Մենք խնդիր ունենք հանրակրթության ամեն մի դասարանում եւ ոչ միայն լեզվի ուսուցման հարցում

Մենք խնդիր ունենք հանրակրթության ամեն մի դասարանում եւ ոչ միայն լեզվի ուսուցման հարցում


Չնայած ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց, որ հայագիտական առարկաների պարտադիր կամ ընտրովի լինելու հարցը որոշելու է միմիայն տվյալ բուհի գիտական խորհուրդը, բայց դժգոհություններն ու քննարկումները «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի աշխատանքային նախագծի շուրջ շարունակվում են։

Լեզվի պետական տեսչության նախկին պետ Սերգո Երիցյանից հետաքրքրվեցինք, թե այս օրինագծի ընդունումը որքանով կվտանգի հայոց լեզվի եւ հայագիտության ապագան, եւ ինչ ռեալ վտանգներ է տեսնում այս նախագծի հետ կապված, ինչին ի պատասխան՝ Երիցյանը նշեց, որ ընդհանրապես հայոց լեզվի եւ օտար լեզուների դասավանդման խնդիրը դպրոցներում ու բուհերում խնդրահարույց է։ «Մենք չունենք հստակ լեզվական քաղաքականության եւ ընդհանրապես լեզուների ուսուցման մասին հստակ հայեցակարգ, որը մեզ թույլ կտար ճշգրտումներ եւ հստակեցումներ կատարել։ Անկասկած, 12-ամյա կրթությունը ենթադրում է որոշակի լեզվական ունակությունների եւ կարողությունների ուժեղացում, որի հնարավորությունը տալիս է ուսման ընթացքը։ Ինչպես նաեւ՝ ճշգրտումներ ու հստակումներ, թե ինչ պետք է լինի բուհերում։ Եթե բուհերում նույնը պետք է ուսուցանվի, ինչ դպրոցներում, անկասկած, դա այլեւս բուհերի խնդիրը չէ։ Եթե բուհերում խնդիր է դրվում, ենթադրենք, լեզվական իմացության, ուղղությունների կամ լեզվի բարձր շերտերի որոշակի ծանոթության եւ հաղորդակցության մասով, դա, անկասկած, անհրաժեշտ է»։

Տարիների ընթացքում խնդիրները կուտակվել են, եւ այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ կարիք կա, որ լուրջ քննարկումներ լինեն։ Այդ քննարկումներն էլ, ըստ Երիցյանի, պետք է հստակեցնեն, թե որքանով եւ որ չափով իր վրա պետք է այդ ծանրությունը վերցնի հանրակրթությունը, եւ ինչ չափով՝ բարձրագույն կրթությունը։ «Կարծում եմ՝ այդ քննարկումները հնարավորություն կտան որոշակի զարգացումներ ապահովել»,- ասում է նա ու նկատում, որ եթե անգամ որոշ փոփոխություններ պետք է մտցվեն բուհական համակարգում լեզվի ուսուցման հետ կապված, ապա դրանք կտրուկ չպետք է արվեն, դրա համար պետք է որոշակի անցումային շրջան ապահովել․ «Որպեսզի իմանանք, թե ինչից ինչ անցում է կատարվում։ Եթե մենք իսկապես կարողանանք հանրակրթության ասպարեզում ունենալ լեզվական գիտելիքների որոշակի իմացություն, որը պետք է շարունակենք նաեւ բուհական համակարգում, ապա մենք իմացության ի՞նչ շրջանակներ պետք է կարողանանք ընդգրկել։ Ապագա ճարտարապետը կամ գյուղատնտեսը որոշակի լեզվի ուսուցում պետք է անցնի՝ հաշվի առնելով այդ բնագավառի լեզվապաշարը, լեզուների հետ առնչությունը կամ ընդհանրապես պետք է մասնագետ լինի, որը պետք է թարմացնի իր լեզվական կարողությունները․ անկասկած, դա պետք է պահպանել բուհական համակարգում այդ չափով եւ այդկերպ։ Բայց երբ հստակություն չկա, ամեն բուհ կարող է տարբեր կերպ եւ տարբեր մոտեցումներ ունենալ, ուրեմն այստեղ քննարկումներ են անհրաժեշտ։ Հիմա հարմար իրավիճակ է՝ այսօր այդ քննարկումները կազմակերպելու եւ մասնակից դարձնելու բոլոր կողմերին այս ամենին եւ որոշումներ կայացնել՝ դրանից ելնելով»։

Լեզվի պետական տեսչության նախկին պետը կողմ է, որ հանրակրթության բնագավառից դուրս եկած մասնագետը լեզվին տիրապետի լիովին՝ ամբողջության մեջ, ու բուհում տառասխալների ուղղմամբ չզբաղվի, կետադրության կանոններ սովորի, որովհետեւ դա բուհի գործը չէ։ «Բայց եթե մենք բուհում կարող ենք եւ ի վիճակի ենք լեզվական իմացության խորություն մատուցել ուսանողին, անկասկած, բուհերում պետք է պահպանվեն լեզվական ուսուցման դասընթացները, որն էլ պետք է նպաստի, որ ունենանք գրագետ եւ հայեցի քաղաքացիներ»։

Երիցյանն ընդգծում է, որ լեզվական խնդիրների ներկա վիճակն առնչվում է նաեւ օտար լեզուներին․ «Մենք մի օր պետք է հասնենք նրան, որ Հայաստանի բուհերում երբեւէ սովորած մեկն առնվազն 1-2 օտար լեզվի տիրապետի։ Մենք խնդիր ունենք հանրակրթության ամեն մի դասարանում ինչպես հայոց լեզվի ուսուցման մակարդակի բարձրացման, այնպես էլ՝ օտար լեզուների։ Իսկ եթե նախանձախնդիր ենք լեզվի հարցում, անկասկած, հայոց լեզվի քննությունը պարտադիր պետք է լինի, անկախ նրանից՝ գնո՞ւմ է հումանիտար ուղղությամբ, թե՞ ոչ։ Մնացած հետբուհական խնդիրների հետ կապված՝ պետք է հստակ ծրագրային մոտեցումներ ունենալ, եթե մասնագետները գտնում են, որ բուհերում պետք է պահպանել լեզվի ուսուցումը եւ պահպանել նոր մակարդակում, անկասկած, ոչ ոք դեմ չէ, որ լեզվի ուսուցումը պահպանվի բուհերում»։

Այդ դեպքում ինչո՞ւ է մասնագիտական հանրությունը բողոքում, իսկ ուսանողները՝ դասադուլ անում, եթե առարկաների դասավանդումը նախարարությունը թողնում է բուհերի հայեցողությանը։ Երիցյանը կարծում է, որ դա նպաստեց, որպեսզի տարիների ընթացքում կուտակված խնդիրները հրապարակ գան․ «Ինչպես նաեւ՝ անհրաժեշտ քննարկումների բացակայությունը։ Հասկանալի է, որ շատ բան կարող են թողնել բուհերին, բայց հայագիտական առարկաների, նաեւ՝ պատմության եւ օտար լեզուների հանդեպ վերաբերմունքը, գուցե, կարիք կա օրենսդրորեն նվազագույն չափով կարգավորելու, իսկ եթե բուհերը նախանձախնդիր են լեզվի նկատմամբ, կուզենան ավելի շատ դասաժամեր եւ նոր մոտեցումներ որդեգրել, թող այդ հնարավորությունից օգտվեն եւ սահմանեն իրենց ծանրաբեռնվածությունները։ Երբ չկա հայեցակարգ եւ կոնկրետ դասավանդման արդյունավետ մեթոդիկա, գուցե նախ նվազագույն շեմը սահմանենք՝ հաշվի առնելով մեր փորձը դասավանդումների հետ կապված»։