաժից տեղեկանում ենք, որ հարցը եղել է, թե ովքե՞ր են ուղեկցել վարչապետին, այլ ոչ թե քանի մեքենա է ուղեցել նրան։ Կից ներկայացնում ենք նաև iravaban.net-ի ռեպորտաժը, որում հստակ երևում է, որ կառավարությունը նույն պատասխաններն է ուղարկում լրատվամիջոցներին՝ այդպես նախ անհարգալից վերաբերվելով իրենց աշխատանքի, ապա նաև լրատվամիջոցների աշխատանքի նկատմամբ։