Արտգործնախարարությունը մանրադիտակի տակ

Արտգործնախարարությունը մանրադիտակի  տակ

Մաս 3

Սկիզբը  նախորդ  համարում

ԱՇԻՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՈՉ ԿԱԴՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ

Հնարավոր է՝ այս ցանկում Արմեն Ղեւոնդյանի ներառումը տարակուսանք հարուցի, քանի որ նա ԱԳՆ է մտել համեմատաբար երիտասարդ՝ 30 տարեկանում։ Սակայն դա խաբուսիկ տպավորություն է, քանի որ նա միանգամից (հավանաբար՝ արտաքին մրցույթով) աշխատանքի է անցել որպես 1-ին քարտուղար, մի պաշտոն, որին հաջող դիվանագիտական ծառայության պարագայում կադրային դիվանագետը հասնում է 10 տարում։ Հաջորդ 10 տարում Ղեւոնդյանը սրընթաց վեր է բարձրացել՝ հաջորդաբար ստանալով խորհրդականի, դեսպանորդի եւ դեսպանի դիվանագիտական աստիճաններ։ Ի դեպ, Փաշինյանի իշխանության մեկ տարում ԱԳՆ նոր ղեկավարության կողմից անցկացված մի քանի արտաքին մրցույթների արդյունքում բազում նման հանճարներ են մուտք գործել ԱԳՆ՝ վազանցելով կցորդի ամենաստորին դիվանագիտական աստիճանից իրենց կարիերան սկսած անճարներին։   
 

Աղյուսակ 4

  

Գեղամ Ղարիբջանյանը խորհրդային տարիներից ներգրավված է եղել արտաքին գործերին մերձ պետական համակարգում․ նա ավելի քանի 15 տարի աշխատել է  սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում, երկարատեւ գործուղման եղել Իրանում։ Իսկ, ահա, 1999-ին նախկին պատգամավորը միանգամից նշանակվել է Իրանում դեսպան, ստացել արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան։ Այսինքն՝ այժմ արդեն կենսաթոշակառու Ղարիբջանյանը, ըստ սահմանման, ԱԳՆ համակարգում աշխատելիս ձեռք չի բերել բազմաոլորտ եւ բազմաբնույթ մասնագիտական փորձառություն, չի ունեցել աստիճանական կադրային աճ տարբեր պատասխանատու պաշտոններում։

Տեղին է ասել, որ խորհրդային շրջանի ԱԳՆ-ամերձ կառույցներից են նորանկախ Հայաստանի արտգործնախարարությունում աշխատանքի անցել նաեւ Վ․ Կարմիրշալյանը եւ Ջ․ Մովսիսյանը (խոսքը, իհարկե, միայն գործող պաշտոնյաների մասին է, քանի որ նախկինում դրանք շատ ավելին էին)։

Ուշադիր ընթերցողը պետք է նկատած լինի փաշինյանական շրջանի նշանակումներում արեւելագետների զգալի ներկայությունը: Սակայն դա հին «հիվանդություն» է։ Բոլոր ցուցակներում ընդգրկված 55 դիվանագետից 16-ն ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը, որոնցից 3 ԱԳՆ ղեկավար կազմում են, 13-ը՝ դեսպանների։ Արեւելագետների հոսքն ԱԳՆ սկսվել է նրա սաղմնավորման օրից՝ արեւելագետ նախագահ Լ․ Տեր-Պետրոսյանի (1991-98թթ․) եւ արեւելագետ ԱԳ նախարար Վ․ Փափազյանի (1993-96թթ․) ձեռամբ։ Արեւելագետների դիրքերը չսասանվեցին ճարտարագետ Ռ․ Քոչարյանի եւ բանասեր Ս․ Սարգսյանի օրոք, իսկ թավշյա հեղափոխության առաջնորդ լրագրող Ն․ Փաշինյանի օրոք արեւելագետները կաստայացան։    

Ս ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԿԱԴՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ

 

Աղյուսակ 5-ի ցուցակի վերին հինգ տողը զբաղեցնողների օրինակով ի ցույց կդնենք այն արտառոց երեւույթը, որ գալիս է Ռ Քոչարյանի (ԱԳ նախարար՝ Վարդան Օսկանյան) եւ Ս Սարգսյանի (ԱԳ նախարար՝ Էդվարդ Նալբանդյան) իշխանության շրջանից եւ լուռ շարունակվում հեղափոխության պսեւդոփոխված իրավիճակում։ Խոսքն արտասահմանում մոռացված մեր դեսպանների մասին է։

15 տարի անընդմեջ օտարության մեջ է Թաթուլ Մարգարյանը։ Նա 9 երկարուձիգ տարի ԱՄՆ-ում դեսպանի լուծը քաշելուց հետո (2005-14թթ), արդեն 5 տարի Բելգիայում է դեսպան աշխատում։ Կարծիք կա, որ դեսպանի պաշտոնից զրկվելու դեպքում, եթե, իհարկե, նախարարի պաշտոնին չնշանակվի, Մարգարյանը հեշտությամբ կտեղավորվի միջազգային որեւէ կազմակերպության եվրոպական կենտրոնակայանում՝ իր այսօրվա աշխատավարձը քառապատիկ գերազանցող ամսավճարով։

14 տարի շարունակական արտասահմանյան ծառայության մեջ է Արա Այվազյանը 6 տարի (2006-11թթ) Դանիայում աշխատելուց հետո էլի 6 տարի գործել է Լիտվայում (2011-16թթ), իսկ վերջին ավելի քան 2 տարին հեռավոր Մեքսիկայում է իր երկիրը ներկայացնում։ Ավելին, Այվազյանը 2006-ին մի քանի ամիս է Հայաստանում հանգիստ շունչ քաշել՝ ԱԳ նախարարի խորհրդականի փափուկ աթոռին, իսկ դրանից առաջ գրեթե 7 տարի (1999-2006թթ) անդադրում եղել է դեսպան Արգենտինայում։

50-ամյա այս անփոխարինելի դիվանագետը գերազանցել է բոլորին դիվանագիտական ծառայության եւ արտասահմանյան գործուղման տարիների հարաբերակցությամբ՝ 24 տարուց 21-ը նա անցկացրել է դրսում։ Վստահ ենք՝ հեղափոխությունը հավուր պատշաճի կգնահատի հիրավի անփոխարինելի այս դեսպանի վաստակը։ Ի դեպ, եթե Մարգարյանի դեպքում հայտնի է, որ նա պետական համակարգ է եկել հեռավոր 1990-ին՝ որպես ԳԽ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի օգնական, ապա առաջին տակավին երիտասարդ դիվանագետների թվում գործուղվել ԱՄՆ՝ սովորելու եւ աշխատելու, ապա Այվազյանը կատարյալ «սեւ արկղ» է։ Միակ ենթադրությունը Դաշնակցության ծպտյալ հովանավորությունն է, ինչը հիմնավորող հրապարակման արժանի փաստեր չունենք։

Կենսաթոշակառու Ջիվան Մովսիսյանի բախտը բերել է, ծառայության նավը նրան չի նետել Ամերիկայի կամ Հյուսիսային Եվրոպայի ափեր, նա 7 տարի անընդմեջ եղել է Ուկրաինայում փոխդեսպան, իսկ արդեն 4 տարի դեսպան է մոտակա տարածքում՝ Մոլդովայում։

10 տարի անընդմեջ օտար-ամայի ափերում է Ֆադեյ Չարչօղլյանը։ Նրան էլ, իր տարաբախտ գործընկերների պես, Հայաստանում ծառայելու մեծ հնարավորություն չի տրվել։ Ս Սարգսյանի նախագահական աշխատակազմից Չարչօղլյանը 2010-ին մեկնել է Քուվեյթ, իսկ 6 տարի անց, առանց դադար առնելու, նշանակվել դեսպան Հունաստանում։ Եվ այդպես՝ մինչ օրս։ Չարչօղլյանի դեպքում գաղտնիք չկա նա Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ, անկախության շրջանում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի թոռն է, իսկ Ֆադեյ Տաճատովիչի հանդեպ առանձնահատուկ եւ խանդաղատալից սեր են տածել հանրապետության բոլոր նախագահները պրն Չարչօղլյանն ԱԳՆ աշխատանքի է ընդունվել Լ Տեր-Պետրոսյանի օրոք եւ հաստատուն քայլերով վեր բարձրացել Ռ Քոչարյանի եւ Ս Սարգսյանի իշխանության տարիներին։ Ի դեպ, դատելով հանրահայտ պապի հանդեպ գործող նախագահ Արմեն Սարգսյանի չմարող հարգանքից՝ կարելի է կանխատեսել, որ կրտսեր Ֆադեյին սպասվում է անամպ երկինք։

9 տարվա չընդհատվող ճանապարհ է անցել դրսում տիկին Աղաջանյանը։ Նա 2011-ից նախ Նիդերլանդների Թագավորությունում էր (2011-18թթ), ապա՝ հեղափոխությունից բառացիորեն մի քանի շաբաթ առաջ, գործուղվեց չափազանց հեռավոր Ինդոնեզիա, եւ քանի դեռ ավելի կարեւոր ռոտացիաները չեն ավարտվել, կշարունակի մնալ այնտեղ։

Դիվանագետների մեջ միակ գյուղմեխանիկը՝ Սերգեյ Մանասարյանը, նույնպես կարող էր համարվել ոչ կադրային, քանի որ կառավարությունից դիվանագիտական աշխատանքի է եկել միանգամից որպես փոխարտգործնախարար։ Սակայն մեզ այդ մտքից հետ պահեց այն հանգամանքը, որ նա ԱԳՆ գոյության 28 տարիներից 23-ն աշխատել է համակարգում։ Արտասահմանյան իր 11-ամյա անընդմեջ գործուղումը նա անցկացրել է ու ավարտել 10 տարի առաջ՝ սկզբում Եգիպտոսում (1999-2005թթ), ապա՝ Բուլղարիայում (2005-10թթ), իսկ վերջին ավելի քան 3 տարին (2016-ից մինչ օրս) ՀՀ դեսպանն է Չինաստանում։

3 դեսպաններ համաչափորեն զուգորդել են արտասահմանում եւ Երեւանում անցկացրած ծառայությունները՝ նախապատվությունը տալով հայրենի ԱԳՆ-ում ծառայությանը Պ Հովհաննիսյանը (Եվրոպայի խորհուրդ) դիվանագիտական ծառայության 23 տարիներից 11-ն է անցկացրել արտասահմանում, Գ Հովհաննիսյանը (ՆԱՏՕ)՝ 22-ից 10, Հ Տոլմաջյանը (Ֆրանսիա)՝ ավելի քիչ՝ 24-ից 9-ը։ Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրն արտասահմանում անընդմեջ 5 տարուց ավելի չի անցկացրել։

Բանիմաց մի ընկերոջից փորձեցինք տեղեկանալ՝ ի՞նչը կարող է լինել ԱԱյվազյանի, Թ Մարգարյանի, Ա Կիրակոսյանի, Ֆ Չարչօղլյանի, հաջորդիվ ցուցակից՝ Աշոտ Գալոյանի (Բրազիլիա), Արմեն Սուրենի Սարգսյանի (Բուլղարիա) եւ էլի շատերի երկարաժամկետ «աքսորի» խորքային պատճառը։ Նա ասաց՝ կես տարի անց սրանց բոլորին սպասվում է ռոտացիայի երկրորդ, առաջինից ոչ պակաս հզոր ալիքը։ Եվ խորհուրդ տվեց ուսումնասիրել, թե երբ են նրանց երեխաներն ավարտելու իրենց ուսումն արտասահմանում, քանի որ շատ դեպքերում պատճառը հենց դա է։ Իհարկե, ոչ մի ցանկություն չունեցանք մտնելու դիվանագետների ընտանեկան կյանքի թավուտները, քանզի գլխավոր հայտնությունը կատարել էինք՝ դիվանագետների երեխաները միջնակարգ եւ բարձրագույն կրթությունը մեծամասամբ ստանում են իրենց ծնողների հավատարմագրման երկրների ուսումնական հաստատություններում եւ հիմնականում՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին։

Սակայն զրուցակիցս մի խնդիր դրեց իմ առջեւ՝ մեկ տարի անց պարզել, թե երկարաժամկետ «աքսորից» Երեւան հետկանչից հետո նրանցից քանիսը կմնան դիվանագիտական ծառայության մեջ։ Նկատենք, որ նրանք ուժերի ծաղկման շրջանում են, 5-ը 45-50 տարեկան է, 4-ը՝ 51-60, եւ միայն 1-ն է թոշակային տարիքի։ Միակողմանիության մեջ չմեղադրվելու ձգտումը մեզ բերեց մեկ այլ փորձագետի մոտ՝ ստանալու նույն հարցի պատասխանը։ Նրա պարզաբանումը շատ ավելի պրոզայիկ էր՝ սույն էլիտար դեսպանները հենց ԱԳՆ ղեկավարության կողմից հետ չեն կանչվում Երեւան, քանի որ նվազագույնը, որին այս «սուպերպրոֆեսիոնալները» կարող են համաձայնել (այն էլ՝ մեծ դժկամությամբ), փոխարտգործնախարարի պաշտոնն է։ Իսկ փոխնախարարի ազատ տեղ չկա։ Հայ դիվանագիտության Օլիմպոսից իջած այս աստվածներին վայել չէ ԱԳՆ վարչության պետի կամ բաժնի վարիչի ռամկական պաշտոնը, ուստի նրանք ճարահատյալ իրենց օրերը մաշում են եվրոպաներում ու ամերիկաներում։

ՀԳ Հեղինակը ներողամտություն է հայցում հնարավոր փաստական վրիպակների համար, քանի որ, չնայած ԱԳՆ լրատվական ծառայության ուռճացած կազմին, այն չի հետեւում եւ օժանդակում, որպեսզի բոլոր դեսպանությունների կայքէջերը լինեն հասանելի, ամբողջական, եւ տեղեկատվությունը կանոնավորապես թարմացվի։ 

Շարունակելի