Հանրային հեռուստաընկերությունը չպետք է գնա մեծամասնության հետեւից

Հանրային հեռուստաընկերությունը չպետք է գնա մեծամասնության հետեւից

Հանրային հեռուստաընկերության շուրջ վերջերս ծավալված բանավեճն  ակնկալում է կոնկրետ պատասխան՝ ի՞նչ պետք է անի Հանրայինը տարիներ ի վեր իրենից օտարված հեռուստադիտողի համար հրապուրիչ դառնալու, հանրային շահերին ծառայելու, հանրությանը հուզող հարցերի պատասխանը տալու համար։ 
Հատկանշական է, որ շատ մտավորականներ խուսափում են Հանրային հեռուստաընկերության մասին կարծիք հայտնել կամ գնահատական տալ, քանի որ տարիներ շարունակ տարբեր պատճառներով կտրվել են հեռուստաեթերից։ 

Քաղաքական լարված իրավիճակներում մարդիկ տեսել են, թե ինչպես է տարիներ շարունակ  Հանրայինը դարձել պրոպագանդայի բութ գործիք, պիտակավորել եւ կեղծիք տարածել ընդդիմության, քաղաքացիական ակտիվիստների մասին, սպասարկել օրվա իշխանությունների շահերը։ Այս ամենն էլ քայլ առ քայլ հեռացրել-օտարել է հեռուստադիտողին ինչպես Հանրային, այնպես էլ այլ հեռուստաընկերություններից, որոնք անհաջող կերպով կրկնօրինակել են նրան։ 
Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը կարծում է, որ Հանրային հեռուստաընկերությունում բարեփոխումներ անելու համար առաջին չափանիշը պետք է լինի մասնագիտականը։ Հակառակ դեպքում մասնագիտական բացթողումները, ըստ նրա, փորձում են ծածկել քաղաքական կողմնորոշումներով։ 

«Ես ուզում եմ Հանրային հեռուստաընկերությունը տեսնել որպես ամենապրոֆեսիոնալ հեռուստաընկերություն, լրատվական տեսակետից անաչառ, առանց գնահատականների տրվող  տեղեկատվության աղբյուր։ Չպետք է ուղղորդել հեռուստադիտողին, նա շատ վատ է տրամադրվում, երբ փորձում են իրեն ուղղորդել։ Պարզ է, որ դժվար է բավարարել ողջ հանրության պահանջները, այդ տեսակետից միակ չափանիշը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը»,- կարծում է Ռուբեն Բաբայանը։

Ինչ վերաբերում է նրան, թե հեռուստաընկերությունում ով որ ռեժիմի ժամանակ է ծառայել, ապա Ռուբեն Բաբայանը կարծում է, որ այդ հարցում կարելի է այնքան խորանալ ու սուզվել, որ դուրս գալը կլինի դժվար։ 
Ռեժիսորը նկատում է, որ Հանրային հեռուստաընկերությանը պահանջներ ներկայացնելուց առաջ պետք է մեզ համար պարզենք, թե ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ։ Ես, անկեղծ ասած, անցած 30 տարվա ընթացքում չեմ ստացել այդ հարցի պատասխանը, տեսնում եմ, որ ինչպիսի պետություն ունենալու հարցը մղվում է երկրորդ պլան, առաջին պլան է դուրս գալիս համայնքային մոտեցումը։ Եվ այնպիսի տպավորություն է, որ պետություն կառուցելու փոխարեն զբաղված ենք համայնքի պահանջները բավարարելով։ 

Պարբերաբար դժգոհություններ են հնչում նաեւ մշակութային հաղորդումներից։
Ռուբեն Բաբայանը կարծում է, որ մեր իրական մշակույթը պետք է դարձնել ճանաչելի հանրության կողմից։
«Մենք ունենք լավ մշակույթ, բայց չունենք այն ճիշտ, հետաքրքիր  մատուցելու ձեւը։ Այն չպետք է դառնա զուտ ներքին շահերը սպասարկող ոլորտ, այլ դառնա կարեւորագույն կամուրջ։ Մենք ունենք խնդիր՝ հանրությանը կրթելու, ամեն վայրկյան չասելու, որ մեծամասնությունը միշտ ճիշտ է, մեծամասնության պահանջները ճիշտ են, որովհետեւ նա մեծամասնություն է։ Իսկ Հանրայինի խնդիրը պետք է լինի ոչ թե հոծ զանգվածի հետեւից գնալը, այլ որ այդ զանգվածը բարձրացնի որակը։ Կարծում եմ՝ հանրային քննարկման հետ մեկտեղ պետք է այդ հարցերը քննարկվեն մասնագիտական շրջանակներում։ Կա նաեւ համաշխարհային փորձ, որից պետք է սովորել»,- ասաց Ռուբեն Բաբայանը։