Էյֆորիան կապ չունի ընդհանրապես իրական պրոցեսների հետ

Էյֆորիան կապ չունի ընդհանրապես իրական պրոցեսների հետ
Հայկ Չոբանյան

Երեկ կառավարության արտահերթ նիստում քննարկվեց կառավարության ծրագիրը հաստատելու հարցը։ Սրանից զատ, նաեւ երկու մարզերում՝ Շիրակում եւ Տավուշում, մարզպետների նշանակում եղավ։ Շիրակում մարզպետ նշանակվեց Տիգրան Պետրոսյանը, Տավուշում՝ Հայկ Չոբանյանը։ Վերջինս, հիշեցնենք, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության փոխնախագահը, նաեւ զբաղվում է ձեռներեցությամբ՝ արեւային համակարգեր արտադրող «Արփի սոլար» ընկերության հիմնադիրն է։ Նիստից հետո նորանշանակ մարզպետին մի քանի հարց ուղղեցինք։

- Պարոն Չոբանյան, Դուք արեւային համակարգեր արտադրող «Արփի սոլար» ընկերության հիմնադիրն եք, բիզնես գործունեությամբ եք զբաղվել, հիմա գործադիր եք տեղափոխվում ու բարձր պաշտոն եք զբաղեցնելու։ Կարող է կասկած լինել, որ Դուք եթե ոչ չարաշահելով, ապա առնվազն Ձեր պաշտոնական դիրքն օգտագործելով՝ կփորձեք նաեւ Ձեր բիզնեսն առաջ տանել։ Ինչպե՞ս եք բացառելու այս ռիսկը։

- Ես իմ մասնագիտական գիտելիքը եւ փորձն օգտագործելու եմ պետական կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու եւ ռեգիոնների զարգացումն առավել բովանդակային ուղղություններով տանելու ուղղությամբ։ Դրանցից մեկը լինելու է տեխնոլոգիական ոլորտը, որտեղ ես ունեմ ամենաերկար փորձը, եւ երկրորդը՝ լինելու է հենց էներգաէֆեկտիվության ուղղությունը, որտեղ ես եւս ունեմ բավականին երկար աշխատանքային փորձ։

- Այսինքն՝ ինչպե՞ս համոզված լինենք, որ եթե պետական տենդեր լինի, արեւային էներգիայի սպառման դաշտ լինի Տավուշի մարզում, Ձեր հիմնած ընկերությունն առաջնային դիրքերում կամ արտոնյալ կարգավիճակում չի հայտնվի։

- Դրա համար կան մեխանիզմներ, պետությունն ունի դրա համար ներդրած համապատասխան մեծանիզմներ, բայց նորից եմ կրկնում՝ ես իմ գիտելիքները պետք է ուղղորդեմ մարզի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Եվ երկրորդը․ կապրենք՝ կտեսնենք, որ իսկապես այսօր իրականում բոլոր մեխանիզմները կան, որ կառավարությունն ունի համապատասխան կամք, որպեսզի էդ մեխանիզմները գործի դրվեն եւ որեւէ մեկի շահին չծառայեն։ Կարեւոր չէ՝ դա ինչ պաշտոնյա է՝ բա՞րձր, թե՞ ավելի ցածր։

- Դուք ամենապրոբլեմատիկ մարզերից մեկի ղեկավարումն եք ստանձնել՝ թե՛ որպես սահմանամերձ մարզ, թե՛ որպես սոցիալական առումով խոցելի, քանզի արտագաղթի տեմպերն են այստեղ նաեւ բարձր։ Ունե՞ք պատկերացում կամ գույքագրե՞լ եք խնդիրները, թե ինչ եք անելու, որ տավուշցին, ասենք, մեկ տարի հետո զգա, որ մարզում ե՛ւ մարզպետ է փոխվել, ե՛ւ իրավիճակ։

- Ես պրոբլեմներին միշտ նայում եմ որպես մարտահրավեր եւ հնարավորություն։ Նույն ձեւով մոտենում եմ նաեւ այս աշխատանքին։ Եվ ես չեմ կարծում, որ Տավուշի մարզն ամենապրոբլեմատիկ մարզն է։ Ես կարծում եմ, որ Տավուշի մարզն ամենամեծ հնարավորություն ունեցող մարզն է, որովհետեւ ինքն ունի 350 կմ սահման, որից 300-ը՝ թշնամու հետ, եւ սա լրացուցիչ հնարավորություն է ռազմական անվտանգության, ռազմարդյունաբերության զարգացման համար հենց տարածաշրջանում։ Տավուշի մարզն ավանդաբար եղել է ամենաբարձր գիտական, կրթական ցուցանիշներ ցուցաբերող մարզերից մեկը, եւ երրորդը՝ Տավուշի մարզը մեր հայրենիքի դարպան է, դա մեր հիմնական կապն է արտաքին աշխարհի հետ։ Կարող եմ էսպես թվարկել՝ չորրորդ, հինգերորդ եւ այլն, եւ այս հնարավորությունները մենք պետք է օգտագործենք՝ բազմապատկելու համար այն եկամուտները եւ այն հաջողությունները, որը մենք արձանագրում ենք հիմա։

- Դրա թերեւս լավագույն ցուցանիշը կլինի ներգաղթի ապահովումը։ Ես ուզում եմ հասկանալ՝ հստակ ծրագիր, քայլերի հաջորդականություն ունե՞ք կամ կներկայացնե՞ք առաջիկայում։

- Ես ուզում եմ Ձեզ ասել, որ ներգաղթը հետեւանք է, ներգաղթը հետեւանք է տնտեսական քաղաքականության։

- Արդյունք՝ ավելի շատ, ոչ թե հետեւանք։

- Չէ, ներգաղթը հետեւանք է տնտեսական արդյունքների։ Երբ որ մենք տնտեսական բարձր ցուցանիշ ապահովենք, ներգաղթն ինքնըստինքյան կապահովենք։ Բայց բնական է, որ մենք պետք է նաեւ հատուկ ծրագրեր իրականացնենք։ Մեր երկրում մի խնդիր մենք արդեն լուծել ենք՝ դա հավատի խնդիրն է, կայուն երկիր ունենալու խնդիրն է եւ վստահելի, լեգիտիմ իշխանություն ունենալու խնդիրն է։ Դրանից հետո մենք պիտի տնտեսությունը զարգացնենք, որ մարդիկ աշխատատեղ ունենան, որպեսզի ձեռներեցն ազատ բիզնեսով զբաղվելու հնարավորություն ունենա եւ չգնա ուրիշ երկրները հարստացնելու, այլ հարստացնի իր երկիրը։ Էսօր կա Տավուշի մարզի զարգացման ծրագիր, որով որ ֆիքսված են որոշակի թվեր, եթե չեմ սխալվում, 2016 թվականին է էդ ծրագիրը ստեղծվել, ես համոզված եմ, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք մի քանի անգամ գերազանցելու ենք էն ցուցանիշները, որոնք տրված են էդ ծրագրում։

- Ժողովրդի էյֆորիան, կարծես, արդեն մարել է, եւ շատերը դժգոհում են, որ նոր իշխանություններն իրենց խոստումները չեն կատարում, իրենց խնդիրները չեն լուծվում։

- Էյֆորիան կապ չունի ընդհանրապես իրական պրոցեսների հետ։ Եթե Դուք ուշադիր լինեք, կտեսնեք, որ Ձեր ասած էդ քննարկումներով հիմնականում զբաղվում են նրանք, ովքեր ռեալ դաշտում աշխատանքով զբաղված չեն։ Մեր խնդիրն է, որ առավելագույն հնարավորություն ստեղծենք մարդկանց համար աշխատելու, որպեսզի քննարկումների փոխարեն իրական գործով զբաղվեն եւ քարը քարին դնեն մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ։

- Հիմա տավուշցիներն այս 8-9 ամիսների ընթացքում իրենց մարզում զգո՞ւմ են հեղափոխության շունչը, էֆեկտը։

- Անշուշտ, զգում են, որովհետեւ ես՝ ինքս, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախընտրական շրջանում քարոզարշավի եմ եղել եւ ես շատ լավ գիտեմ, թե ինչ փոփոխություն է կատարվել տավուշցու մեջ, տավուշցու բնավորության մեջ, հույսի մեջ, հավատի մեջ եւ հաստատակամության մեջ։

- Հնարավո՞ր է անդամագրվեք «Քաղպայմանագիր» կուսակցությանը, Ձեզ նման առաջարկ եղե՞լ է, կամ նման պայման Ձեր առջեւ դրվե՞լ է։

- Ոչ, ինձ առաջարկ չի եղել։ Ես ընդհանրապես կուսակցական չեմ եղել իմ կյանքի ընթացքում, եթե երբեւէ էդպիսի որոշում կայացնեմ, ուրեմն դա շատ կշռադատված է լինելու։