Ծեր բռնապետի «վերջին» ընտրությունները
Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները խոստանում են նոր դարաշրջան բացել այդ երկրի համար։ Առաջին հերթին՝ Ստամբուլի նախկին քաղաքապետ, Թուրքիայի նախկին վարչապետ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիր, նախագահ եւ կյանքի 70-րդ տարում նախագահ վերընտրված Ռեջեփ Թայիբ Էրդողանի համար, ով «ճամպրուկային» տրամադրություն ունի։
Հիշենք, թե ՏԻՄ ընտրություններից առաջ ինչ էր ասում Էրդողանը․ «Ինձ համար սա եզրափակիչն է։ Այս ընտրություններն իմ վերջին ընտրություններն են՝ օրենքով տրված լիազորությունների շրջանակում։ Արդյունքում գործերը կփոխանցվեն իմ եղբայրներին, ովքեր կգան ինձնից հետո»։ 2023 թ․ մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրություններում գրանցած հաղթանակի շնորհիվ Էրդողանը ստացել է եւս 5 տարի կառավարելու իրավունք։ Եվ նրա հռետորաբանությունն ու տրամադրությունը կանխատեսելի էր․ նախագահական ընտրություններում նա ստացավ ձայների 52,18 տոկոսը, մինչդեռ նրա գլխավոր մրցակից Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոսը։
Ինչ վերաբերում է մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններին, ապա, ըստ նախնական արդյունքների, Թուրքիայում ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը, իսկ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հաջորդում է ՀԺԿ-ին։ ՀԺԿ-ն բացարձակ առաջատար է երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում եւ Անկարայում, որտեղ ընտրատեղամասերը փակելուց հետո մինչեւ ուշ գիշեր ընդդիմությունը մեծ խանդավառությամբ նշել է իր հաղթանակը։ Ըստ նախնական հաշվարկի, ՀԺԿ-ն ստացել է ավելի քան 35 քաղաքների կառավարման իրավունքը, իշխող կուսակցությունը՝ 24 քաղաքում։ Բացի Ստամբուլից, Անկարայից եւ Անթալիայից, որոնք ընդդիմությունը կառավարում է 2019 թվականից, նրա վերահսկողության տակ են հայտնվել նոր քաղաքներ, այդ թվում՝ Բուրսա եւ Թեքիրդաղ արդյունաբերական կենտրոնները։
Քեմալական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակը «Թուրքիայի համար նոր դարաշրջանի դուռ է բացում»։ «Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այսօր ընտրողները որոշել են նոր քաղաքականություն հաստատել Թուրքիայում։ Մենք Թուրքիայի Հանրապետությունն ենք՝ մեր բոլոր գույներով։ Մեր տարբերությունները մեր հարստությունն են»,- ասել է Օզելը:
Էրդողանը, բնականաբար, դժգոհ է ընտրությունների արդյունքներից, ինչի մասին վկայում է այն, որ ավանդական հետընտրական պատշգամբային ելույթը հետաձգվել է 2 ժամով։ «Թեկնածուներից առաջ այս ընտրարշավի հաղթողը Թուրքիան էր, մեր ազգն էր, մեր ժողովրդավարությունն էր, որի համար մենք շատ թանկ գին վճարեցինք»,- դիմելով քաղաքացիներին՝ հայտարարել է Էրդողանը, որի գլխավորած քաղաքական ուժն առաջին անգամ իր կառավարման ընթացքում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Նա հիշեցրել է, որ այս ընտրությունները 18-րդն են՝ իր կուսակցության կառավարման 22 տարվա ընթացքում, եւ ափսոսանք է հայտնել, որ նախորդ տարի մայիսին կայացած համապետական ընտրությունների հաղթանակից 9 ամիս անց իրենց չհաջողվեց հասնել այն արդյունքին, որը ցանկանում էին։
Խոսելով ընտրություններում գրանցած հաղթանակի մասին՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրամ Իմամօղլուն հայտարարել է, որ իր եւ մրցակցի տարբերությունը 1 միլիոնից ավելի ձայն է։ Ի դեպ, հենց այս գործչին են համարում Էրդողանի հավանական իրավահաջորդը։ Եթե Ստամբուլի քաղաքապետը հաղթի ՏԻՄ ընտրություններում, ապա կարող է դառնալ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի իրավահաջորդը՝ ասել է թուրքագետ Յուրի Մավաշեւը։ «Առաջին հերթին, սա առանձին հեռանկար է՝ կապված 2028 թվականի հետ։ Բայց եթե Էքրեմ Իմամօղլուն հաղթի (Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում), ապա նրա (Թուրքիայի նախագահ դառնալու) շանսերը շատ մեծ են։ Ընդդիմությունը, հավանաբար, նման այլ գործիչ չունի»,- «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է ռուս փորձագետը։ Նրա խոսքով, Հանրապետական-ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Իմամօղլուն ազդեցիկ ու միավորող գործիչ է։ Մավաշեւն ընդգծել է, որ Էրդողանից հետո հաջորդ նախագահը եւս վարելու է նույն միջազգային կուրսը, որը վարել է Էրդողանը։
Ի դեպ, ընտրությունների արդյունքներից խանդավառված՝ Թուրքիայի ընդդիմադիր շրջանակներում սկսել են խոսել արտահերթ նախագահական ընտրությունների մասին։ Սակայն Էրդողանի խորհրդական Մեհմեթ Ուչումը հայտարարել է, որ Էրդողանի պաշտոնավարումը կտեւի մինչեւ 2028 թվականը։ Նրա պնդմամբ, նախագահական համակարգը երբեք չի կարողանա նախընտրական պահանջներ ներկայացնել կառավարությանը եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովին՝ մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։ «Կարծում եմ՝ նրանք, ովքեր համընդհանուր ընտրությունների համար հաշվարկներ են անում՝ ելնելով ՏԻՄ-ում կուսակցությունների ստացած ձայներից, չպետք է վատնեն իրենց ժամանակը։ Թուրքիան 4 տարվա ընթացքում առանց ընտրությունների՝ մինչեւ 2028-ը, բարեփոխումների քաղաքականություն կվարի բոլոր ոլորտներում։ Նախագահ Էրդողանը, առաջնորդելով երկիրը, Թուրքիային նոր հանգրվանների կհասցնի՝ պայմանավորված անկախ եւ ուժեղ Թուրքիայի հեռանկարով»,- գրել է նա։
Հայաստանի համար այս ուղերձը կարող է սթափեցնող կոչ լինել․ պանթուրքիզմի քաղաքականությունը չի կարող վերանալ մեկ անձի հետ, եթե նույնիսկ խոսքը երկարամյա բռնապետ Էրդողանի մասին է։
Կարծիքներ