ԿԳՄՍ-ն ապակենտրոնացնում է մշակույթը

ԿԳՄՍ-ն ապակենտրոնացնում է մշակույթը


ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է 2 նոր նախագիծ։ Դրանցից մեկը Վանաձորում իրականացվող «Օկտավա»՝ «Մշակույթը սկսվում է համայնքից» ծրագիրն է, որը միտված է մշակույթի ապակենտրոնացմանը, մայրաքաղաքի ու մարզերի միջեւ մասնագիտական անջրպետի հաղթահարմանը: 8 հանդիպումների ընթացքում Վանաձորի ուսանողներն ու մտավորականները հնարավորություն կունենան շփվելու, հարցեր տալու, առնչվելու մայրաքաղաքում ապրող արվեստագետների հետ:
Ծրագրի շրջանակներում մինչ օրս կազմակերպվել է 5 հանդիպում, որոնց մասնակցել են բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, կոմպոզիտոր, կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Նարինե Անանիկյանը, երգիչ Վահան Արծրունին, պրոֆեսոր, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը։

Մյուս նախագիծը, որ մեկնարկել է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Դասարան+դասական» թատերական կրթական ծրագիրն է։ Ավագ դպրոցի 60 աշակերտ այս օրերին անվճար հիմունքներով մասնակցում է ոլորտի լավագույն մասնագետների սեմինար-դասախոսություններին՝ միտված դպրոց-թատրոն կապն ամրապնդելուն։

Ծրագիրը նպատակ ունի ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել մայր թատրոնին եւ, առհասարակ, «թատրոն» երեւույթին՝ ծանոթացնելով նրանց նաեւ տնտեսվարման հմտություններին: Ծրագրի ընթացքում աշակերտները լսելու են ավելի քան տասը դասախոսություն՝ ոլորտի անվանի մասնագետների ներկայացմամբ, այնուհետեւ հնարավորություն են ունենալու ստացած գիտելիքը կիրառել գործնական պարապմունքների ընթացքում:

Ծրագրի շրջանակներում արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը, թատերագետներ Անուշ Ասլիբեկյանը եւ Սառա Նալբանդյանն արդեն հանդես են եկել «Թատրոնի պատմություն» թեմայով դասախոսությամբ: ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանը եւ Դավիթ Հակոբյանը ներկայացրել են «Դերասանական արվեստ» թեմայով վարպետության դաս: Ծրագիրը հիմնականում միտված է մասնագիտության ընտրության հարցում աշակերտների կողմնորոշմանը: