Հակոբ Ղազանչյանը նշում է ծննդյան 60- ամյակը (լուսանկարներ)

Հակոբ Ղազանչյանը նշում է ծննդյան 60- ամյակը (լուսանկարներ)

Երեկ իր ծննդյան 60-ամյակն էր նշում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ ներկա էին արվեստի, մշակույթի գործիչներ, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: 

«Տպավորություն է, թե մի ամբողջ հավերժություն մնաց հետեւում, դեռեւս չեմ կարողանում  համակերպվել 60 թվի հետ, ինձ թվում է, որ ոչ թե 60 տարեկան եմ, այլ ավելի երիտասարդ եմ: Միակ հուսադրող բանն այն է, որ ում հրավիրում էի իմ 60-ամյակին, չէր հավատում, որ 60 եմ,- իր խոհերով մեզ հետ կիսվեց Հակոբ Ղազանչյանը, որից հետո շարունակեց,- իհարկե, ինչ- որ եզրահանգումներ անում ես, մի քիչ ավելի ուշադիր ես լինում ինքդ քո հանդեպ, փորձում ես ավելորդ մարդկանց չթողնել քո կյանք, չհամակերպվել դավաճանության հետ։

Հիշում եմ, երբ ֆիլմ էի նկարում Արմեն Ջիգարխանյանի մասին մի տասնհինգ տարի առաջ, ասաց՝ ես արդեն սկսել եմ ամեն մեկին թույլ չտալ, որ մտնեն իմ կյանք, նաեւ նորմալ եմ վերաբերվում, որ ես չհայտնվեմ իրենց կյանքում: Նույնը հիմա նաեւ իմ պարագայում է: Բայց նաեւ ուզում եմ ասել, որ բացարձակ չեմ մտածում տարիքի մասին, ծրագրեր շատ կան։

Հենց հիմա աշխատում եմ պիեսի վրա, ինստիտուտում կուրս եմ հավաքում։ Այնպես որ՝ կյանքը շարունակվում է, թող առողջություն լինի, հարազատներս առողջ լինեն, հայրս առողջ լինի, մնացածը ինչ-որ ձեւով կհաղթահարենք»,-նշեց հոբելյարը։