Մեզ արդեն «տակից» համոզում են, որ մենք տարբերակ չունենք

Մեզ արդեն «տակից» համոզում են, որ մենք տարբերակ չունենք

«Չափազանց հետաքրքիր է հետևել, թե ինչպես է այս «խաղաղասեր» իշխանությունը նախապատրաստում «հպարտ քաղաքացիներին» ազգային ինքնասպանության։ Առանց չափազանցության` Հայաստանում ներկա` ստեղծված իրավիճակը, հոգեբանների և վերլուծաբանների կողմից կդառնա ապագայում խորը ուսումնասիրությունների առարկա, թե ինչպես մեր պետությունը և ժողովուրդը «ուրախ և զվարթ» գնում էր ազգային ինքնասպանության։ Օրինակ` արդեն իշխանամետ որոշ լրատվական կառույցներ և «խոսացող գլուխներ» սկսում են կամաց-կամաց «հիմնավորել», որ, դե Հայաստանը տարբերակ չունի և պետք է համաձայնվի այս կամ այլ ձևաչափով, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Այսինքն` մեզ արդեն «տակից» համոզում են, որ մենք տարբերակ չունենք և ստիպված ենք լինելու թուրք-ադրբեջանական ահաբեկչական ոհմակին հանձնել Սյունիքով անցնող տարանցիկ ճանապարհը»,-այս մասին «Հրապարակին» ասաց քաղաքական վերլուծաբան  Արման Աբովյանը։

Վերլուծաբանն ասում է, որ այս օրերին կրկին կլսենք, որ «տարբերակ չկա», որ մենք «մենակ ենք մնացել» և, եթե չհամաձայնվենք, ապա թուրք-ադրբեջանական ոհմակը կսկսի պատերազմ և այլն: Այստեղ նշում է, որ, իհարկե, իրենք չեն ասի, որ դրանով փաստացի ամրագրվելու է ապագա պատերազմի հեռանկարները և Հայաստանի մասնատումը` ի օգուտ թշնամիների` չի բերի «խաղաղություն», այլ` հակառակը։ Կամ էլ սրանք կգնան ավելի «ուղիղ» ճանապարհով և փաստացի տրամադրելով միջանցք, այնուամենայնիվ, մեզ կրկին կհամոզեն, որ դա «միջանցք» չէ։ 

«Ինչևիցե, Հայաստանի մասնատումը, ըստ թուրք-ադրբեջանական ոհմակի նախագծերի, ընթանալու է «հպարտ քաղաքացիների» նկատմամբ զանգվածային տեղեկատվական ճնշումներով։ Իմիջիայլոց, նույն պատկերը մենք կտեսնենք, երբ մեզ կրկին կհամոզեն, որ թուրք-ադրբեջանական ոհմակին Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում կամ Սյունիքում նույնպես պետք է հանձնվեն տարածքներ։ Այսինքն` մեզ բոլորիս համոզելու են, որ «տարբերակ չկա» և պետք է մեր տունը (բառի ուղիղ իմաստով) հանձնենք թուրք-ադրբեջանական ոհմակին, թե չէ` իրենք «կռիվ կսկսեն»։ Լավ նորություններ էլ ունենք, թե չէ կասեն, որ միայն «վատն եմ» գրում։ Հայաստանում տեղի ունեցած խայտառակ գնաճի և «հպարտ քաղաքացիների» իրական եկամուտների ահռելի անկման պայմաններում իշխանությունը որոշել է բարձրացնել կենսաթոշակները և նպաստները` մի երկու-երեք հազար դրամով»,- եզրափակեց Արման Աբովյանը: