Ո՞ր դեպքում է ԱԱԾ-ն կարդում քաղաքացիների նամակները

Ո՞ր դեպքում է ԱԱԾ-ն կարդում  քաղաքացիների նամակները

ԱԱԾ-ն այսօր Ծաղկաձորում սեմինար է կազմակերպել լրագրողների համար։ Սա բացառիկ, երևույթ է, երբ Հայաստանի Հանրապետության ամենափակ կառույցներից մեկը որոշել է ոչ միայն շփվել լրագրողների հետ, այլ նրանց հրավիրել քաղաքից դուրս՝ սեմինարի։ Համենայնդեպս, նախկինում նման դեպք չի եղել։ Սեմինարի նպատակներից մեկը ԱԱԾ նոր կայքի շնորհանդեսն է։ ԱԱԾ պաշոնական sns.am կայքը թարմացվել է և հիմա ներկայանում է նորովի՝ նոր հնարավորություններով։ Օրակարգում կան նաև այլ հարցեր, այդ թվում՝ օտար երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման զոհ չդառնալու վերաբերյալ գիտելիքների փոխանցում։ Օրվա վերջում ասուլիսով հանդես կգա նաև ԱԱԾ տնօրեն Աթրուր Վանեցյանը։


Լրագրողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու ԱԱԾ աշխատակիցներին։ Բազմաթիվ հարցերի մեջ ամենաակտուալը թերևս այն էր, թե արդյոք ԱԱԾ-ն կարողանո՞ւմ է կարդալ քաղաքացիների նամակները Viber-ով, WhatsApp-ով, Messanger-ով և մյուս ծրագրերով, գաղտնալսել հեռախոսացրույցները և ո՞ր դեպքերում է դա անում, ո՞ւմ հանդեպ և այլն։


ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Արմեն Քինակցյանն ասաց, որ իրենք դա անում են օրենքով սահմանված կարգով՝ դատարան դիմելով։ «Մենք հիմանվորումը տալիս ենք, դատարանը, որպես կանոն, չի մերժում։ Ինչի՞ պիտի մերժի, եթե հիմնավոր է դա։ Ինչ վերաբերում է տեխնիկական հարցերին, հավատացեք, ինչ որ օգտագործվի, հնարավոր է։ Պարզապես, երբեմն անհրաժեշտ է լինում նախապես իմանալ, որ դա է օգտագործվելու (նկատի ունի ծրագրի տեսակը, հեռախոսահամարը)։ Հիմա, եթե ձեռքի տակ քսան տարբերակ կա և քսան հատ համար կա, դու էդ պահին կարող  է չկանխատեսես, չհասկանաս՝ որն էդ պահին կօգտագործվի։ Եթե դրանք լուծվում են, տեխնիկապես հնարավոր է»,- ասաց պարոն Քինակցյանը։


Hraparak.am-ի հարցին, թե ինչ մոտեցմամբ են առաջորդվում մարդկանց գաղտնալսելու կամ նրանց նամակները կարդալու հարցում, ԱԱԾ աշխատակիցն ասաց․ «Մոտեցումը հետևյալն է, օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված են այդ գործունեության հիմքերը։ Դրանք այն տվյալներն են, որոնք հնարավոր հանցագործության հատկանիշներ են պարունակում, և դա մեզ թույլ է տալիս սկսել օպերատիվ  աշխատանք։ Միջոցառումներն էլ թվարկված են այդ օրենքում, մենք երբեմն կենտրոնանում ենք երկու միջոցառման վրա, դա նամակագրության վերահսկողությունն է և հեռախոսային խոսակցությունների լսումը, բայց այնտեղ ևս տասներեքն էլ կան բացի դրանցից»։

Իսկ ինչպե՞ս են այդ ամենն ապահովում, դիմում են Facebook-ին, Viber-ին, WhatsApp-ին, որ նրանց գլխամասից թույլ տան գաղտնազերծե՞լ կոնկրետ անձի հաշիվները, թե՞ իրենք այդ ամենը կոտրելու հնարավորություն ունեն։ Այստեղ Քինակցյանը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց․ «Դե, էդպես էլ ենք անում»։ Այսինքն՝ կոտրո՞ւմ են հաշիվները։ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրենը միայն ժպտաց և ոչինչ չպատասխանեց՝ թերևս այդպսով հակացնելով, որ ամեն ինչ էլ կարողանում են անել, այդ թվում՝ կոտրել հաշիվները։