Շատ քչերն էին հասկանում, որ Փաշինյանի լեզվամտածողությունը վտանգավոր է

Շատ քչերն էին հասկանում, որ Փաշինյանի լեզվամտածողությունը վտանգավոր է

Իհարկե, բոլոր երկրների պառլամենտներում էլ նման միջադեպեր լինում են։ Երբ հակառակ ճամբարներում գտնվող մարդիկ ստիպված են օրեր շարունակ նույն դահլիճում գտնվել եւ վերբալ ճանապարհով չեն կարողանում իրենց միջեւ ծագած տարաձայնությունները լուծել, երբեմն դիմում են ձեռքերի օգնությանը։ Եւ դա տեղի է ունենում անգամ ամենաքաղաքակիրթ երկրների պառլամենտներում։ Մեզանում շատ ավելի անընդունելի բաներ են լինում, քան երեկվա Էդմոն-Սասուն բախումն էր, որն այնքան վրդովվեցրել էր մեր հասարակությանը։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ այս բախումներն անսպասելի՝ օդից չծնվեցին։
Սրանք 2 տարի շարունակ երկրում պառակտում եւ թշնամանք սերմանելու մարտավարության բնական հետեւանքն են։ Երբ ամիսներ շարունակ բոլոր հնարավոր հարթակներից հնչում է ագրեսիվ խոսք, հաթաթաներ, վիրավորանք հանրային տարբեր խմբերի եւինստիտուտների հասցեին, բնականաբար մթնոլորտը երկրում շիկանում է եւ մարդկային փոխհարաբերությունները տեղափոխվում են ռազբիրատների դաշտ։ Երբ երկրի առաջին դեմքը հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտ ձեւավորելու փոխարեն սպառնում է, գոռգոռում, վիրավորում եւ անապացույց մեղադրանքներ հնչեցնում, նախ իր թիմն է սկսում նրան ընդօրինակել, ապա ամբողջ հանրությունը։
Արձանագրենք, որ այս լեքսիկոնն ու իրար փոր թափելու ոճը մեր երկրում ամրագրվեց 2018-ի մայիսից՝ երբ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը վիրավորում էր ու սպառնում պատգամավորներին, նրանց պարտադրում քվեարկել իր օգտին, նսեմացնում նրանց արժանապատվությունը եւ մենք բոլորս լռում էինք, քանի որ այդ սպառնալիքները մեզ չէին ուղղված, այլ «ատելի Հանրապետականներին»։ Շատ քիչ մարդիկ էին հասկանում, որ այդ լեզվամտածողությունը վտանգավոր է։ Եւ եթե այդ սպառնալիքները հնչում են մեր կողմից մերժված Սերժ Սարգսյանի ու նրա թիմի հասցեին, վաղը չի նշանակում, թե չեն ուղղվելու մյուս խավերին ու մարդկանց խմբերին։ Պետք է գիտակցեինք, որ բոլոր նրանք, ովքեր կկանգնեն Նիկոլ Փաշինյանի ճանապարհին կամ՝ չեն կատարի նրա հրահանգները, դառնալու են նրա թիրախը, փռվելու են ասֆալտին ու ծեփվեն պատերին, հայտնվելու են բանտերում եւ հռչակվելու են ժողովրդի թշնամիներ, զրկվելու են աշխատանքից եւ ունեցվածքից։
Եթե հասարակությունը չի ուզում, որ երկրում բռնության, թշնամանքի, ապօրինի հետապնդումների եւ անօրինականությունների մի անվերջանալի փուլ սկսվի, պետք է թույլ չտա նման անօրինականություններն ու բռնությունները ցանկացած անձի եւ ուժի, ու հատկապես նրանց հանդեպ, ում չի սիրում եւ ում մեղադրում է անցյալում նման անօրինականություններ կատարելու մեջ։
Գոնե 18-րդ դարի ֆրանսիացի հայտնի լուսավորչին՝ Վոլտերին հիշեք, որ ասում էր․ «Ես մերժում եմ քո հայացքները, բայց պատրաստ եմ կյանքս տալ, որ դու կարողանաս դրանք արտահայտել»։ Եթե դու թշնամիներիդ հետ վարվում ես անարդար եւ նրանց զրկում ես իր իրավունքներն իրացնելու հնարավորությունից, պետք է պատրաստ լինես, որ մի օր էլ քեզ հետ են այդպես վարվելու։