«4-րդ հանրապետությո՞ւն», թե՞ արտաքին քաղաքական կուրսի լիակատար տապալում 

«4-րդ հանրապետությո՞ւն», թե՞ արտաքին քաղաքական կուրսի լիակատար տապալում 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված աղմկահարույց հարցազրույցի հետ կապված քննարկումները շարունակվում են նաեւ ռուսական մեդիափորձագիտական տիրույթում։ Այստեղ հատկապես ուշադրություն են դարձրել Հայաստանի Անկախության հռչակագրի փոփոխման հարցին՝ փորձելով հասկանալ, թե կոնկրետ ինչ նպատակներ է հետապնդում Փաշինյանը, երբ «խութեր» է տեսնում «պատմական արդարություն», «հայ ժողովրդի ցանկություն» եւ «Հայաստանի եւ Ղարաբաղի միացում» ձեւակերպումների մեջ, որոնք առկա են Անկախության հռչակագրում։ 

Շրջանառվող կարծիքներից մեկով Փաշինյանը պարզապես ուզում է, իր իսկ ձեւակերպմամբ, «չորրորդ հանրապետություն» հիմնադրել, որը կլինի առավել նվազ ազգային պետություն եւ ավելի կհամապատասխանի ժամանակակից գլոբալիզացիայի պայմաններին։ Մեկ այլ տեսակետի համաձայն, Փաշինյանը փորձում է այսկերպ հարաբերություններ կառուցել Բաքվի եւ Անկարայի հետ՝ ապագայում դեպի Արեւմուտք թեքվելու հեռահար նպատակով։ 

Երրորդ տեսակետի համաձայն, Փաշինյանը սկսել է հասկանալ, որ իր վարած արտաքին քաղաքական կուրսը նման է այն վիճակին, երբ «ձիուն սայլի հետեւից ես կապում եւ ստիպում, որ սայլն առաջ մղի»։ Բարդացնելով հարաբերությունները, ըստ այդմ, Ռուսաստանի հետ, որը դեռ ոչ վաղ անցյալում նա համարում էր Հայաստանի ռազմավարական գործընկեր, եւ, չունենալով հստակ մշակված արտաքին քաղաքական կուրս, Փաշինյանը, ըստ այդ տեսակետի կողմնակիցների, փաստորեն, հայտնվել է փակուղային վիճակում ու սկսել է դեսուդեն ընկնել։ Ու եթե հույսն Արեւմուտքի վրա է դրել, ապա Արեւմուտքն էլ կարծես թե չի կարողանում հստակ երաշխավորել, որ Երեւանը Բաքվի հետ կհասնի խաղաղության փաստաթղթի ստորագրման, առավել եւս՝ խաղաղության հաստատման։

Այս իրավիճակում, ըստ շատ փորձագետների, Փաշինյանը գրեթե զրոյացրել է արտաքին քաղաքական բոլոր ուղղություններում եղած ձեռքբերումները եւ հիմա ստիպված փորձում է Սահմանադրության եւ Անկախության հռչակագրի փոփոխությամբ սիրաշահել Բաքվին ու Անկարային։ Սա, ըստ էության, նշանակում է խնդրել, որ իրեն ընդունեն Թբիլիսի-Բաքու-Անկարա դաշինքի կազմում։ Սակայն հարց է, թե կկարողանա՞ արդյոք նա առանց լուրջ զիջումների, որոնք առաջին հերթին վերաբերելու են, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքին», ներգրավվել վրացիների հետ միասին «թյուրքական տանդեմին», դժվար է ասել։ Մեկ այլ տեսակետի համաձայն էլ, ո՛չ Ալիեւը, ո՛չ Էրդողանը եւ նույնիսկ ո՛չ էլ վրացական նոր ղեկավարությունը, առանց հաշվի առնելու Ռուսաստանի կարծիքը, չեն փորձի Փաշինյանին դուրս բերել փակուղային մեկուսացված վիճակից, որում նա հայտնվել է արտաքին քաղաքական ճակատում։