Սպառազինությունների զսպման նոր համաձայնագիր են ուզում

Սպառազինությունների զսպման նոր համաձայնագիր են ուզում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է համարում նոր համաձայնագրի կնքումը, որը կզսպի սպառազինությունների հավանական մրցավազքը, սակայն այս անգամ, համաձայնագրին պետք է մասնակցի ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ Չինաստանը։ Հակառակ դեպքում, ըստ ԱՄՆ նախագահի, Միացյալ Նահանգները կապահովագրի իրեն՝ սեփական զինանոցը նոր զինատեսակներով համալրելով։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, նախագահ Թրամփը մասնավորապես ասել է՝ Կոնգրեսում ունեցած իր ելույթի ընթացքում․ «Տասնամյակներ առաջ Միացյալ Նահանգները պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ, որով մենք համաձայնեցինք սահմանափակել եւ նվազեցնել մեր հրթիռային հնարավորությունները։ Մինչ մենք լիովին կատարել ենք պայմանագրի պահանջները, Ռուսաստանը բազմիցս է խախտել վերջինիս դրույթները»։ Ըստ Թրամփի, հենց դա էլ պատճառ է դարձել, որպեսզի ԱՄՆ-ն դուրս գա Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացիայի համաձայնագրից։