Ի՞նչ նոր բան կա Հանրային ռադիոյում

Ի՞նչ նոր բան կա Հանրային ռադիոյում

Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում մոտ երկու ամիս առաջ ընտրված Գարեգին Խումարյանը ժամանակ առաջ խոսել էր կադրային վերադասավորումների մասին։ «Հրապարակը» նրանից հետաքրքրվեց՝ անցած ժամկետում ի՞նչ փոփոխություններ են եղել։ Ըստ նրա՝ կադրային վերադասավորումները վերաբերել են հիմնականում Ռադիոյի հաստիքացուցակի բուրգի վերին հատվածին՝ տնօրինությանը, եւ անմիջականորեն տնօրինության ենթակայությամբ գործող օղակներին: Մասնավորապես՝ ընկերությունն այլեւս չունի ստեղծագործական գծով փոխտնօրեն, երաժշտական խմբերի կառավարման բաժնի պետ, էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական մասի ղեկավար, հանրային կապերի, մարքեթինգի եւ մեդիափլանինգի պատասխանատուներ, դիզայներ։ 

«Ուզում եմ հատուկ շեշտել, որ խոսքը, հիմնականում, արդեն թափուր հաստիքների կրճատման մասին է, գործընթացը չի ենթադրել ազատումներ»,- ասաց Գարեգին Խումարյանը։ Փոխարենն ավելացել է տեխնիկական գծով փոխտնօրենի հաստիքը, որի պատասխանատվության տակ են ձեռնարկության տեխնիկական եւ ինովացիոն ռազմավարության մշակումն ու իրացումը: Գարեգին Խումարյանն ասում է, որ վերադասավորումների արդյունքում տարվա կտրվածքով տնտեսվել է շուրջ 18 մլն դրամ։ «Որը, ի թիվս այլ տնտեսումների, ներկայումս ուղղվում է անարդարացիորեն ցածր վարձատրվող մեր գործընկերների մի մասի աշխատավարձերի բարձրացմանը: Հիմնականում խոսքն արտասահմանի եւ ազգային փոքրամասնությունների համար արտադրվող հաղորդումների եւ մանկական հաղորդումների խմբագրությունների մասին է»,- հավելեց Հանրային ռադիոյի տնօրենը։ Նա կարծում է՝ հունիսի աշխատավարձն արդեն փոփոխված  կստանան: 

Գարեգին Խումարյանին հարցրինք նաեւ՝ ծրագրերի հետ կապված ի՞նչ փոփոխություններ են եղել այս ընթացքում։ Ըստ այդմ՝ ներկայումս Հանրային ռադիոն եթերում ներկայացված է ընդամենը մեկ ալիքով, մինչդեռ առկա ներուժով հնարավոր է անել ավելին: Հուլիս-օգոստոս ամիսներից կգործարկվեն Հանրայինի նոր ալիքներ: Այսինքն՝ նոր եթերաշրջան են մտնելու ոչ թե պարզապես թարմացված հաղորդումներով, այլ ամբողջական նոր ռադիոկայաններով: Դրանք են․ Առաջին ալիք՝ 

1․ հասարակական-քաղաքական

2․ մշակութային

3․ երիտասարդական 

4․ Ռադիոյի ոսկե ֆոնդ (արխիվի բազայի վրա)

5․ Ժողովրդական ռադիո՝ հայկական եւ մեր երկրի ազգային փոքրամասնությունների ազգագրական երաժշտությունն ու մշակույթը՝ գումարած հաղորդումներ փոքրամասնությունների լեզուներով

6․ մանկական ծրագրերի փոփոխություններ։ 

Այս նոր 5 ալիքներից չորսը, ամենայն հավանականությամբ, կհասցնեն գործարկվել մինչեւ տարեվերջ: Գարեգին Խումարյանն ասում է, որ ամենաբարդը մանկականն է, որը գերբծախնդիր մոտեցում է պահանջում: Ուստի գերադասում են չշտապել: Նոր եթերաշրջանում Հանրային ռադիոն (արդեն՝ ռադիոները) կարելի կլինի նաեւ դիտել․ Փոքր-ինչ ուշացած՝ ընկերությունը սկսել է վիզուալացման գործընթացը: Գարեգին Խումարյանն ասաց նաեւ, որ կառավարչական հիմնական մարտահրավերը բրգաձեւ ուղղահայաց համակարգի փոխարինումն է առավել հորիզոնական հարաբերություններով: Լիազորությունների ապակենտրոնացման շրջանակներում ներդրվել են խմբագրական կոլեգիա, երաժշտական-գեղարվեստական խորհուրդ, լեզվի ներքին տեսչություն ինստիտուտները։ Որպես ամփոփում՝ Խումարյանն ասում է․ «Այս ինստիտուտների գործարկման արդյունքները, կարծում եմ, լսելի են անզեն ականջով»։