Ըստ ԱԺ կայքի՝ Սասուն Միքայելյանի հետ միջադեպ է տեղի ունեցել

Ըստ ԱԺ կայքի՝ Սասուն Միքայելյանի հետ միջադեպ է տեղի ունեցել

Երեկ խորհրդարանի դահլիճում, նիստի ժամանակ ծեծկռտուքը բոլորի աչքի առաջ էր, և բոլոր լրատվական կայքերը այն լուսաբանեցին, որից պարզ դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից ռեպլիկներ է անում ամբիոնի մոտ ելույթ ունեցող Էդմոն Մարուքյանի հասցեին, ապա տեղից վեր է կենում, մոտենում  Մարուքյանին ու հարվածում նրան։ Դրանից էլ սկսվում է ծեծկռտուք։ Այս ամենը նկարագրված է լրատվամիջոցների տարածած ռեպորտաժներում ու տեսանյութերում։

Եվ միայն Ազգային ժողովի պաշտոնական կայքը՝ Parliament.am-ն է, որ այնպես է ներկայացրել տեղի ուենցածը, ասես՝ ոչինչ էլ չի պատահել։ Ավելին, ըստ ԱԺ կայքի՝ Սասուն Միքայելյանի հետ տեղի է ունեցել միջադեպ։ 

ԱԺ կայքի տարածած հաղորդագրության մեջ նախ նշվում է, որ 

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 8-ին շարունակել է «ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը` լսելով պատգամավորների տեսակետները քննարկվող հարցի վերաբերյալ:

Ապա նշվում է, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ տեղի է ունեցել միջադեպ, որի հետեւանքով ԱԺ նախագահը ընդմիջել է նիստը:

Հետաքրքիր է, այդ ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել Սասուն Միքայելյանի հետ, գուցե Էդմոն Մարուքյանը հարձակվել է Միքայելյանի վրա ու հարվածե՞լ նրան, գուցե Միքայելյանի հետ որևէ ա՞յլ բան է կատարվել, ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել, որ ԱԺ-ի լրատվական բաժնի պատասխանատուները, վստահաբար՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի կամ ԱԺ նախագահի իմացությամբ ու ցուցումով, որոշել են այդպես միակողմանի, սուբյեկտիվ ու անհասկանալի կերպով նկարագրել տեղի ունեցածը, որից ընթերցողը պատկերացում չի կազմում, թե այդ ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել, այն էլ՝ Սասուն Միքայելյանի հետ։ Կարելի էր գոնե գրել Սասուն Միքայելյանի մասնակցությամբ՝ լեզվական առումով էլ, բովանդակությամբ էլ ավելի տեղին կլիներ։ Բայց ԱԺ աշխատակազմը հավանաբար չի ցանկացել իշխանական խմբակցության պատգամավորին նեղացնել՝ չփորձելով անգամ մի թեթև ակնարկել նրա մասնակցության, էլ չենք ասում՝ նախահարձակ լինելու և առաջինը հարվածելու մասին։